Կլիմայի փոփոխության հետևանքով Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում ցամաքել են աղբյուրները։ Խնդիրը սրվել է հատկապես վերջին տարիներին։ Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց Թալին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանը։
Թալին համայնքը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ։ 2022 թվականին ամառային օրերի գումարային թվով առավելագույն շեղումը եղել է Թալին համայնքում՝ 71 օրով։ Իսկ 2021 թվականին գրանցվել է շատ ուժեղ երաշտ։ Տեղումների քանակը նորմայից պակաս է շուրջ 60%-ով: Համայնքի տարածքը 223 հազար հեկտար է։ Ոռոգելի տարածքի 90%-ը չի ոռոգվում ոռոգման ցանց չլինելու պատճառով։
«Համայնքն ամեն ջանք գործադրում է, որ գոնե եղած ջուրը կարողանա ճիշտ կառավարել: Աշխատանքներ են տարվում ջրերի նպատակային բաշխման ուղղությամբ։ Ոռոգումն ավանդական ձևով է արվում, անհամեմատ շատ է ջուր օգտագործվում։ Պետք է անցում կատարենք ջրի տնտեսման և կուտակման՝ կաթիլային ոռոգում և ջրամբարի կառուցում։ Հուսով ենք՝ Կապսի ջրամբարի կառուցումից հետո Թալինում մոտ 7000 հեկտար հողատարածք կոռոգվի», - ասաց Սերգե Մկրտչյանը:
33 բնակավայր ընդգրկող Թալին համայնքում խնդիր է նաև խմելու ջուրը։ «Ամենալավ վիճակում գտնվում են Թալինը, Իրինդը, աղբյուրներին մոտ են: Բայց ջուրը չի բավականացնում։ Լուրջ խնդիր ունենք Զարինջա, Թաթուլ, Ցամաքասար, Հացաշեն, Սուսեր, Աշնակ բնակավայրերում», - նշեց Սերգե Մկրտչյանը:
Ըստ նրա՝ համայնքում ակնկալվում է շուրջ 2 միլիարդ դրամի ծրագրերի իրագործում, որոնց շրջանակներում մասամբ կլուծվի նաև ոռոգման և խմելու ջրի հարցը։
Այս գումարները պետք է տրամադրվեն որպես փոխհատուցում Թալինի և Դաշտադեմի 547.31 հեկտար հողերի դիմաց, որոնք նվիրաբերվել են «Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագրին։
«Հողի դիմաց «Մասդար Արմենիա» ընկերությունը Դաշտադեմին տրամադրել է 300 միլիոն դրամ, Թալինին՝ 99 միլիոն դրամ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար: Դաշտադեմում իրականացված հանրային քննարկումների ժամանակ որոշվել էր վերանորոգել ոռոգման ներքին ցանցը։ Դաշտադեմ բնակավայրը ոռոգման ջրի ցանցի խնդիր չի ունենա, ինչը կյանքի որակի վրա դրական ազդեցություն կունենա: Իսկ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հաջորդ տարի նախատեսվում է շուրջ 320 միլիոն դրամով Մաստարա, Ագարակավան, Կաքավաձոր և Աշնակ խմելու ջրի ցանցի վերանորոգում», - ասաց Սերգե Մկրտչյանը:
Կլիմայական իրավիճակի վրա զգալի ազդեցություն է թողնում անտառածածկ տարածքի բացակայությունը։ Թալինի անտառային ֆոնդի հողերը կազմում են 1082․09 հեկտար, որը համայնքի ընդհանուր տարածքի 1 տոկոսն է:
«Կա պետական ծրագիր, որի շրջանակներում տարածքներ ենք տրամադրել, որտեղ նպատակահարմար է անտառային շերտեր ստեղծել։ Դա պետական պարտավորությունն իրականացնելու միջոցառում է։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կլիմայի փոփոխության հարցերին, որովհետև ուզում ենք բարելավել մեր բնության վիճակը, ունենանք անտառային շերտեր, բնակչությունն ավելի շատ զբաղվի գյուղատնտեսությամբ։ Այս ամենի առաջնային պայմանը ջրի առկայությունն է, դրա համար էլ այդքան ծրագրեր և գումարներ ուղղված են ներքին ցանցերի վերանորոգմանը, նոր ցանցերի կառուցմանը և ոռոգման համակարգի ներդրմանը», - ասաց Թալին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանը։
Հոկտեմբեր 17, 2023 at 15:38