Փարիզյան համաձայնագրի ներքո «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» փաստաթղթի վերանայման գլոբալ և ազգային հիմքերը

Փարիզյան համաձայնագրի ներքո «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» փաստաթղթի վերանայման գլոբալ և ազգային հիմքերը

2021թ. փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030թթ. «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը: Քննարկման ընթացքում կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց «ԵՄ-ն կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի hայաստանյան բաղադրիչի ղեկավար Արտակ Բաղդասարյանը:

Արտակ Բաղդասարյանը մասնավորապես հիշատակեց, որ գլոբալ գործընթացը մեկնարկել է դեռևս 2013թ-ին, երբ Վարշավայում կայացած համաժողովի ընթացքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ) կողմ հանդիսացող բոլոր երկրներին կոչ արվեց մշակել իրենց Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները (ԱՍՆԳ) Փարիզի համաձայնագրին ընդառաջ: Հայաստանի կառավարությունն իր ԱՍՆԳ-ն ընդունեց և ներկայացրեց 2015թ. սեպտեմբերին: 2015թ. դեկտեմբերին Փարիզում ընդունվեց կլիմայի փոփոխության համաձայնագիրը (ՓՀ), որը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2017թ. փետրվարին: 

2016-ի նոյեմբերին ՓՀ-ի ուժի մեջ մտնելուց հետո, երկրների կողմից նախապես ներկայացված ԱՍՆԳ դիտարկվեցին որպես երկրների առաջին Ազգային մակարդակով սահմանված գործողություններ (ԱՍԳ): Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված գլոբալ գույքագրման արդյունքում երկրների կողմից արձանագրվեց ՓՀ-ի ներքո համատեղ ուժերով հավակնությունների մեծացման և 2020 թ-ին նախորդող ժամանակահատվածում այդ հավակնությունների բացը լրացնելու անհրաժեշտությունը: 2019 թ-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի Կլիմայի գործողությունների գագաթնաժողովում շատ պետությունների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ հայտարարեցին իրենց 2015 թ-ի ԱՍԳ-երը 2020թ-ին վերանայելու կամ կատարելագործելու մտադրության մասին: 

ՀՀ կառավարության հաստատած ԱՍՆԳ հիմքում դրված սկզբունքների համաձայն՝ երկրի գործողությունները պետք է հիմնված լինեին «Կանաչ էկոնոմիկայի» սկզբունքների վրա ու համատեղելի լինեն Հայաստանի Հանրապետության սոցիալական ու տնտեսական զարգացման նպատակներին:

Մեղմման և հարմարվողականության գործողություններում պետք է հաշվի առնվի էկոհամակարգային մոտեցումը՝ նախապատվությունը տալով դրանց միջև հավասարակշռված և միատեղված գործողություններին: Միջոցառումների արդյունքների գնահատումը պետք է լինի թափանցիկ, միջազգային պահանջներին համապատասխանող հաշվետվողականության բաց և մատչելի տեղեկատվական համակարգով:

Այն ժամանակ, երբ երկրները պատրաստում և առաջին անգամ ներկայացնում էին իրենց ԱՍՆԳ-երը, դեռևս չկային ՄԱԿ ԿՓՇԿ-ի կողմից համաձայնեցված ուղեցույցները ԱՍԳ բովանդակության և առանձնահատկությունների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր 2015-ի ԱՍՆԳ-ի համեմատ հստակության, թափանցիկության և ընկալելիության (ICTU) մեծացման անհրաժեշտությամբ, հավակնությունների մեծացման վերաբերյալ քաղաքական հռչակումներով և Կատովիցեում ընդունված ԱՍԳ ուղեցույցներին հետևելու պատրաստակամությամբ: 

Բանախոսն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021 թվականն է։

 Հայաստանի համար 2015-ի ԱՍՆԳ վերանայման կարևորությունը հետևյալի մեջ է. 

  • համապատասխանեցնել Կատովիցեում ընդունված ուղեցույցներին և 2021-2030թթ. ժամանակային հորիզոնին
  • սահմանել 2021-2030թթ. համար իրագործելի միջնաժամկետ նպատակներ 
  • թարմացնել ԱՍՆԳ-2015-ում ներառված տեղեկատվությունը և տվյալների հենքը՝ մասնավորապես, երկրի 4-րդ հաղորդագրության, երկամյա առաջընթացի 2-րդ հաշվետվության, վերջին հասանելի ջերմոցային գազերի ազգային գույքագրման արդյունքների ու ոլորտային նոր ռազմավարությունների ներկայացման առումով:

Միաժամանակ, Հայաստանի ԱՍՆԳ-2015-ը պարունակում է միջազգային հանրության համար մի շարք խնդրահարույց կետեր՝ մասնավորապես, ջերմոցային գազերի արտանետման կրճատման թիրախային ցուցանիշի հաշվարկման և սահմանման մասով: 

Հայաստանի առաջին ԱՍԳ թիրախը կառուցված է ածխածնային բյուջեի գաղափարի հիմքի վրա: Ենթադրվել է, որ Հայաստանին պատկանում է 2015-ի գնահատված ածխածնի համաշխարհային բյուջեի մի մասնաբաժինը, որի չափը հաշվարկվել է բնակչության 1990 թ-ի տվյալների հիման վրա: Բնակչությունը (գլոբալ և Հայաստանի) դիտվել է որպես կայուն մեծություն՝ մինչև 2050-ը: Հայաստանի մասնաբաժինը հաշվարկելու համար 2015-ի ածխածնի բյուջեն գլոբալ բնակչությանն է բաշխվել սկսած 1990-ից (5,3 միլիարդ մարդ): 1000 Գտ CO2 համ. (IPCC 2015 գլոբալ ածխածնի բյուջեի նախահաշիվ) 5,3 միլիարդ շնչի (1990-ի տվյալներով բնակչության գլոբալ թվաքանակը) բաժանելու արդյունքում մեկ շնչին բաժին ընկնող ածխածնի թույլատրելի սահմանաչափը կազմել է 189 տոննա CO2համ.: Այնուհետ հաշվարկվել է Հայաստանի մասնաբաժինը՝ 633 միլիոն տոննա CO2 համարժեքի՝ հիմնվելով 1990-ի բնակչության թվի վրա (1990-ին Հայաստանի բնակչությունը կազմել է 3,35 միլիոն): Մինչդեռ 2015-ին աշխարհի բնակչությունն արդեն կազմում էր 7,3 միլիարդ, իսկ Հայաստանինը՝ 3,011 միլիոն:

Սա մեկնաբանվել է որպես նշված եղանակով հաշվարկված քանակը 2015-ից մինչև 2050-ը ընկած ժամանակահատվածում արտանետելու Հայաստանի իրավունք։ Արդյունքում, Հայաստանը հայտարարել է 2015-ից 2050-ը ընկած ժամանակահատվածում իր՝ տարեկան մեկ շնչի հաշվով 5,4 տոննա CO2 արտանետելու իրավունքը (մինչև 2050-ը մեկ շնչի հաշվով արտանետումների սահմանաչափ): Որպես պայմանական թիրախ, միջազգային օժանդակության պարագայում, Հայաստանը հայտարարել է 2050-ին շատ ավելի ցածր արտանետումներին հասնելու մտադրության մասին, այն է՝ մեկ շնչի հաշվով 2.07 տոննա: 

Բացի բնակչության թվաքանակի հետ կապված խնդրից, առկա է նաև ածխածնի բյուջե հասկացության մեկնաբանման հարցադրումը: Ածխածնի բյուջեի հաշվարկները օգտագործվում են՝ հաշվարկելու մինչև այն ժամանակային կետն ընկած ժամանակահատվածը, որից հետո տեղի չի ունենա գլոբալ միջին ջերմաստիճանի որոշակի մակարդակներին վերադարձ: Այն պարզեցված գործիք է, որը թույլ է տալիս չափել մթնոլորտային լրացուցիչ արտանետումների մակարդակը, որոնց պայմաններում հնարավոր կլինի ողջամիտ (66%) հավանականությամբ պահպանել սահմանված շեմից ցածր (1.5˚C կամ մեկ այլ ջերմաստիճանային սահմանաչափից ցածր՝ օրինակ, 2˚C-ից ցածր) մակարդակը։ Ածխածնի բյուջեի մեկնաբանումը որպես այնպիսի քանակություն, որը կարող է արտանետվել ապագայում (այս պարագայում՝ 2050թ) մարդկության կողմից, համահունչ չէ IPCC-ի մեկնաբանմանը:

Միաժամանակ, հստակ և միջազգայնորեն ընդունելի մեթոդաբանություն էր պահանջվում նաև Հայաստանի CO2 արտանետումների՝ մեկ շնչի հաշվով 2.07 տոննա մեծության դուրս բերման համար: Իսկ ներկա պահանջներին բավարարելու համար անհրաժեշտ էին նաև 2.07 տոննա թիրախի միջանկյալ (օրինակ` 2020-ի, 2030-ի, 2040-ի թիրախների) ուղենիշները:

Ամփոփելով ներկայացումը՝ Ա. Բաղդասարյանը ընդգծեց Հայաստանի վերանայված ԱՍԳ-2020-ի փոփոխությունները.

  • Կրճատել ԱՍԳ 35-ամյա ժամանակահատվածը մինչև 10 տարի՝ 2015-2050թթ.՝ փոխարեն դիտարկելով 2021-2030թթ.:
  • Դիտարկել արտանետումների նվազեցման բացարձակ՝ 2030թ. թիրախի օգտագործումը 1990-ի ելակետով: 
  • Կիրառել թափանցիկության ապահովման լրացուցիչ հաշվառելի ցուցանիշներ, ինչպիսիք են ՀՆԱ-ի էներգատարությունը կամ ջերմոցային գազերի արտանետումները ՀՆԱ-ի մեկ միավորի համար:
  • Ապահովել հղումներ ոլորտային ռազմավարություններին և ծրագրերին: 
  • Նախատեսել ԱՍԳ իրականացման պլան, որը կհստակեցնի ԱՍԿ իրագործման համար անհրաժեշտ պատասխանուտերին, ֆինանսական ռեսուրսները և ինստիտուցիոնալ կարողությունները:

Ինչ վերաբերում է Հայաստանի վերանայված ԱՍԳ-2020-ում մեղմման գործողություններում ընդգրկված և հարմարվողականության համար առաջնահերթ ոլորտների նախանշմանը, պահպանվել է 2015թ-ի ԱՍՆԳ  ոլորտային ծածկույթը: Մասնավորապես, մեղմման գործողությունների ոլորտներն են՝ Էներգետիկա (ներառյալ էներգիայի արտադրություն և սպառում), Արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում (հանքային արդյունաբերություն և F-գազեր), Գյուղատնտեսություն (աղիքային խմորում, ուղղակի և անուղղակի N2O արտանետումներ կառավարվող հողերից), Թափոններ (կոշտ թափոնների կառավարում, կեղտաջրեր), Անտառային տնտեսություն (անտառապատում, անտառների պահպանություն) և այլ հողօգտագործում: Հարմարվողականության գործողությունների համար առաջնահերթ ոլորտներ են սահմանվել Բնական էկոհամակարգերը (ջրային և ցամաքային, ներառյալ անտառային էկոհամակարգեր, կենսաբազմազանություն և հողածածկույթ), Մարդու առողջություն, Ջրային ռեսուրսների կառավարումը, Գյուղատնտեսությունը, ներառյալ ձկնաբուծությունը և անտառային տնտեսությունը, Էներգետիկան, Բնակավայրերը և ենթակառուցվածքները, Զբոսաշրջությունը:

Փետրվար 24, 2021 at 18:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր