

Մեկնարկել է «Կանաչ գիրք» ծրագիրը: Այն իրականացնում է «Կանայք կլիմակում և էներգետիկայում» ՀԿ-ն ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։
«Կանաչ գիրք» ծրագրի նպատակն է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ խթանել էկոկրթությունը և ապահովել բոլոր սովորողների համար որակյալ և արդիական կրթություն ստանալու հավասար պայմաններ։
Ծրագրով կստեղծվեն թվային մոդուլներ, որտեղ կհամադրվեն գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և շրջակա միջավայրի խնդիրները և լուծումները՝ սովորեցնելով աշակերտին էկոլոգիական հարցերին նայել որպես ամբողջական շղթայի մաս, այլ ոչ որպես առանձին գիտություն։
Հուլիսի 20-ին Միավորված Ազգերի Կազմակերպության հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ներկա էին պետական, կրթական, հետազոտական, հասարակական և գործարար ոլորտների հետաքրքրված անձինք։
Հանդիպմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը, ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Սվետլանա Հարությունյանը և Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը:
Ծրագիրը ժամանակի հրամայական է, քանի որ ամեն տարի բևեռացումը մարդու և բնության միջև խորանում է, իսկ դրա հետ խորանում են էկոլոգիական խնդիրներն՝ ազդելով մարդու բարեկեցության վրա։ Ներդրումները կլիմայի փոփոխության հակազդման գործընթացում պահանջում են և՛ կրթված մասնագետներ, և՛ գիտակից քաղաքացիներ։
«Կանաչ գիրք» ծրագրի շրջանականերում, համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև շահագրգիռ կառուցների հետ, կմշակվեն որակյալ, պարզ և համառոտ գիտահեն թվային մոդուլներ՝ կառուցելով բնության և մարդու հարաբերությունների խնդիրների և հնարավոր լուծումների տրամաբանական շղթան։ Նյութերը հասանելի կլինեն բոլորին, այդ թվում մայրաքաղաքից հեռու գտնվող ուսումնական հաստատություններին, ուսուցիչներին, դպրոցականներին և այլ հետաքրքրված անհատներին։
Հիմք ընդունելով «Կանայք կլիմակում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից նախկինում հաջողությամբ իրականացված «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի արդեն փորձարկված մեթոդաբանությունը՝ մոդուլների մշակումը և փորձարկումը հիմնված կլինի տեսական և գործնական վարժությունների և խաղերի վրա՝ ելնելով ուսուցման նախագծային և մասնակցային մեթոդներից։
Հանդիպմանը ներկա բոլոր կառույցների, կազմակերպությունների ներկայացուցիչները դրական արձագանքեցին ծրագրին և պատրաստակամություն հայտնեցին իրենց գործունեության շրջանակում համագործակցել և օժանդակել ծրագրի իրականացմանը:
Հուլիս 22, 2022 at 10:58