Արևային էներգետիկայի ոլորտը ընդլայնվելու է, հիդրոէներգետիկայի ոլորտը՝ կրճատվելու

Արևային էներգետիկայի ոլորտը ընդլայնվելու է, հիդրոէներգետիկայի ոլորտը՝ կրճատվելու

Հայաստանի կառավարությունը մտադիր է 2030 թ-ին արևային էներգիայի արտադրության բաժինը հասցնել 15 տոկոսի, իսկ հիդրոէներգիայի բաժինը կրճատել 2.6 տոկոսով: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության 2022-2030 թթ. ազգային ծրագիր»-ը, որով սահմանվում են այդ բնագավառների առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները: 

Ծրագրով նախատեսվում է էականորեն ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրների, մասնավորապես` արևային էներգիայի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչն, ըստ նախագծի, կբարձրացնի Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը, էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը:

«Հայաստանը զգալի կախվածության մեջ է ներկրվող հանածո վառելիքից և վերջին տասնամյակում այդ կախվածությունն ավելացել է: Ներմուծվող հանածո վառելիքից կախվածության նվազեցումը գերակա խնդիր է Հայաստանի համար, որին հասնելու հիմնական ճանապարհը վերականգնվող էներգետիկայի առաջընթաց զարգացումն է», - նշված է փաստաթղթում: 

Կառավարությունն առաջնահերթությունը տալիս է արևային էներգետիկայի զարգացմանը: Ակնկալվում է 2030 թ-ին արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի։ Նախատեսվում է իրականացնել խոշոր արևային ֆոտովոլտային կայանների կառուցապատման միջազգային մրցույթներ՝ 120 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային 5 կայանների համար: Ծրագրային ժամանակահատվածում նախատեսվում է գործարկել 300 Մվտ հզորությամբ էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգեր։ Նշվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում հաջողությամբ իրականացվել է երկու խոշոր արևային կայանների միջազգային մրցույթներ՝ 255 ՄՎտ դրվածքային հզորությամբ:

Ըստ ծրագրի՝ ներքին պահանջարկի բավարարման նպատակով բնական գազի ամբողջական փոխարինումը արևային էներգիայով կպահանջի վերականգնվող էներգիայով աշխատող 700 ՄՎտ հզորության կայանների կառուցում, հաշվի առնելով, որ 2021թ-ի առաջին կիսամյակում արդեն իսկ շահագործվում են շուրջ 150 ՄՎտ հզորությամբ կայաններ: Այս հզորությունների մեջ հիդրոէներգետիկան նախատեսված չէ:

«Առաջիկա տարիներին հիդրոէներգետիկ հզորություններում էական փոփոխություններ չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակությունն ու շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը,  էներգիայի վերջնական սպառման կառուցվածքում հիդրոէներգիայի մասնաբաժինը 2030 թ-ին կազմելու է 3.6 տոկոս՝ 2019 թ-ի համեմատ կրճատվելով 2.6 տոկոսային կետով, որը «փոխհատուցվելու» է վերականգնվող էներգիայի այլ արդիական աղբյուրների մասնաբաժինների ավելացման հաշվին», - նշված է փաստաթղթում:

Միջուկային էներգետիկայի վերաբերյալ նշված է, որ այն կազմում է առաջնային էներգիայի մատակարարման շուրջ 18 տոկոսը և չի փոխարինվելու: «Չնայած միջուկային էներգիան չի համարվում վերականգնվող էներգակիր, այնուհանդերձ, ինչպես գործող ատոմակայանի էլեկտրաէներգիայի արտադրության տնտեսական շահավետության, այնպես էլ ջերմոցային գազերի կրճատման առումով միջուկային էներգիայի փոխարինումը վերականգնվող էներգետիկայով, առաջիկա 10-15 տարիներին, կախված գործող ատոմակայանի շահագործման ժամկետների երկարաձգման տեխնիկական հնարավորությունից և ֆինանսավորման պայմաններից, չի կարող դիտարկվել որպես այլընտրանք», - նշված է փաստաթղթում:

2030 թ-ին վերջնական էներգիայի սպառումն ըստ ոլորտների կանխատեսվում է. արդյունաբերություն՝ 443, տրանսպորտ՝ 1305, տնային տնտեսություններ՝ 1,260, ծառայություններ՝ 523, գյուղատնտեսություն՝ 189, ոչ էներգետիկ սպառում՝ 114 կիլոտոննա նավթային համարժեք:

Ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության և կլիմայի փոփոխության ուղղություններով միջազգային տարբեր համաձայնագրերի և փաստաթղթերի շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունները։

Կանխատեսվում է, որ 2030 թ-ին էներգետիկայի ոլորտում ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները 1990 թ․ մակարդակի համեմատ կնվազեն շուրջ 50 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ցածր ածխածնային էներգիայի մասնաբաժինը ունենալու է նվազման միտում՝ 2030 թ-ին 51 տոկոս՝ 2019 թ-ի 60 տոկոսի համեմատ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ արտահանվող էլեկտրաէներգիան հիմնականում արտադրվելու է ի հաշիվ բնական գազի օգտագործման։

Նոյեմբեր 11, 2021 at 14:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր