Կլոր սեղան՝ CEPA-ի ճանապարհային քարտեզի թարմացմանն ընդառաջ

Կլոր սեղան՝ CEPA-ի ճանապարհային քարտեզի թարմացմանն ընդառաջ

2024թ. սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «ՀԸԳՀ-ի (CEPA) ճանապարհային քարտեզի թարմացմանն ընդառաջ» կլոր սեղանը: ՀԸԳՀ-ն (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ստորագրվել է 2017թ. ՀՀ, ԵՄ և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև:



Կլոր սեղանը կազմակերպվել էր Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում:



Քննարկմանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԶԾ կլիմայական ծրագրի թիմի, GOPA-PACE կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանին ՀԸԳՀ-ի իրականացման, մշտադիտարկման և տեղեկացվածության բարձրացման» ծրագրի,  Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների և կլիմայական տեսանկյունից խոցելի Մարտունի և Փամբակ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչները:



Հանդիպման ժամանակ քննարկվեց CEPA-ի ճանապարհային քարտեզի թարմացման վերաբերյալ կլիմայական գործողություններին ուղղված առաջարկությունների փաթեթը՝ հիմված էկոլուրի կողմից CEPA-ի և դրա կիրարկման ճանապարհային քարտեզի՝ կլիմային առնչվող գործողությունների կատարման վերլուծության վրա։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն իր բացման խոսքում նշեց, որ ներկայում կլիմայի փոփոխության վերաբերյալ դրույթներ են ներառված ամենատարբեր օրենսդրական ակտերում: «Մեր երկիրը պատասխանատվություն է կրում ոչ միայն Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համար, այլև՝ CEPA-ի համաձայնագրի կլիմայի վերաբերյալ դրույթների կատարման համար: Հասարակության և համայնքների մասնակցությունը կլիմայական քաղաքականությունների իրականացման գործընթացներում պարտադիր է, քանի որ այդ բոլոր քաղաքականություններն իրականացվում են համայնքներում»,- ասաց նա:



«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և փորձագետ Ռոզա Ջուլհակյանը ներկայացրին CEPA-ի շրջանակում կիրարկման ճանապարհային քարտեզի՝ կլիմային առնչվող գործողությունների կատարման վերլուծությունը:



Հաջորդ հրապարակման մեջ կներկայացվի ՀՀ փոխվարչապետի գրասենյակի համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Հայրապետյանի ելույթը:

Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ:

Սեպտեմբեր 19, 2024 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր