Վերջին ամիսների ուժեղ հեղեղների հետևանքով Եղեգնուտ գյուղում հեռագնա արոտներն ու խոտհարքները դարձել են անհասանելի գյուղացիների համար: Դեռ 2023թ. աշնանը Եղեգնուտում սկսվել էին 10 կմ երկարություն ունեցող դաշտամիջյան գրունտային ճանապարհի վերանորոգման աշխատանքները՝ փոսալցում, քարաջարդում, որին աջակցել էր WWF-Հայաստանի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագիրը։ 2024թ․ գարնանն արդեն «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում աշխատանքները շարունակվել են, այնպես, որ ճանապարհը դարձել էր երթևեկելի նույնիսկ մարդատար մեքենաների համար: Սակայն կատարված աշխատանքները «ջուրն ընկան» մայիսի վերջի կործանարար սելավների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների արդյունքում․ գոյացել էին անանցանելի փոսեր, ճանապարհի որոշ հատվածներ լվացվել էին, սողանքների հետևանքով փակվել էին առանձին հատվածներ։
«Որտեղ փոսեր կային, քարերով են լցրել, ավազի հանքից ավազ են բերել: Սկզբի սելավների ժամանակ ճանապարհը դեռ պահպանվել էր, բայց վերջին 1-2 անգամն ուժեղ եկավ, ամբողջը տեսնում եք՝ ինչ վիճակ է...», - Էկոլուրի հետ զրույցում նշեցին եղեգնուտցիները: Նրանց խոսքով՝ իրենց սարեր տանող այլ ճանապարհ չունեն. «Գյուղի խոտերն այստեղով են տարվում, սարի ժողովուրդն այս ճանապարհից է օգտվում»։ Խոտհունձի ժամանակը սկսվել է, գյուղացիները չգիտեն, թե ինչպես են դա կազմակերպելու:
Գյուղի ապագայի իր մտահոգություններով կիսվում է «Քոշաքար» համայնքային սոցիալական-բնապահպանական ՀԿ-ի նախագահ Արամայիս Հակոբյանը: «Ամեն տարի սար գնալուց կամ խոտհունձից առաջ գյուղի բնակիչներով կազմակերպել ենք ճանապարհի բարեկարգումը: Բայց բնությունը չի թողնում ճանապարհները բարեկարգ մնան: Լոռին էլ տեղումնաբեր է՝ սելավները, սողանքները շատ են լինում: Նոր վերանորոգված ճանապարհները քանդվում էին, տեղեր կար սելավներն էին գալիս-լցվում, տեղեր կար՝ սողանքները թափվում էին ձորերը՝ մեր արած աշխատանքը հավասարվում էր զրոյի»:
Այս տարվա եղանակային անոմալիաները Հակոբյանը կապում է կլիմայի փոփոխության հետ: «Առաջներում մենք գիտեինք, որ ձմռանը պետք է ձյուն լինի, գարունը պիտի ծառերը ծաղկեն, կանաչեն, ամռանը պիտի շոգ լինի, աշնանն էլ պետք է բերքը հասունանա, ծառերը դեղնեն, մենք էլ օգտվենք բնության բարիքներից: Բայց հիմա արդեն ձմռանը չոր է լինում, գարնանը հողը հերկելու ժամանակ կամ ցանքսերը անելուց սկսում են սելավները և շարունակվում: Օգոստոսի կեսն է. դեռ անձրևներ ու սելավներ են: Կլիման փոխվել է»,- ասաց Արամայիս Հակոբյանը:
Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխությունը բացասաբար է ազդում գյուղատնտեսության վրա. «Ժամանակին չես կարողանում վարես, հնձես: Կարկուտները շատացել են, սելավները գալիս են հողը խոնավեցնում, ինչը սողանքների պատճառ է դառնում: Բարձր խոնավության պայմաններում հասուն խոտը նստում է, նորից տակից խոտ է աճում, դա էլ խանգարում է խոտը հնձելուն։ Անասունների ձմեռվա խոտն այն որակը չի ունենում, ինչ նախկինում էր։ Եվ բնության այս արհավիրքներից առաջին հերթին տուժում է գյուղատնտեսությունը»։
