ՀՀ կենտրոնական բանկը հրապարակվել է «Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզ»-ը, որում գնահատված է, թե ինչպես պետք է Հայաստանի ֆինանսական համակարգը դիմակայի կլիմայական ռիսկերին։
«Կլիմայի փոփոխությունն արդեն իսկ ազդում է Հայաստանի վրա․ գրանցվել է համաշխարհային ջերմաստիճանի միջին տարեկան աճից բարձր աճ և տեղումների զգալի նվազում։ Կլիմային առնչվող ռիսկերը կարող են ազդել տնտեսության իրական և ֆինանսական հատվածի վրա միկրոտնտեսական կամ մակրոտնտեսական փոխանցման ուղիների միջոցով», - նշված է փաստաթղթում։
Կլիմայական ռիսկերը բաժանված են ֆիզիկական և անցումային ռիսկերի։
Ֆիզիկական ռիսկերն են՝ անտառային հրդեհներ, ջերմային սթրես, փոթորիկներ, ջրհեղեղներ, երաշտներ, ծովի մակարդակի բարձրացում, տեղումների փոփոխականություն։
Անցումային ռիսկերն են՝ քաղաքականություն, տեխնոլոգիաների փոփոխություն, ներդրողների նախապատվություն, սպառողների նախապատվություն։ Անցումային ռիսկերի պատճառով առավել խոցելի են այն ոլորտները, որոնք ամենաշատն են նպաստում ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումներին կամ ունեն ջերմոցային գազերի ինտենսիվության ամենաբարձր մակարդակներ։
2023 թվականին իրականացված վերլուծության համաձայն՝ կլիմայի նկատմամբ խոցելի ոլորտներին տրամադրված վարկերը կազմում են բանկային համակարգի վարկային պորտֆելի մոտ 29 տոկոսը։ Եվս 19 տոկոսը կազմում են հիփոթեքային վարկերը, որոնց հիմքում ընկած ակտիվներն են շենքերը կամ բնակարանները, որոնք կարող են ենթարկվել ֆիզիկական ռիսկերի։
Նշված է, որ կայուն զարգացման և կլիմայի փոփոխության միջև փոխազդեցությունը երկկողմանի բնույթ է կրելու։ Մի կողմից կլիմայի փոփոխությունն ազդում է բնության և մարդկանց հիմնական կենսապայմանների վրա՝ հիմք հանդիսանալով սոցիալական և տնտեսական զարգացման համար։ Մյուս կողմից, կայուն զարգացման վերաբերյալ հասարակության առաջնահերթություններն ազդում են կլիմայի փոփոխություն առաջացնող ջերմոցային գազերի արտանետումների, այնպես էլ կլիմայի հանդեպ խոցելիության վրա։
ՀՀ կենտրոնական բանկի մշակած ճանապարհային քարտեզը բաղկացած է չորս առանցքային հենասյուներից՝
- մոբիլիզացնել ֆինանսավորումը. հեշտացնել կապիտալի ռիսկի վրա հիմնված, շուկայամետ և հարատև հոսքը արդյունաբերություն և այլ ոլորտներ, որոնք համահունչ են Հայաստանի ածխածնի արտանետման նվազեցման հավակնություններին
- ընդլայնել շուկաները. աջակցել գիտելիքների փոխանցմանը, նվազեցնել տեղեկատվական անհամաչափությունները, ապահովել շուկայի նկատմամբ վստահությունը և ամրապնդել կայուն ֆինանսավորման համար նպաստավոր միջավայր
- ներդնել կայուն զարգացման սկզբունքները. ուղղորդել ֆինանսական հատվածի մասնակիցներին իրենց բիզնես որոշումների մեջ բնապահպանական սոցիալական կառավարման (ESG) սկզբունքների ներդրման հարցում
- ձևավորել իրազեկում և գիտելիք. բարձրացնել հարատևման ռիսկերի և հնարավորությունների մասին իրազեկության մակարդակը Հայաստանում, զարգացնել կարողությունները ՀՀ կենտրոնական բանկի ներսում և ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում:
Կայուն ֆինանսավորման ճանապարհային քարտեզը ՀՀ կենտրոնական բանկը մշակել է որպես Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կայուն բանկային և ֆինանսական հարթակի անդամ։
Հոկտեմբեր 16, 2023 at 16:23