Հայաստանի կլիմայական գլխավոր փաստաթուղթը մտավ քննարկումների փուլ

Հայաստանի կլիմայական գլխավոր փաստաթուղթը մտավ քննարկումների փուլ

«Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մտավ քննարկումների փուլ։  Փաստաթուղթը, որը մշակվել է «ԵՄ կլիմայի համար» ծրագրի շրջանակներում, պետական, հասարակական, փորձագիտական ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվեց սույն թվականի նոյեմբերի 21-ին։ «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի միջոցով Հայաստանում կիրականացվի կլիմայական օրակարգի կարգավորումը և իրականացումը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց, որ օրենքն էական նշանակություն ունի, քանի որ կլիմայական գործողությունների համակարգման և ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է իրավական շրջանակ: «Մենք ուրախ ենք համագործակցել Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու օրենքի հետագա գործընթացին», - ասաց Վասիլիս Մարագոսը։

«Այս օրենքն իրավական հիմքեր կապահովի արդյունավետ կլիմայական քաղաքականությունների մշակման և իրականացման համար, նաև կապահովի հանրային ֆինանսների կառավարման համակարգում կլիմայական ֆինանսավորման ներկառուցումը», - նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

«Բրյուսելում ներկայացվեցին «ԵՄ կլիմայի համար» ծրագրի արդյունքները, այդ թվում՝ «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նախագծի գաղափարախոսությունը, և այն ողջունվեց», - նշեց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։

«Օրենքով նախատեսվում է հավաքագրել կլիմայական մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը, գույքագրել նորարակական ֆինանսական միջոցները և ներդնել դրանք ոլորտային զարգացման ռազմավարություններում», - ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը։

ԵՄ Կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինության քաղաքականության մասնագետ Ֆաբիեն Փորչերը  ներկայացրեց մինչև 2050 թվականը կլիմայական չեզոքության հասնելու Եվրոպական կլիմայի մասին օրենքը։ Նա նշեց, որ այս օրենքն ազդեցիկ քաղաքական ուղերձ է, Եվրոպական Կանաչ գործարքի առանցքային բաղադրիչն է։

«Օրենքի հիմնական նպատակն է Եվրոպական միության ողջ տարածքում մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության, իսկ 2030 թվականին  սահմանել նոր նպատակ՝ առնվազն 55%-ով ջերմոցային գազերի նվազեցման հասնելու համար։ Եվրոմիության պարտավորությունն է ապահովել շարունակական առաջընթաց կլիմայի փոփոխության հարմարվողականության մասով», - ասաց Ֆաբիեն Փորչերը։

Միջազգային խորհրդատու Ջոն Վորդը ներկայացրեց կլիմայական քաղաքականության իրավական կարգավորման միջազգային փորձը։ Նա նշեց, որ ավելի քան 60 երկիր ընդունել է 79 «օրենսդրական շրջանակ» կլիմայական գործողության վերաբերյալ։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների գրեթե կեսը մշակել է «շրջանակային օրենքներ», որոնց կեսից ավելին ներառում են և՛ հարմարվողականության, և՛ մեղղման բաղադրիչներ։

«Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրին «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Արտակ Բաղդասարյանը, ազգային փորձագետ Հեղինե Գրիգորյանը և փորձագետ Մարի Կարապետյանը։

«Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նպատակն է ստեղծել իրավական հիմքեր ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման ու իրականացման համար։

Հեղինե Գրիգորյանը նշեց, որ օրենքով սահմանվող քաղաքականությունը ենթադրում է ջերմոցային գազերի արտանետումների շարունակական կրճատում և կլանիչների զարգացում, կլիմայի փոփոխության նկատմամբ բնակչության, շրջակա միջավայրի, տնտեսության, բնակավայրերի և ենթակառուցվածքների խոցելիության նվազեցում:

Ազգային փորձագետը նշեց, որ ոլորտային իրավական ակտերում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում պետք է ներառել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության նկատառումների ներկառուցումը, զարգացնել չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգը։

Նա նշեց կլիմայական քաղաքականության սկզբունքները, որոնցից են էկոհամակարգային մոտեցման կիրառումը, որոշումների ընդունման գործընթացին հանրային մասնակցությունը, կլիմայական տեղեկատվության հրապարակայնությունը ու մատչելիությունը։

Ըստ օրենքի նախագծի՝ կառավարման համակարգում պետք է ստեղծվի նոր մարմին՝ Կլիմայի փոփոխության հարցերով խորհուրդ։ Փորձագետ Մարի Կարապետյանը ներկայացրեց խորհրդի կառուցվածքն ու նախատեսվող գործունեությունը։

Ըստ փորձագետի՝ խորհուրդը կունենա իրավական բարձր կարգավիճակ, բազմակողմ ընդգրկվածություն, մասնակցություն որոշումների կայացման ողջ շրջափուլում, անդամների ընդգրկում մրցակցային հիմունքներով։

Նոր խորհուրդը պետք է գնահատի ՀՀ ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման ընթացքը և արդյունքները և ներկայացնի առաջարկություններ։

Նոր խորհուրդը կունենա 27 անդամ՝ 5 և ավելի պետական մարմինների, 7 հասարակական և 7 գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի 3 պատգամավոր, մեկական ներկայացուցիչ ՏԻՄ երեք մարմիններից, որոնք պետք է լինեն Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության մասնակից։

«ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Արտակ Բաղդասարյանը ներկայացրեց կլիմայական քաղաքականության ֆինանսավորումը և կարգավորիչ գործիքները։

Կլիմայական քաղաքականության ֆինանսավորման աղբյուրներն են պետական բյուջեն, միջազգային գործընկերները, պետություն-մասնավոր գործընկերության շրջանակը, օրենքով չարգելված ֆինանսավորման մեխանիզմները։

Օրենքի նախագծով կարգավորիչ գործիք է ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների համակարգը։ Ըստ օրենքի՝ թույլտվությունը տրամադրվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով սահմանված կարգով։

Արտանետողները պարտավոր են ստանալ արտանետման թույլտվություն, եթե նրանց կողմից արտանետումների ծավալը գերազանցում է լիազոր մարմնի կողմից սահմանված ջերմոցային գազերի արտանետման սահմանաչափը։

Իր հերթին «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքը կարգավորում է ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների հետ կապված հարաբերությունները։ Լիազոր մարմինը հաստատում է արտանետման սահմանաչափը՝ ելնելով արտանետումների կրճատման սահմանված թիրախներից։

Նոյեմբեր 29, 2023 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր