

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետներն ուսումնասիրել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի՝ COP29-ի ժամանակ ընդունված որոշումները:
Այդ որոշումները քննարկվեցին «СОР 29-ի արդյունքները և Հայաստանի կլիմայական քաղաքականության հիմնական ուղղությունները» կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակում՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Կոնֆերանսի ժամանակ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց դիտարկումները COP29-ում ընդունված որոշումների վերաբերյալ:
«Կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի մասին» որոշում
1․ COP29-ի հիմնական որոշումը «Կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի մասին» չի լուծում կլիմայական դիմակայունության խնդիրները։
2․ Փարիզյան համաձայնագրով սահմանված ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճանում զսպելու նպատակը մնաց նաև COP29-ում, սակայն չեն սահմանվել հանածո վառելանյութի կրճատմանն ուղղված սահմանափակումներ։
3․ Հիմնվելով ֆինանսական ուղղությունների վրա որպես նպատակ՝ կա անորոշություն ինչպես գումարի չափի, այնպես էլ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։ Օրինակ, մասնավոր ներդրումների ներգրավումը ոչ պատշաճ վերահսկողության պայմաններում իրենից ռիսկեր է ներկայացնում փողերի «կանաչ լվացման» առումով։
4․ Հաստատված տարեկան 300 միլիարդ դոլլարի ֆինանսավորումը, ըստ փորձագետների, կծածկի պահանջարկի 30 տոկոսը։ Միևնույն ժամանակ փաստագրվել է, որ անգամ նախկինում սահմանված տարեկան 100 միլիարդ դոլար ֆինանսավորումը պատշաճ չի կատարվել։
5․ Զարգացած ոչ մի երկրի բյուջեում այդ գումարները չեն ներառվել։
6․ Զարգացած և զարգացող երկրների դասակարգման հիմքում դրված չափորոշիչներն ի սկզբանե ճիշտ չեն սահմանվել, որի օրինակը Չինաստանին կամ Իսրայելին, Սաուդյան Արաբիային զարգացող երկրի կարգավիճակ տալն է։
7. Անտեսվել է քաղաքացիական հասարակության պահանջը՝ չտրամադրել կանաչ ֆինանսավորում այն երկրներին, որոնք ունեն բռնապետական ռեժիմ և հանածո վառելիքի արդյունահանող և արտահանողներ են։
Ածխածնային շուկայի ստեղծում
1․ Սակայն, ածխածնային շուկան գլոբալ առումով չի լուծում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման խնդիրը, քանի որ հիմնականում աշխատում է «Քվոտա բնության դիմաց» սկզբունքը։
2․ Փաստաթղթում նշվում է ազնվության վրա հիմնված գործարքների մասին, սակայն գնահատման մեխանիզմներ ներկայացված չեն և ոչ մի խոսք չկա դրանք ստեղծելու մասին, ինչը ռիսկեր է պարունակում փողի «կանաչ լվացման» առումով։
COP29․ հանուն կլիմայական գործողությունների՝ ջրերի վերաբերյալ Բաքվի հռչակագիր
1․ Փաստաթուղթը պարունակում է քաղաքական երանգներ, քանի որ հիմնական պահանջները հարևան երկրների երկխոսության և համագործակցության մասին ենթադրում են քաղաքական լուծումներ, սակայն որոշ երկրներ չունեն դիվանագիտական հարաբերություններ, խաղաղության պայմանագրեր, շարունակվող ռազմական կոնֆլիկտում են։ Այդ ֆոնին հնարավոր չէ գտնել լուծումներ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման գործում։
Հիշեցնենք, որ COP29-ին Հայաստանը որոշեց չմասնակցել: Բաքվում անցկացված կլիմայական համաժողովին տարբեր պատճառաբանություններով չմասնակցեցին նաև մի շարք երկրներ և առաջնորդներ: Միջազգային հանրության հորդորներեից է այլևս չանցկացնել COP-երը նավթարդյունաբերող երկրներում, քանի որ դա ազդում է որոշումների ընդունման վրա:
Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Դեկտեմբեր 12, 2024 at 14:59