Արամայիս Հակոբյանի խոսքով՝ կլիմայի փոփոխությունն ազդում է նաև մեղվաբուծության վրա: «Եթե տարին առատ է տեղումներով, գիշերները բերքի ժամանակ տեղումներ է լինում, ցերեկը արև, բերքատվությունը երկարում է և բերքը շատ է լինում: Իսկ եթե գիշերը անձրև չի գալիս, ցերեկն է գալիս, անձրևները լվանում-տանում են նեկտարն ու ծաղկափոշին, մեղուն չի կարող բերել։ Այս տարի լորենու ծաղկումը սկսեց, շատ լավ բերք էր գալիս, հետո բերքի կեսից կարկուտ եկավ, մեղուները խեղճացան, լորենու բերքի կեսից չօգտվեցին», - նշեց նա: Որպես հմուտ մեղվապահ՝ Արամայիս Հակոբյանը մեղվաբուծության վրա բացասական ազդեցության մի պատճառն էլ կապում է օդի աղտոտվածության հետ. «Մեղուն ինքն իրենով փոքր միջատ է: Մենք այս օդը շնչում ենք՝ հիվանդանում ենք: Բա ինքը փոքր է, շնչում է, մի հիվանդություն կստանա։ Վերջին տարիներին մեղուների հիվանդությունները շատացել են ամբողջ աշխարհում՝ մեղվաընտանիքները հանգչում են։ Նախանցյալ տարի մենք ստացանք ռեկորդային բերք՝ 1 փեթակից մինչև 35 կգ անարատ մեղր, նախորդ տարի՝ մեր տարածքում գրեթե ոչ մի կիլոգրամ չստացանք»:
Արամայիս Հակոբյանը վստահ է, որ իրենց կազմակերպության գործունեությունը կվերականգնի բնություն-մարդ խախտված կապը: Կազմակերպության նպատակն է մասնակցել համայնքում էկոլոգիական միջանցքների ձևավորման և պահպանման աշխատանքներին: Այս տարի հունիսին Եղեգնուտ բնակավայրում ստորագրվել էր երկարաժամկետ համաձայնագիր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի, Փամբակ համայնքի և «Քոշաքար» համայնքային սոցիալական-բնապահպանական ՀԿ-ի միջև: Համաձայնագրի ստորագրմամբ Փամբակ խոշորացված համայնքի 7938 հեկտար տարածքում կստեղծվի համայնքային բնապահպանական գոտի, որից 1700 հեկտարը Եղեգնուտում՝ Քոշաքար լեռան տարածքում: Այս տարածքում 3 խնամակալները պետք է հետևեն կենսաբազմազանության պահպանությանը և ապահովեն, որ բնական պաշարների օգտագործումը ընթանա կայուն ձևով՝ կառավարման պլաններին համաձայն:
«Ունենք էկոմիջանցքներ, որոնք համընկնում են մեր սարերի հետ: Պարտավոր ենք հսկել վայրի կենդանիների շարժը, բուսականությունը, ջրերը, այն ամենն, ինչ բնության հետ է կապված։ Մեր կազմակերպությունը գալիք սերունդների համար է: Ժամանակին բնությունը վերացրել ենք՝ ծառահատումներ, որսագողություն: Նախկինում, քանի որ գյուղացին աշխատանք չուներ, մեզ մոտ էլ անտառները մեծ էին, գյուղացիները ստիպված անտառները հատում էին, դա և՛ մեզ էր վնաս, և՛ պետությանը, բայց ապրուստի միակ միջոցը դա էր։ Հիմա դա գրեթե վերացել է. անօրինական հատումներ չկան: Ունենք փարթամ վերաճ, կենդանիների՝ այծյամների, արջերի թվաքանակի աճ: Ավելացավ նաև հատապտուղների քանակը՝ մոշ, մոռ, հաղարջ, մասուր, ալոճ, նույնիսկ՝ հապալաս ունենք սարերում: Հիմա մեր միակ վտանգը հրդեհներն են: Եթե մեր գյուղացիներին հորդորենք, որ խարույկ չվառեն, հանգցնեն խարույկները, կունենանք լավ արդյունք: Հույս ունենք, որ գալիք տարիներին մեր կազմակերպության շնորհիվ մենք ավելի ակտիվ ձևով կմասնակցենք բնության պահպանությանը և բնության մեջ արժեքավոր տեսակներ կավելանան»:
«Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» (ԷՄՀ) ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» 7-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Օգոստոս 14, 2024 at 12:21