2024թ-ից էներգետիկ աղքատության հաղթահարումը կդառնա Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միացած համայնքների պարտադիր հանձնառությունը: Այս մասին ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողովի ժամանակ ասաց «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը:
«Դաշնագրի հիմնական դերակատարները ոչ թե պետություններն են, կառավարությունները, այլ՝ ՏԻՄ-երը: Հիմնական գործունեությունը, որի հետևանքով տեղի են ունենում արտանետումներ, համայնքների ու քաղաքների տարածքում է»,- նշեց Արտեմ Խարազյանը:
Դաշնագրին միացած համայնքների հանձնառությունները երեք հիմնական թիրախ ունեն՝ կլիմայի փոփոխության մեղմում, հարմարվողականություն և էներգետիկ աղքատության հաղթահարում, որի առումով պետությունն ունի ավելի շատ դերակատարություն օգնելու համայնքներին:
Հայաստանում Դաշնագիրը ստորագրել է 30 համայնք, որոնցից 15-ն ակտիվ է, 15-ը՝ կասեցված, որովհետև երկու տարվա ընթացքում գործողության ծրագիր չեն ներկայացրել: Ընդհանուր մշակվել է 10 Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր և 3 Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր:
Արտեմ Խարազյանի խոսքով՝ ԵՄ-ի կողմից 2011-2024թթ. համար 3 միլիոն եվրո գումար է տրամադրվել Հայաստանին, որի շնորհիվ 5 շահառու համայնքներում ցուցադրական ծրագիր է իրականացվել, այդ թվում՝ Արթիկում կառուցվել է Հայաստանում առաջին առևտրային համայնքային արևային էլեկտրակայանը՝ 0,6 Մվտ դրվածքային հզորությամբ:
ՄԱԶԾ գրասենյակի համագործակցությամբ համայնքների համար մշակվել է համակարգված առցանց հարցաշար ելակետային տվյալների հավաքագրման նպատակով: «Գործընթացը սկսել ենք վեց համայնքներում: Տվյալները հավաքագրվում են: Այն համապարփակ հարցաշար է, որը հնարավորություն է տալիս մի քանի տարվա կտրվածքով լիովին կազմել համայնքի էներգետիկ հաշվեկշիռը»,- նշեց նա:
Մշակվել է նաև Կլիմայական ռիսկերի և թիրախային ոլորտների խոցելիության գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման հարցաշար: «Դրա միջոցով համայնքները և փորձագիտական խումբը կարողանում են գնահատել համայնքների համար առավել կարևոր կլիմայական ռիսկերը, որոնց նկատմամբ թիրախային բնագավառները խոցելի են: Սա թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչպիսի հարմարվողականության միջոցառումներ է պետք առաջարկել համայնքներին, որպեսզի իրենք կարողանան մեղմել ռիսկերի բացասական ազդեցությունները»,- նշեց Արտեմ Խարազյանը:
Ըստ փորձագետի՝ Հայաստանում արդեն իսկ 6՝ Ստեփանավան, Թալին, Ապարան, Սպիտակ, Վանաձոր և Ակունք համայնքներում մեկնարկել է տվյալների հավաքագրումը: Եվս երկու՝ Իջևան և Մարտունի համայնքներին հարցաշարը կներկայացվի առաջիկայում:
«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը մեկնարկել է 2008թ. Եվրոպական հանձնաժողովի կողմից և հիմնական նպատակն է եղել համախմբել և աջակցել այն տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ), որոնք կամավոր հանձնառություն են ստանձնել նպաստելու կայուն էներգետիկ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ոլորտում Եվրոպական միության (ԵՄ) քաղաքականության իրականացմանը:
Ներկայում «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միացել է 11 հազար 830 համայնք, որոնցից 8014-ը ներկայացրել են Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրեր (ԿԷԶԿՊԳԾ):
«2021թ. հետո Դաշնագիրը որդեգրել է 55% արտանետումների կրճատում մինչև 2030թ. և նույնիսկ կլիմայական չեզոքություն մինչև 2050 թ.: Սա մեր տարածաշրջանին չի վերաբերում, բայց մի հարց է, որ պետք է քննարկվի մեր տեղական շահառուների հետ»,- նշեց Արտեմ Խարազյանը:
Դեկտեմբեր 06, 2023 at 18:56