Հայաստանի 4 մարզերի 10 բնակավայրերում ստեղծվել են կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամներ՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի ու կլիմայի փոփոխմանը հարմարվելու կազմակերպչական ու ֆինանսական գործիք։
Հիմնադրամները ստեղծվել են Լոռու մարզի Արևաշող, Լուսաղբյուր, Ճոճկան, Վարդաբլուր, Լեռնավան, Մեծ Պարնի, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Լճաշեն, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Կոտայքի մարզի Մայակովսկի բնակավայրերում՝ «ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների/ներդրումների» ֆինանսական մեխանիզմի ներդրում միջին և փոքր քաղաքային և գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացրել է «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ։
Այդ հիմնադրամների շահառուները համապատասխան բնակավայրի բոլոր բնակիչներն են։ Հիմնադրամի ստեղծմանը զուգահեռ ու վերջիններիս հայտերի հիման վրա ներդրվել են էներգախնայողության (Լճաշեն գյուղում) ու վերականգնվող էներգառեսուրսների (արևային էներգիայի) օգտագործման ներդրումային նախագծեր։ Մեկ արևային էլեկտրակայանի նախագիծ ներդրվել է Վայոց ձորի մարզում գոյություն ունեցող «Արփա» բնապահպանական հիմնադրամի միջոցով։
«Այդ բոլոր նախագծերի նորարարական բնույթը կայանում է նրանում, որ ֆինանսական ներդրումները կատարվում են շրջանառու ներդրումների սխեմայով, երբ էներգախնայողությունից կամ արևային էներգիայից ստացված եկամուտները վերադարձվում են հիմնադրամներին, որպեսզի ներդրվեն հաջորդ նախագծերում», - ասաց «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը։
Ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև համահայաստանյան «Բնական էկոնոմիկա» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը», որի շահառուները Հայաստանի բոլոր բնակիչներն են և որի միջոցով, ի թիվս այլոց, պետք է համակարգվեն բնակավայրերում ստեղծված կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամները։ Ձևավորվել է «Համաքայլ» կոնսորցիումը, որի նպատակն է ստեղծել «Հանրային-մասնավոր համագործակցության» հարթակ, որում «հանրային» հատվածը ներկայացված է քաղաքացիական բնակչությամբ՝ ի դեմս «Բնական էկոնոմիկա» հիմնադրամի, իսկ մասնավոր հատվածը՝ մարզային առևտրաարդյունաբերական պալատներով (առայժմ՝ Կոտայքի ԱԱՊ-ով):
Հիմնադրամների նախաձեռնությամբ ներդրված նախագծերի ընդհանուր բյուջեն շուրջ 52 միլիոն դրամ է։ Նախատեսվում է, որ այդ ներդրումները կվերադարձվեն տեղական հիմնադրամներին 5-6 տարվա ընթացքում, որպեսզի ներդրվեն նման շրջանառու ներդրումային սխեմայով հաջորդ նախագծերում։
Արամ Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է կլիմայի փոփոխությանը հարմարվելու էկոհամակարգային մոտեցում։ Ըստ նրա՝ այս նպատակով անհրաժեշտ է ընդունել «Էկոհամակարգային ծառայությունների մասին» ՀՀ օրենքը։
«Էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ հետազոտությունը պետք է հանգեցնի էկոհամակարգային ծառայությունների վճարային սխեմաների մշակմանն ու ներդրմանը: Դրանք պետք է դառնան տնտեսապես կենսունակ ու հանրության համար շահավետ մեխանիզմներ՝ էկոհամակարգերի և մարդկանց վրա տնտեսվարման վնասակար հետևանքները մեղմելու համար ու միաժամանակ նպաստեն սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարները կարող են լինել կամավոր, և եթե այդ ֆինանսական գործիքը հաջող արդյունք ունենա, կարող է հիմք ստեղծի տեղի բնակիչների և գործարար համայնքի միջև երկխոսության համար: Պետք է կայանա երկուստեք շահավետ ու իրական հանրային-մասնավոր համագործակցություն, այլ ոչ թե պետություն-մասնավոր համագործակցություն, որը կոռուպցոն ռիսկեր է պարունակում։ Բնապահպանական ու բնօգտագործման, ինչպես նաև էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարները պետք է ուղղվեն Հայաստանի մշտական բնակիչներին պատկանող քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամների շարունակական համալրմանը, օգտագործվեն էկոհամակարգերի և էկոհամակարգային ծառայությունների վերականգնման և երկրի տեղի բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման համար», - ասաց Արամ Գաբրիելյանը։
Մայիս 16, 2023 at 12:17