Դեբեդի հեռագնա արոտներ տանող ճանապարհի հեռավորությունը կկրճատվի

Դեբեդի հեռագնա արոտներ տանող ճանապարհի հեռավորությունը կկրճատվի

Այս օրերին Փամբակ խոշորացված համայնքի Դեբեդ բնակավայրի հեռագնա արոտներ ու խոտհարքներ տանող ճանապարհների վերականգնման ակտիվ աշխատանքներ են տարվում: «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում նախկինում գրեթե չօգտագործվող, վտանգավոր ու անանցանելի ճանապարհը երթևեկելի կդառնա ամենագնացների ու բեռնատար մեքենաների համար:

Դեբեդ գյուղի բնակիչ, ճանապարհի հարթեցման աշխատանքներում ներգրավված Աշոտ Պապինյանն Էկոլուրին ասաց, որ մոտ 20 կմ երկարության ունեցող ճանապարհի ամենից վատ հատվածներն են բարեկարգում: «Գյուղին մոտեցող 3 հիմնական ճանապարհ ունենք: Սելավների հետևանքով ջուրը ճանապարհը քանդել էր, մի տեղը բարձր է, մի տեղը՝ ձորակ: Նախկինում չշահագործվելու հետևանքով ծառեր ու թփեր էին աճում ճանապարհի մեջտեղում: Տարբեր հատվածներում ենք աշխատում: Քարքարոտ գրունտներն ենք փորում, լցնում անանցանելի փոսերը: Համ ճանապարհն է լայնանում, համ՝ ուղղում ենք»,- ասաց նա:

Աշխատանքների արդյունքում նաև մեքենաների վառելիքի ծախսը կկրճատվի: «Էսա սեզոնն է, խոտերը պետք է հնձեն, օգտագործեն։ Մի ճանապարհ կա, որ 10-12 կմ-ով ավելի երկար է: Իսկ օգտագործելով բարեկարգված ճանապարհը 1 ժամ քիչ ենք ծախսում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ ճանապարհի բարեկարգումն իրենց բնակավայրի համար շատ կարևոր է. «Բնակիչների մեծ մասը մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ են պահում, շատ ընտանիքների համար անասնապահությունից ստացված գումարը հիմնական եկամուտն է»,- նշեց Աշոտ Պապինյանը:

Դեբեդ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանն Էկոլուրի հետ զրույցում կարևորեց գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագրերի իրագործումը: «Մեր տարածաշրջանն իր գեղեցիկ բնությամբ զբոսաշրջության մեծ ներուժ ունի: Բայց տուրիզմով գյուղացին չի կարող ապրել, տուրիզմով կարող է ժամանակավոր աշխատանք ունենալ: Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը ամենից կարևոր հարցն է: Մենք նպատակ ունենք գյուղացիներով հագեցած գյուղեր ունենալ, որ բնակիչների մեծ մասը մնան գյուղում ու զբաղվեն գյուղատնտեսությամբ: Թե՛ կառավարության, թե՛ միջազգային ծրագրերի աջակցությունը շատ կարևոր են այն առումով, որ բնակիչներին՝ անհատ տնտեսություններին աջակցություն է տրվում, ենթակառուցվածքներն են վերանորոգվում, սերմացուներ տրամադրում։ Այս ծրագիրը շատ կարևոր է, որովհետև որքան էլ սերմացու ունենանք, եթե չունենք բարեկարգ ճանապարհ և գյուղատնտեսություն վարելու ճիշտ գիտելիք, որ ստացել ենք ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների միջոցով, ցանկալի արդյունքի չենք հասնի»,- ասաց նա։

Անդրադառնալով հեռագնա արոտներ տանող ճանապարհի բարեկարգմանը՝ Անուշ Սարգսյանը նշեց. «Ծրագրի շրջանակում դրամական աջակցություն ենք ստացել հեռագնա արոտների բարեկարգման նպատակով: Որոշվել է ընտրել կարճ ճանապարհը, որը երկար տարիներ անմխիթար վիճակում է եղել և դժվարանցանելի էր: Այս տարի նպատակ ունենք ճանապարհը դարձնել ամբողջապես բանուկ և օգտագործելի: Այն մոտ 10 կմ-ով ու ավելի կարճ է հեռագնա արոտների այլընտրանքային ճանապարհից։ Այս ճանապարհը մինչև նախորդ տարի չի օգտագործվել: Նախորդ տարի «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» (ԷՄՀ) ծրագրի աջակցությամբ  850 հազար դրամի դրամաշնորհ ենք ստացել: Այդ գումարով բարեկարգել ենք ճանապարհի սկզբնամասը, որը սպասարկում էր և՛ վարելահողերի ճանապարհը, և՛ տանում էր հեռագնա արոտներ: LILA ծրագրով նաև վերջնամասն ենք վերանորոգում, որպեսզի մեր տարածքը նպատակային օգտագործենք։ Բայց սելավները և եղանակային պայմանները նպաստեցին, որ ավելի վատանա ճանապարհը: Որոշում կայացվեց, որ ոչ միայն փոսալցման, հարթեցման ու սալահարթեցման աշխատանքներն իրականացվեն, այլև՝ ջրահեռացման համակարգեր կառուցվեն որոշ հատվածներում, որպեսզի ջրափոսեր չառաջանան ու ջուրը ճանապարհը չքանդի»։

Անուշ Սարգսյանի խոսքով՝ դեպի արոտներ տանող ճանապարհի կրճատման արդյունքում հեռագնա արոտներից օգտվող տնտեսությունների թիվը կավելանա: «Այն արոտավայրերը, որոնք չէին օգտագործվում, կսկսեն օգտագործել։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ այս տարի արդեն իսկ ավելացել են օգտվողները: Սա մոտիվացիա է, որ մարդիկ ոչ թե գնեն խոտը, այլ ավելի էժան տարբերակով գնան իրենց համար անհրաժեշտ խոտը բերեն, օգտագործեն»:

Վերջին տարիներին կլիմայի փոփոխությունը Դեբեդում շատերն են նկատում: Բնակիչները պատմեցին, որ հիմա այնպիսի կենդանիներ կամ ծառատեսակներ են հանդիպում, որոնք նախկինում չեն եղել իրենց անտառներում: Կլիմայի փոփոխությունը նաև մեծ վնասներ է հասցրել գյուղի տնտեսություններին: «Մեծ վնասներ է կրում նոր զարգացող հողագործությունը, վնասվել են ցորենի արտերը, ճանապարհները։ Մի կողմից կարկուտ է, մի կողմից՝ ջրհեղեղ, մյուս կողմից՝ վատ ճանապարհ: Այդ ամենը կարող է հիասթափեցնել, որովհետև ծախսերի պատճառով գյուղացին իր օգուտը չի տեսնում։ Շատ կարևոր է կլիմայի փոփոխության հարմարավողականության միջոցառումների իրագործումը: Կարևորում եմ կանխատեսման մեթոդը, մարդիկ պետք է տեղյակ լինեն՝ ինչ է կատարվելու, եղանակային ինչ սպասելիքներ ունենան: Պայքարի մի ձևն էլ տեխնոլոգիական պետք է լինի: Մեր բնակավայրում չկան հակակարկտային կայաններ»,- ասաց Անուշ Սարգսյանը:

«Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» (ԷՄՀ) ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» 7-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Օգոստոս 16, 2024 at 13:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր