

Նոյեմբերի 22-ին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցած ««Կլիմայի փոփոխության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին և նոր ԱՍԳ-ին ընդառաջ» թեմայով կլոր սեղանի ժամանակ «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը հանդես եկավ «Կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծման այլընտրանքային մոտեցում» զեկուցմամբ:
Քննարկումը կազմակերպվել էր «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Իր ելույթը Արամ Գաբրիելյանը սկսեց կլիմայի փոփոխությանը միտված համաշխարհային ջանքերի տարեգրությամբ: «1990թ․ Կլիմայի փոփոխության վերաբերյալ փորձագետների միջկառավարական խմբի առաջին գնահատման զեկույցից անցել է արդեն 34 տարի։ 1992թ. ընդունվել է ՄԱԿ–ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան», 1997թ․ Կիոտոյի արձանագրությունը (COP3)։ 2012թ. կատարվել է Կիոտոյի արձանագրության Դոհայի ուղղումը (COP18): 2015թ․ ընդունվել է Փարիզյան համաձայնագիրը (COP21)»: Փարիզյան համաձայնագրով սահմանված է ջերմաստիճանի բարձրացման զսպում 2 աստիճանի սահմաններում՝ ձգտելով այն հասցնել 1,5 աստիճանի։ Սակայն գլոբալ տաքացումը շարունակվում է և ընդհուպ մոտեցել է Փարիզյան համաձայնագրով սահմանված 1,5 աստիճանի սահմանագծին ու դրա աճի վերջը չի երևում»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի դրույթներին՝ նա մեջբերեց Հոդված 2-ից մի հատված. ««...հասնել մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի կայունացմանն այնպիսի մակարդակի վրա, որը թույլ չի տա վտանգավոր մարդածին ազդեցություն կլիմայական համակարգի վրա, այն ժամանակահատվածում, որը բավարար է էկոհամակարգերի բնական հարմարեցմանը կլիմայի փոփոխությանը...»: Այսինքն՝ նպատակ չի դրվում կանխել կլիմայի փոփոխությունը և համակարգը վերադարձնել նախկին բնական վիճակին, այլ միայն սահմանել այդ փոփոխությունների տեմպը (ժամանակահատվածը), որպեսզի «էկոհամակարգերը բնականորեն հարմարվեն այդ փոփոխություններին»»:
Արամ Գաբրիելյանի խոսքով՝ պարտավորությունների թերակատարումներ եղան Կիոտոյի արձանագրությանը միացած երկրների կողմից: «Առաջին բյուջետային ժամանակաշրջանի՝ 2008-2012թթ. համար «Կիոտո 1»-ում սահմանված են ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ դրանց աճի սահմանափակման չնչին ու չհիմնավորված քանակական պարտավորություններ միայն, այսպես կոչված, զարգացած 39 երկրների համար։ Դրանք միասնաբար պետք է կրճատեին իրենց արտանետումները 5%-ով 2008-2012թթ. ժամանակահատվածում 1990թ․ համեմատ։ Կիոտոյի արձանագրությունը ԱՄՆ-ն ստորագրեց, սակայն կոնգրեսը չվավերացրեց։ Արդյունքում պարտավորություններում ընդգրկվեց համաշխարհային արտանետումների 30%-ը 47%-ի փոխարեն։ Ասում են պարտավորությունները «գերակատարվել են»․․․ Սակայն փաստ է, որ ջերմոցային գազերի պարունակությունը մթնոլորտում աճել է։ Երկրորդ բյուջետային ժամանակաշրջանի՝ 2013-2020թթ. համար «Կիոտո 2»-ով Նոր Զելանդիան ու Ճապոնիան հրաժարվեցին ստանձնել պարտավորություն: «Կիոտո 2»-ից շարունակեցին դուրս մնալ ԱՄՆ-ն ու Կանադան: Եվրամիությունը 5 տարի «մտորում էր», արդյո՞ք արժե միայնակ մասնակցել «Կիոտո 2»-ում, այսինքն՝ զարգացած երկրների գումարային արտանետումների 1,3%-ի նվազեցմանը: Այս անգամ ևս հայտարարվեց, որ «Կիոտո 2»-ի պարտավորությունները գերակատարվել են: Իսկ ջերմոցային գազերի պարունակությունը մթնոլորտում շարունակեց աճել»,- ներկայացրեց Արամ Գաբրիելյանը։
