

ԷկոԼուր
Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, (Ծրագրի շահառուներն են 282 չգազաֆիկացված համայնքների 38,242 ընտանիքներ) որի շրջանակներում 2019թ. մայիսի 31-ին դրությամբ տեղադրվել են թվով 2685 արևային ջրատաքացուցիչ և 101 արևային ֆոտովոլտային համակարգեր:
Միջին հաշվարկով մեկ արևային մարտկոցի տեղադրումը 4-5 հոգուց բաղկացած ընտանիքի համար կարժենա շուրջ 5 հազար դոլար՝ գումարած ինվենտորների փոխման կամ վերանորոգման համար 7 տարին մեկ պահանջվող 400 դոլար:
Ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման, արևային վահանակների տեղադրման նպատակով Հայաստանում ներդրումներ են կատարում միջազգային ֆինանսական զարգացման ինստիտուտները առևտրային բանկերի միջոցով: Իրենց հերթին առևտրային բանկերը վարկեր են տրամադրում հետևյալ տոկոսադրույքներով՝ 10.45% - 16.17%՝ «Ինեկոբանկ», 12,15%՝ «էվոկաբանկ», մինչև 13%` «Յունիբանկ», 10.76-10.96%` «Ակբակրեդիտագրիկոլ բանկ», փոքր կամ հավասար 12.02%՝ «Կոնվերսիբանկ»: Տոկոսադրույքը կապված է վարկի ժամկետից և հաճախորդի վարկանշից)՝ «Արդշինբանկ» և այլն։
Միջին ընտանիքի բնակարանի ջեռուցման և տաք ջրով ապահովման համար այդ ընտանիքը 7 տարում պետք է ծախսի մոտ 6,0 հազար դոլարին համարժեք գումար (համակարգի տեղադրում և դրա ընթացիկ վերանորոգում, վարկի տոկոսադրույք): 8-րդ տարում նոր ծախսերը հետ կգնվեն, և նա դրանից հետո այլևս չի վճարի օգտագործվող արևային էներգիայի համար։
Արեգակնային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծախսերը մի քանի տարի առաջ 1 կՎտ-ի համար բավականին թանկ էին և կախված էներգիայի ստացման տեխնոլոգիաներից՝ տատանվում էին 2500-5200 դոլարի սահմաններում, իսկ կենտրոնացված արևային ջերմային կայանների համար ծախսերը՝ 1 կՎտ-ի համար 4000-6000 դոլարի սահմաններում: Իհարկե, Հայաստանում բնակիչների մեծամասնությունը պատրաստ չէ նման գին վճարել և օգտվել նման թանկ ռեսուրսից: Այժմ այդ գները համեմատաբար իջել են, բայց դեռ մնում են անհասանելի հիմնական բնակչության համար։
ՀՀ կառավարությունը որդեգրել է արևային էներգետիկայի ոլորտի զարգացման քաղաքականություն: «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.)» նախագծի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է աստիճանականորեն ընդլայնել արևային ծրագրերի իրականացումը՝ խրախուսելով, որ յուրաքանչյուր շինություն ունենա ջեռուցման և տաք ջրի արտադրության իր անհատական համակարգը՝ հիմնված վերականգնվող էներգետիկ ռեսուրսների վրա:
Նշենք, որ վերականգնվող արևային էներգետիկայի զարգացումը խրախուսվում է ամբողջ աշխարհում և, որպես գլխավոր փաստարկ, նշվում է դրանց արտադրող կայանների էկոլոգիական անվտանգությունը և Երկիր մոլորակի գլոբալ տաքացման կանխարգելիչ գործոններից մեկը: Միջինում յուրաքանչյուր դրվածքային 1կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանը կարող է նպաստել տարեկան մինչև 3200 կգ CO2 գազերի արտանետման կրճատմանը:
Սահմանափակ հնարավորությամբ ՀՀ միջին քաղաքացու ընտանիքը, ո՞ր ուղին կընտրի՝ շարունակել ավանդական էներգիայի օգտագործումն իր կոմունալ կարիքները հոգալու համար, թե իր սուղ ֆինանսական միջոցներն ուղղել մեր մոլորակի գլոբալ տաքացման կանխարգելմանը...։
Ապրիլ 16, 2020 at 16:52