

«Աղբի տունը աղբամանն է». տեղում իրենց պատրաստած պաստառին կարգախոս մտածեցին Իջևանի «Բացառիկ» թիմի երիտասարդները, ովքեր իրենց բարձրաձայնած բնապահպանական խնդրի լուծման առաջարկը պետք է ներկայացնեին ոչ իրական ՏԻՄ-ին «Կլիմայի փոփոխությունը Հայաստանում և բնական աղետները» թեմայով դասընթացի ժամանակ։
Լոռու մարզի «Դը բա լավը» թիմի մասնակիցներն էլ ներկայացրին ընկնելու վտանգ ներկայացնող ժառաբեկորի չեզոքացման իրենց ծրագիրը։ Խաղարկային վարժության միջոցով երիտասարդները սովորեցին, թե ինչպես պետք է բնապահանական խնդիրները ներկայացնել որոշումներ կայացնողներին և ինչպես երկխոսել լուծումներ գտնելու համար։ Մինչ այդ, նրանց համար տեղեկատվական հենք հանդիսացավ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի վարած դասընթացը՝ «Կլիմայի փոփոխությունը Հայաստանում և բնական աղետները» թեմայով։
Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց Հայաստանում կլիմայի փոփոխության մարտահրավերները, կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման միջոցառումները, ինչպես կարելի է սեփական գործողություններով նպաստել էներգախնայողությանը, ինչ բնական վտանգների տեսակետից որքանով է խոցելի Հայաստանը և ինչ քայլեր է պետք անել նման վտանգների դեպքում։
Վիկտորյա Բուռնազյանը դասընթացն անցկացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի նախագահ Նատալյա Մարտիրոսյանի հրավերով Իջևանի «Loft Ijevan» ժամանցի և ինքնազարգացման կենտրոնում «Միջսերունդների համագործակցությունը բնական աղետների և նոր սպառնալիքների դեպքում» ծրագրի շրջանակում։
Դեկտեմբեր 24, 2024 at 16:56