

Նոյեմբերի 22-ին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ ««Կլիմայի փոփոխության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին և նոր ԱՍԳ-ին ընդառաջ» թեմայով կլոր սեղանը: «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը ներկայացրեց «Կլիմայի փոփոխության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները։
«Նախագիծը շրջանցում է արդարադատության և սոցիալական արդարության սկզբունքների պահպանումը, կլիմայի փոփոխության ազդեցության և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման կարգավորումները», - ասաց Ռոզա Ջուլհակյանը՝ առաջարկելով կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ որպես օրենքի սկզբունք սահմանել արդարադատությունը և սոցիալական արդարությունը։
Անդրադառնալով օրենքի նախագծում համայնքներին վերաբերող կետերին՝ նա նշեց. «Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի համայնքներին աջակցության երաշխավորումն ամրագրված է հոդված 6-ի 2-րդ կետի 6-րդ ենթակետում։ Սակայն չի տրվում այդ երաշխավորման ապահովման գործիքակազմը։ Նախատեսված չէ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ու կլանիչների ընդլայնման հարցերում համայնքներին աջակցության դրույթ»։ Որպես խնդրի կարգավորման լուծում նա առաջարկեց.
1․ ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ ամրագրելով կլիմայի փոփոխության դիմակայությանն ուղղված համայնքային ծրագրերի ֆինանսավորման համար պահանջվող մասնահանումների իջեցում։
2․ «Կլիմայի փոփոխության մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ու կլանիչների ընդլայնման հարցերում համայնքներին աջակցության դրույթ։
Բանախոսն առաջարկեց օրենքի նախագծով ամրագրած՝ համայնքային բյուջեի նշագրման պահանջը դարձնել իմպերատիվ՝ պարտադիր կատարման ենթակա պահանջ և դրա բավարարման համար հետագայում գտնել համայնքային հաստիքները համապատասխան մասնագետի հաստիքով համալրելու հնարավարություն։
Օրինագծով նախատեսված է, որ համայնքները պետք է մասնակցեն կլիմայական բաղադրիչներ ներառող իրավական ակտերի մշակման գործընթացին։ Այս գործընթացի ապահովման համար կարևորվեց իրավական ակտերի մշակման ընթացակարգերում լրացումների կատարումը։
Բանախոսը նշեց նաև օրինագծի պահանջները խախտելու դեպքում պատասխանատությունները կիրարկելու համար «Իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։
Քննարկվեց օրենքի նախագծով նախատեսված՝ ազգային խորհրդում և աշխատանքային խմբերում հասարակական միավորումների և փորձագետներերի՝ առանց վարձատրության աշխատանքի դրույթը։ Առաջարկվեց մշակել մասնագետների մոտվացման մեխանիզմներ։ ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրի համակարգող Արտակ Բաղդասարյանն արձագանքելով նշեց, որ հասարակական միավորումները և փորձագետները շահագրգիռ կողմեր են և անհրաժեշտություն չկա ֆինանսական առումով մոտիվացնել նրանց աշխատելու համար:
Անդարդառնալով օրինագծով նախատեսված ջերմոցային գազերի արտանետումների համար կազմակերպությունների թույլտվությունների ստացման թեմային՝ Ռոզա Ջուլհակյանը նշեց․ «Քանի որ նույն՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով կազմակերպություններից պահանջվում է նաև մթնոլորտ վնասակար նյութերի համար թույլտվություն ստանալու, արտանետումների քանակի և կանխարգելման պլանի կատարողականի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջ, ուստի կազմակերպությունների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն չստեղծելու և գործառույթի կրկնությունից խուսափելու համար օրենքի նախագծում նպատակահարմար է նախատեսել կազմակերպության կողմից ջերմոցային գազերի և վնասակար նյութերի արտանետումների մեկ միասնական թույլտվություն ստանալու պահանջ՝ կատարելով փոփոխություններ և լրացումներ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում»։
Բանախոսի կողմից որպես բաց նշվեց նաև այն, որ նախագծի գլուխ 9-ով կլիմայական գիտությունների ոլորտում կրթության, վերապատրաստման, նորարարությունների, տեխնոլոգիաների փոխանցման և գիտելիքների տարածման և կլիմայական հետազոտությունների ոլորտների կարգավորման լիազոր մարմին է սահմանված բացառապես ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը: «Մինչդեռ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի կլիմայի ոլորտում հետազոտությունների և կանխատեսումների գիտական ինչպես երկարատև փորձ, այնպես էլ՝ տեխնիկական հագեցվածության որոշակի մակարդակ։ Այդ կառույցի ներուժի օգտագործումը դուրս է մնացել օրենքի նախագծից»,- նշեց Ռոզա Ջուլհակյանը: Նա առաջարկեց օրենքի նախագծում տարանջատել լիազոր մարմինները: «Կլիմայական գիտությունների ոլորտում կրթության, վերապատրաստման, նորարարությունների, տեխնոլոգիաների փոխանցման և գիտելիքների տարածման հարաբերությունների կարգավորումները վերապահել Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությանը: Բայց միևնույն ժամանակ նախատեսել կլիմայական հետազոտությունների գիտական կենտրոնի ստեղծում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում»,- ընդգծեց նա։
Կլոր սեղանը կազմակերպվել էր «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակում, որն Էկոլուրն իրականացրել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ։
Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Դեկտեմբեր 11, 2024 at 21:48