Անդրադառնալով Փարիզյան համաձայնագրին՝ Արամ Գաբրիելյանն ընդգծեց, որ այդ բազմակողմանի պայմանագրով սահմանված չէ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման որևէ քանակական պարտավորություն որևէ երկրի (պետության) համար։ «Սահմանափակում է դրված միայն գլոբալ միջին կլիմայական ջերմաստիճանի «թույլատրելի» բարձրացման նկատմամբ։ Այդ իմաստով այն, նույնիսկ, հետնահանջ է Կիոտոյի արձանագրությունից։ Փաստացի, Փարիզյան համաձայնագրով թույլ է տրված կլիմայի փոփոխությունը շարունակել ու հասցնել այնպիսի վիճակի, որը կհամապատասխանի մթնոլորտի գլոբալ միջին կլիմայական ջերմաստիճանի բարձրացմանը 2 աստիճանով՝ նախաարդյունաբերական միջին ջերմաստիճանի համեմատ։ Սա Փարիզյան համաձայնագրի կոլեկտիվ նպատակն է։ Իսկ ի՞նչ հասկանալ «գլոբալ միջին կլիմայական ջերմաստիճանի բարձրացում» ասելով: Ջերմոցային գազերը կլանում են ոչ թե ջերմաստիճան, այլ ճառագայթային էներգիա, ինչն օդում վեր է ածվում ջերմային, նաև՝ մեխանիկական էներգիայի, ինչը մասամբ արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացմամբ։ Այս ամենը կարևոր է, որպեսզի հասկանալ օդևրևութաբանական վտանգավոր երևույթների աճի, սաստկացման պատճառներն ու հետևանքները»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ ըստ Փարիզյան համաձայնագրի՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչպես պետք է պայքարի կլիմայի փոփոխության դեմ: «Ուստի պարտավորություն բառի փոխարեն օգտագործվում է ներդրում բառը։ Այս մոտեցումը կոչվում է ներքևից վեր մոտեցում: Փաստորեն, երկիրը կարող է որպես իր ներդրում նախատեսել ջերմոցային գազերի արտանետումների ավելացում: Օրինակ՝ 2021 թվականի պաշտոնական դիրքորոշմամբ (ԱՍԳ) Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է մինչև 2030թ. իր արտանետումները 50%-ով ավելացնել 2019թ. արտանետումների համեմատ։ Փարիզի համաձայնագրի ներքևից վեր մոտեցումը թույլ է տալիս կլիմայի փոփոխության դեմ պայքարի նման ռազմավարություն»,- նշեց նա:
Ըստ Արամ Գաբիելյանի՝ անհրաժեշտ է մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի նորարարական դոկտրին, որն ի տարբերություն Փարիզյան համաձայնագրի, հիմնված կլինի «վերևից ներքև» մոտեցման վրա, «Էկոլոգիական ամբողջականության» և էկոհամակարգային մոտեցման վրա՝ «կանաչ էկոնոմիկայի» հիմնարար սկզբունքներին համապատասխան: «Այն հիմնված կլինի նաև կլիմայական ռեսուրսներից օգտվելու բոլոր մարդկանց հավասար իրավունքների, նաև հավասար պատասխանատվության վրա՝ անկախ սեռից, տարիքից, ծագումից, բնակության վայրից և այլն»,- ընդգծեց նա:
Արամ Գաբրիելյանի խոսքով՝ նշված դոկտրինի հիմքում պետք է ընկած լինեն հետևյալ մոտեցումները.
- Չգերազանցել ջերմոցային գազերի արտանետումները բնության ինքնավերականգման ունակության սահմանից: Այդ սահմանային, էկոլոգիապես թույլատրելի չափաքանակները նորմավորել աշխարհի բնակչության յուրաքանչյուր անձի նկատմամբ հավասարաչափ և, այդ ցուցանիշից ելնելով, սահմանել ջերմոցային գազերի կրճատմանը նպատակաուղղված յուրաքանչյուր պետության պարտավորությունը:
- Ի տարբերություն միջպետական՝ երբեմն միմյանցից տրամագծորեն տարամետ շահերից, երկրների քաղաքացիական հասարակության շահերը կլիմայի փոփոխության կանխման հարցում համընկնում են: Ուստի, երկրների միջև համագործակցությունը պետք է առավելապես զարգացնել ու խորացնել քաղաքացիական հարթակում:
- Կլիմայի փոփոխության կանխման կարգավորումները պետք է հենված լինեն արդարության սկզբունքի վրա, որը բխում է մարդկանց բնական իրավունքներից։
- Ամրապնդել ու խորացնել տարածաշրջանային համերաշխությունը, որը նպաստում է էկոհամակարգային մոտեցման վրա ձևավորված համագործակցությանը: Այդ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել միակ իրական շահառու՝ քաղաքացիական հասարակության մոտիվացված մասնակցությամբ, որի համար անհրաժեշտ է ձևավորել քաղաքացիական հասարակության ներգրավման մեխանիզմ՝ իր հստակ, օբյեկտիվորեն գործող լծակներով, ներառյալ՝ ֆինանսական:
Արամ Գաբրիելյանը ներկայացրեց առաջարկվող դոկտրինի կյանքի կոչման ճանապարհի իր պատկերացումներն ու առաջարկները. ««Վերևից ներքև» մոտեցմամբ բաշխել բոլոր պետությունների միջև արտանետումների բյուջեն հավասարաչափ բաժնեմասերով (քվոտաներով) ըստ պետության բնակչության թվի՝ որպես ժամանակավոր թույլատրելի չափաքանակ։ Ինչպես նաև անհրաժեշտ է սահմանել բյուջեի սպառման ժամկետի համար արտանետումների ու կլանումների զրոյական հաշվեկշիռ ֆիքսված տարվա համար: Այդ թիրախի առկայությունը թույլ կտա քննարկել ֆինանսավորման մեխանիզմը»:
Անդրադառնալով ֆինանսավորման աղբյուրներին՝ Արաբ Գաբրիելյանը նշեց. «Պետք է սահմանել ջերմոցային գազերի արտանետումների դիմաց «ածխածնային բնավճար» (Carbon Taxing)՝ հիմնվելով «աղտոտողը վճարում է» սկզբունքի վրա և ուղղել այն այդ նպատակով ստեղծված համաշխարհային կլիմայական ներդրումային հիմնադրամին։ Այնուհետև, հիմնադրամի ֆինանսական միջոցներն ուղղել բոլոր մասնակից երկրներին ըստ բնակչության թվի որպես կլիմայական շրջանառու ներդրումային կապիտալ՝ հատկացնելով երկրի բոլոր բնակիչներին մեկ շնչի հաշվով հավասար քանակությամբ անօտարելի ներդրումային վաուչերների տեսքով՝ ցածրածխածնային զարգացման ծրագրերի իրականացման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու նախագծերի ֆինանսավորման համար։ Ներդրումների շրջանառությունը և ջերմոցային գազերի արտանետումների դիմաց մշտական վճարումները կապահովեն կայուն հիմունքներով հիմնադրամի կապիտալիզացիան և կխրախուսեն արտանետումների կրճատումը, որպեսզի ավելի քիչ վճարեն և ավելի շատ ստանան»:
Ըստ բանախոսի՝ նախաձեռնության իրականացումը թույլ կտա հաղթահարել Փարիզյան համաձայնագրի հիմնական թերությունը՝ արտանետումների քվոտաների բացակայությունը և սահմանել արտանետումների կրճատման քանակական պարտավորություններ՝ կամավոր ներդրումների փոխարեն։ «Հնարավոր կլինի լիարժեքորեն կիրառել միջազգային համագործակցության գործիքները համաձայն Փարիզյան համաձայնագրի 6-րդ հոդվածի 6.8-րդ և 6.4-րդ կետերը։ Ունենալ հարմարվողականության հուսալի ֆինանսական գործիք, հիմքեր դնել «կորուստների և վնասների» սպառնալիքների նվազեցման և կանխարգելման, ինչպես նաև դրանց փոխհատուցման համար, համաձայն Փարիզյան համաձայնագրի 8-րդ հոդվածի՝ ներդնելով փոխադարձ ապահովագրական համակարգեր։ Եվ վերջապես՝ սահմանել ողջամիտ քանակական շրջանակ երկրների ջերմոցային գազերի արտանետումների կրճատման համար՝ իրենց թարմացված 5-ամյա ԱՍԳ-ները մշակելու համար»,- ասաց նա:
Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Դեկտեմբեր 10, 2024 at 17:09