Հայաստանը ձգտում է ածխածնային չեզոքության․ ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին

Հայաստանը ձգտում է ածխածնային չեզոքության․ ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին

Հայաստանի կլիմայական հավակնությունները մեծամասամբ խարսխված են ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի անցման վրա, և կլիմայական պարտավորությունների կատարումը կարող է իրականացվել միջուկային էներգիայի երկարաժամկետ և կայուն օգտագործման միջոցով։ Այս մասին 2023թ․ դեկտեմբերի 1–ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP 28) բացման արարողությանն իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահը ներկաներին հայտնել է, որ Հայաստանը մշակել է Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություններ (LT-LEDS), որոնք կառաջնորդեն երկիրը դեպի ածխածնային չեզոքություն:

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 30–ին և կանցկացվի մինչև դեկտեմբերի 12-ը։ Ավելի քան 70,000 պատվիրակներ են մասնակցում COP28-ին՝ ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները տեղի են ունենում յուրաքանչյուր տարի`հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում՝ աշխարհի բոլոր երկրների գրեթե ամբողջական անդամակցությամբ: Ֆորումների ժամանակ աշխարհը համախմբվում է՝ համաձայնեցնելու կլիմայական ճգնաժամը լուծելու ուղիները, ինչպիսիք են գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը մինչև 1.5 աստիճան ցելսիուս, օգնել խոցելի խմբերին հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին և մինչև 2050թ․ հասնել արտանետումների զրոյական մակարդակի: 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ամբողջական ելույթը․

«Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիր, և Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի նիստերը մեզ հիշեցնում են նրա նկատմամբ ամբողջական մոտեցման անհրաժեշտության մասին ավելի կանաչ, ավելի կայուն, խաղաղ և առողջ ապագայի համար:

2015թ., մենք պատմական քայլ կատարեցինք՝ ընդունելով Փարիզյան համաձայնագիրը: Այնուամենայնիվ, ինչպես նշված է Կլիմայի փոփոխությամբ զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի վերջին զեկույցում՝ մենք բավականին հետ ենք մնացել Փարիզի նպատակների իրագործման ուղենշային գործընթացներից։ Դրա պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ տնտեսությունների շարունակական կախվածությունը հանածո վառելիքից։

Ակնհայտ է, որ մենք չենք կարող շարունակել առաջ շարժվել էներգիայի արտադրության համար ածխաջրածինների ավելորդ և անկայուն շահագործման ճանապարհով: Հանածո վառելիքի պահանջարկի աստիճանաբար նվազեցումը հրամայական է: Կլիմայի փոփոխության մեղմացման մեր հավակնությունները իրագործելու համար մենք պետք է կառուցենք այնպիսի էներգետիկ համակարգեր, որոնք առավել չեզոք են ածխածնի արտանետման առումով և քիչ կախված հանածո վառելիքից:

Անհրաժեշտ լուծումներն առկա են։ Մենք պետք է արագացնենք գիտությունը և ամրապնդենք վերջին տասնամյակի դրական զարգացումները՝ կրկնապատկելով և եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է բավարար կլիմայական ֆինանսավորում, ընդ որում «Կորուստների և վնասների» հիմնադրամը լինելով նման ֆինանսավորման անկյունաքարը:

Որպես լեռնային զարգացող երկիր՝ Հայաստանն այս ոլորտում բախվում է բազմաթիվ մարտահրավերների։ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում կլիմայի տաքացման մակարդակը կարող է լինել գլոբալ տաքացման միջին մակարդակից զգալի բարձր՝ մինչև 2090-ական թթ. հասնելով մինչև 4,7° աստիճանի: Սա Հայաստանին դասում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենախոցելի երկրների շարքում։

Չնայած մարդասիրական լուրջ մարտահրավերներին և արտաքին անվտանգության սպառնալիքներին` Հայաստանը նախաձեռնողական միջոցներ է ձեռնարկում Փարիզյան համաձայնագրի խոստումները կատարելու համար՝ կիրառելով ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական լուծումներ, որոնք ներառում են հասարակության բոլոր շերտերին։

2021թ. Հայաստանը հռչակեց 2020թ.-ից հետո կլիմայական իր հանձնառություններն՝ Ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ենթադրում են մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումների կրճատում 40%-ով: Վերջերս մենք մշակեցինք Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություններ (LT-LEDS), որոնք կառաջնորդեն մեզ դեպի ածխածնային չեզոքություն: Մեր կլիմայական հավակնությունները մեծամասամբ խարսխված են ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի անցման վրա: Մինչև 2030թ. մենք նպատակ ունենք ապահովել արևային էներգիայի 15% մասնաբաժին մեր ընդհանուր էներգիայի արտադրության մեջ: Հայաստանը հաստատապես կարծում է, որ կլիմայական մեր պարտավորությունների կատարումը կարող է իրականացվել միջուկային էներգիայի երկարաժամկետ և կայուն օգտագործման միջոցով, որպես ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի աղբյուր, և մենք բարձր ենք գնահատում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ջանքերն այս ուղղությամբ։

Հայաստանը հաստատակամ է իր հավակնոտ նպատակներին հասնելու և հաջորդ սերնդի համար մաքուր ու կայուն ապագա ապահովելու հարցում: Մենք պատրաստ ենք հետագայում էլ նպաստել այդ նպատակով գլոբալ ջանքերին»։



Դեկտեմբեր 03, 2023 at 12:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր