Բնության համաշխարհային հիմնադրամը մարտի 25-ին կանցկացնի «Երկրի ժամը»

Բնության համաշխարհային հիմնադրամը մարտի 25-ին կանցկացնի «Երկրի ժամը»

Սույն թվականի մարտի 25-ին` ժամը 20:30-21:30-ը, ամբողջ աշխարհում կանցկացվի «Երկրի ժամը»։ Ըստ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)՝ 2023 թվականին շարժմանը հաղորդվելու է նոր շունչ՝ դարձնելով այն երբևէ  կազմակերպվածներից ամենամասշտաբայինը։ Այս մասին հայտնում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) հայաստանյան մասնաճյուղը։

Այդ օրն աշխարհի հազարավոր քաղաքներ, համայնքներ ու միլիոնավոր մարդիկ ամեն տարի իրենց նվիրումն են ցույց տալիս Երկիր մոլորակին՝ մեկ ժամով անջատելով էլեկտրականությունը կամ մոլորակի համար որևէ այլ դրական բան անելով։

Արդեն իսկ ակնհայտ կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ գալիք տարիները վճռորոշ են բնության անդառնալի կորուստների և կլիմայի փոփոխության դադարեցման համար: WWF-ն ընդգծում է, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է այս խնդրին ուշադրություն դարձնել և համախմբվել հանուն Երկիր մոլորակի պահպանության։

«Բացի լույսերը մեկ ժամով անջատելու շնորհիվ էներգիա խնայելուց՝ «Երկրի ժամը» կծառայի որպես ուշագրավ հիշեցում մեր մոլորակի կարևորության, այն պահպանելու անհրաժեշտության և այս ամենն անելու համար մեր ունեցած սահմանափակ ժամանակի մասին»,- նշում է WWF-Հայաստանի հասարակության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։

WWF-Հայաստանը կոչ է անում անհատներին, համայնքներին և կազմակերպություններին մարտի 25-ին՝ ժամը 20:30-ին, միանալ «Երկրի Ժամին»՝ անջատելով էլէկտրականությունն ու հատկացնելով մեկ ժամ Երկիր մոլորակին։  

«Միասին մեր մոլորակի համար կարող ենք անել ավելին։ Համախմբվելով Երկիրը պահպանելու գաղափարի շուրջ և հանրությանն իրազեկելով՝ միասին մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա», - նշում է WWF-Հայաստանը։

Լուսանկարը՝ Photo: https: pngtree.com

Մարտ 23, 2023 at 16:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր