Ինչպիսի՞ բնապահպանական ու արտադրական նշանակություն ունեն բնական կերհանդակները, ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում արոտավայրերի վիճակի վրա, բնական ռեսուրսների կառավարման ի՞նչ մարտահրավերներ կան: Այս և նմանատիպ այլ հարցեր քննարկվեցին սույն թվականի մարտի 14-ին՝ Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրում «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացի ժամանակ: Դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի ՏԻՄ-ի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, շահառու գյուղերի բնակիչները:
«Բնական պաշարի պահպանության համար կարևոր է ճիշտ կառավարումը: Բնական եղանակով 1 սմ հողի առաջացման համար մեկ դարից ավելի ժամանակ է պահանջվում, իսկ 1 սմ հողաշերտը շարքից դուրս բերելը րոպեների հարց է: Հողի արգավանդ շերտը չպետք է պատկերացնել միայն որպես հող: Դա միջավայր է, որտեղ կան օրգանիզմներ, որոնց կայուն կենսագործունեության արդյունքում գեներացվում են արդյունքներ, որոնք կրկին հետ են վերադառնում մարդուն: Բուսական ծածկոց ամեն մի հողում չի առաջանում: Այդ հողը պետք է ունենա պարարտ միջավայր: Արոտավայրը պետք է ճիշտ օգտագործվի, որպեսզի բույսերի և միկրոօրգանիզմների կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն»,- ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը։
Նա կարևորեց բնական կերային հանդակների ոչ միայն արտադրական, այլև՝ բնապահպանական նշանակությունը: «Արտադրական տեսանկյունից սա միջավայր է, որտեղ գեներացվում է արդյունք, որն օգտագործվում է կերապահովման համար: Սակայն առավել մեծ նշանակություն պետք է տանք այդ միջավայրի բնապահպանական բաղադրիչին: Սա այն միջավայրն է, որտեղ ձևավորվում են էկոհամակարգային բոլոր բազմաբնույթ ծառայությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով վերադառնում են կամ մատակարարում են մարդուն»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով կլիմայի փոփոխության ազդեցությանը գյուղատնտեսության վրա՝ Գագիկ Թովմասյանը նշեց. «Կլիմայի փոփոխությունը սթրես է գյուղատնտեսության համար: Տեղումների կրճատման և ջերմաստիճանի բարձրացման պատճառով հողի խոնավությունը պակասել է, իսկ ջրովի երկրագործությունը քիչ հասանելի է: Կլիմայի փոփոխությունը թեև ստեղծում է հնարավորություն որոշ ջերմասեր բույսերի մշակման համար, բայց լոկալ տարածքների վրա գյուղատնտեսություն վարելը չի նշանակում էկոլոգիայի հետ կապված լուրջ խնդիրներ լուծել: Մշակաբույսերի աշխարհագրական տեղաբաշխումն ու գոտիավորումը փոխվել են, բայց գլոբալ առումով դա հաղթանակ չէ, այլ՝ պարտություն։ Նույն Իջևանի տարածաշրջանի Ենոքավանի, Լուսաձորի ու Սևքարի բարձադիր լանդշաֆտների հեռագնա արոտներում որոշակի խնդիրներ են առաջացել: Չնայած կլիմայի պայմանների փոփոխությունը վեգետացիոն ժամանակահատվածի տևականություն է բերել, բայց լանդշաֆտային բուսածածկը դեռևս չի հարմարվել այդ տևականությանը: Մեր մոտ արոտային ժամանակահատվածը Տավուշի մարզում վերջանում էր նոյեմբերի առաջին տասնօրյակին: Հիմա խոշոր եղջերավորի արոտային շրջանը ձգվում է մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակ: Ձնածածկ ժամանակահատվածը սկսել է հետ զարգանալ: Բույսերն այս արագընթաց փոփոխություններին դեռևս հարմարված չեն: Եվ այդ չհարմարվողականության պայմաններում իրենք կայուն ձմեռման ռեժիմների հետ խնդիր են ունենում»,- նշեց նա:
LILA ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։
Ապրիլ 08, 2024 at 16:43