Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովի նախօրեին. 1-ին թողարկում

Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովի նախօրեին. 1-ին թողարկում

Համաշխարհային մարդասիրական հանրությունը մտահոգություն է հայտնում 2024 թվականի կլիմայական գագաթնաժողովի առնչությամբ, որն անցկացվելու է Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Վստահորեն կարող ենք եզրակացնել, որ Բաքվի ռեժիմի խնդրահարույց հարցերը երկու ճամբարի են բաժանել ոչ միայն հասարակությանը, այլ նաև միջազգային բարձր քաղաքական շրջանակները։

Հիմնական հարցերը վերաբերում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակին և Փարիզյան համաձայնագրին Ադրբեջանի նավթային քաղաքականության անհամատեղելիությանը:

Ահա, թե ինչ է գրում Human Rights Watch միջազգային հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը սեպտեմբերի 24-ին հրապարակված հոդվածում։

«Համաժողովն անցկացվում է Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի իրավիճակի ֆոնին։ Անկախ քաղաքացիական ակտիվիզմի նկատմամբ Ադրբեջանի կառավարության թշնամանքը մտավախություն է առաջացնում՝ արդյոք անկախ քաղաքացիական հասարակության անդամները, ակտիվիստները, իրավապաշտպանները և լրագրողները կկարողանան բովանդակալից մասնակցություն ունենալ COP 29-ին...

Աճում է գլոբալ կոնսենսուսը՝ այդ թվում Միջազգային էներգետիկ գործակալության և Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագետների խմբի կողմից, որ չեն կարող լինել նավթի, գազի կամ ածխի նոր նախագծեր, եթե երկրները ցանկանում են հասնել կլիմայական գլոբալ նպատակներին:

Չնայած Ադրբեջանը վերջերս ներդրումներ է կատարել վերականգնվող էներգիայի ոլորտում, նրա նավթագազային արդյունաբերությունն ապահովում է կառավարության եկամուտների կեսը: 2024 թվականի ապրիլին կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, որը նվիրված էր COP 29-ի նախապատրաստմանը,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ երկրի նավթի և գազի պաշարները «Աստծո նվերն են»՝ ենթադրելով, որ Ադրբեջանն իրավունք ունի ընդլայնել նավթի և գազի արդյունահանումը այն դեպքում, երբ բոլոր երկրներին կոչ է արվում աստիճանաբար դադարեցնել հանածո վառելիքի արտադրությունն ու օգտագործումը:

Նա նաև հայտարարեց գազի արդյունահանման ընդլայնման ծրագրերի մասին՝ հիմնականում ի պատասխան Եվրամիության շուկայի պահանջների: ԵՄ-ն ադրբեջանական գազի խոշոր ներկրողն է, և 2022 թվականին պայմանագիր է ստորագրել մինչև 2027 թվականն Ադրբեջանից գազի ներկրումը կրկնապատկելու մասին։ Նույն հանդիպմանը Ալիևն ասել է, որ Ադրբեջանը «կպաշտպանի հանածո վառելիքով հարուստ մյուս երկրների իրավունքը՝ շարունակել ներդրումներն ու արտադրությունը, քանի որ դա աշխարհին է պետք»։

Ակնկալվում է, որ COP 29-ին կառավարությունները կսահմանեն կլիմայի ֆինանսավորման նոր գլոբալ թիրախ՝ աջակցելու զարգացող երկրների կարիքների մեղմման և հարմարվողականության ջանքերին: Ծախսերն ապշեցուցիչ են, և, ինչպես նշել է Համաշխարհային բանկը, կլիմայի ֆինանսավորման կարիքները ՀՆԱ-ի տոկոսից ավելի մեծ են այն երկրներում, որոնք ամենաքիչն են նպաստել գլոբալ տաքացմանը:

Մարդու միջազգային իրավունքն առաջարկում է այս ֆինանսավորման նպատակներին հասնելու կարևոր հիմքեր: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը կառավարություններին պարտավորեցնում է միջազգային համագործակցություն և աջակցություն ապահովել, որպեսզի բոլոր երկրները կարողանան կատարել իրենց պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, որոնք ներառում են առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը, ինչպես նաև այլ իրավունքներ՝ կապված առողջապահության, ջրի, սանիտարահիգիենիկ և այլ պայմանների հետ։

Մարդու իրավունքները վերաբերում են նաև ֆինանսավորման ընթացակարգային ասպեկտներին, որոնք պահանջում են թափանցիկ, հաշվետու և մասնակցային գործընթաց: Կլիմայի ֆինանսավորման միջոցառումները պետք է ներառեն նաև մարդու իրավունքների սկզբունքների ապահովում, երաշխիքներ, ինչպիսիք են գիտակցված համաձայնությունը և խորհրդակցությունը բոլոր ներգրավված խմբերի հետ:

Նույնքան կարևոր է, որ մարդու իրավունքների շրջանակն ընդգծում է էկոլոգիապես կայուն տնտեսության արդար անցման անհրաժեշտությունը: Քանի որ պետությունները բանակցում են ֆինանսական նոր թիրախների շուրջ, նրանք պետք է պարտավորվեն դադարեցնել բոլոր տեսակի աջակցությունը, ներառյալ սուբսիդիաները և միջազգային ֆինանսավորումը նավթի, գազի և ածխի հանքավայրերի շահագործման համար, որպեսզի արագորեն նվազեցնեն արտանետումները և սահմանափակեն կլիմայի փոփոխության ազդեցությունը:

Միևնույն ժամանակ, նրանք պետք է համարժեք միջոցներ ձեռնարկեն՝ երաշխավորելով, որ դրա հետ կապված ցանկացած թանկացում չի խաթարի մարդկանց տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները:

Ադրբեջանի կողմից խոսքի ազատության և խաղաղ հավաքների ճնշումը լուրջ մտահոգություններ է առաջացնում՝ արդյոք անկախ քաղաքացիական հասարակության անդամները, ակտիվիստները, իրավապաշտպանները և լրագրողները կկարողանան COP 29-ին բովանդակալից մասնակցություն ունենալ։

Ադրբեջանի իշխանություններն ունեն խոսքի ազատության, խաղաղ բողոքի ցույցերի արագ և հաճախ դաժանորեն ճնշման և անկախ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կաթվածահար անելու համար կործանարար օրենքների կիրառման երկար պատմություն:

Տարիներ շարունակ իշխանությունները բանտարկելով վրեժխնդիր են եղել կառավարության քննադատներից, հատկապես նրանցից, ովքեր բացահայտում են կոռուպցիան և մարդու իրավունքների խախտումները։ Քննադատները, ովքեր աշխատում են քաղաքականապես զգայուն հարցերի շուրջ, ավելի մեծ ռիսկի տակ են:

Անցած տարվա ընթացքում անկախ թերթերի դեմ ճնշումները հանգեցրել են առնվազն 31 անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և գիտնականների ձերբակալության կամ դատապարտման տարբեր կեղծ քրեական մեղադրանքներով: Գրեթե բոլորը մնում են նախնական կալանքի տակ։ Բնապահպանական խնդիրներով մտահոգ ակտիվիստները կառավարության բռնաճնշումների հետ բախվեցին 2023 թվականի հունիսին: Արևմտյան Ադրբեջանի Սոյուդլու գյուղի բնակիչները բողոքում էին ոսկու հանքի տոքսիկ թափոնների վտանգներից։ Ոստիկանները դաժանորեն ցրեցին խաղաղ ցույցը, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվեցին։ Ոստիկանությունը շաբաթներ շարունակ սահմանափակեց մուտքը դեպի գյուղ, վտարեց լրագրողներին և առգրավեց նրանց հեռախոսները։  Իշխանությունները գյուղի 8 բնակիչների ենթարկեցին վարչական պատասխանատվության բողոքի ցույցերին մասնակցելու համար:

Ապրիլին ադրբեջանական իշխանությունները ձերբակալեցին վետերան իրավապաշտպան Անար Մամեդլիին կեղծ «մաքսանենգության» մեղադրանքով ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ նա ստեղծեց «Արդարադատության կլիմա» նախաձեռնությունը՝ COP 29-ին ընդառաջ Ադրբեջանում քաղաքացիական ազատությունների և բնապահպանական արդարադատության պաշտպանության նպատակով:

2023 թվականի հունիսին, կեղծ հետապնդման մեկ այլ օրինակով իշխանությունները ձերբակալեցին հայտնի գիտնական, տնտեսագետ և ակտիվիստ Գուբադ Իբադօղլուին, ով աշխատել էր Ադրբեջանի վառելիքի արդյունաբերության մեջ կոռուպցիայի բացահայտման ուղղությամբ և եկամուտների թափանցիկության կոչ էր անում: 53-ամյա Իբադօղլուն հիմնականում աքսորի մեջ է ապրում 2015 թվականից, երբ իշխանությունները բռնի կերպով փակեցին նրա հիմնադրած տնտեսական հետազոտական խումբը: 2023 թվականին հիվանդ մորը տեսակցելու համար երկիր վերադառնալուց մի քանի շաբաթ անց ոստիկանությունը ձերբակալեց նրան։ Նրա դեմ փաստաթղթեր կեղծելու և ծայրահեղականության կեղծ մեղադրանքներ առաջադրվեցին, 9 ամիս պահեցին նախնական կալանքի տակ։ Այդ ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ, իսկ իշխանությունները չցուցաբերեցին պատշաճ բժշկական օգնություն։ Ապրիլին նա անցավ տնային կալանքի տակ և այժմ սպասում է դատավարությանը: Նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։

Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց COP 29-ի ներառական գործընթացին իր հանձնառության մասին՝ հավելելով, որ «COP 29-ի նախագահությունն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի բոլորի ձայները լսելի լինեն, իսկ տեսակետները՝ դիտարկված և հաշվի առնված, որպեսզի մենք կարողանանք հասնել ներառական արդյունքների ընդհանուր որոշումների հիման վրա»:

Ադրբեջանի իշխանությունները պետք է այս պարտավորությունն իրականություն դարձնեն։ Կառավարությունը պետք է փոխի քննադատների հետ հաշվեհարդար տեսնելու իր պրակտիկան՝ սկսած քաղաքական դրդապատճառներով կալանավորված և բանտարկված լրագրողների և ակտիվիստների անհապաղ ազատ արձակումից:

Ադրբեջանի իշխանությունները պետք է հանեն բոլոր մեղադրանքները և անհապաղ ազատ արձակեն Անար Մամեդլիին՝ վետերան իրավապաշտպանին, ով հիմնել է «Արդարադատության կլիմա» նախաձեռնությունը մինչև COP 29-ը: Նրանք պետք է նաև հանեն բժիշկ Գուբադ Իբադօղլուի դեմ մեղադրանքը և թույլ տան նրան հեռանալ երկրից բուժման նպատակով։

Ադրբեջանը պետք է հայտարարի, որ թույլ կտա կլիմայական ակտիվիստներին խաղաղ հավաքվել COP 29-ի ժամանակ։ Կառավարությունը պետք է աջակցի, այլ ոչ թե սահմանափակի անկախ խմբերին՝ այդ թվում վերանայելով սահմանափակող օրենսդրությունը, որոնք կարգավորում են ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեությունը:

Անդամ երկրները պետք է ընդգծեն ծաղկող և անկախ քաղաքացիական հասարակության կարևորությունը, որպեսզի հասնեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողություններին։ Նրանք պետք է ճնշեն Ադրբեջանի կառավարությանը՝ կատարելու իր հանձնառությունները մարդու իրավունքների ոլորտում և անհապաղ ազատ արձակելու կամայականորեն կալանավորված ակտիվիստներին և իրավապաշտպաններին:

Քարտուղարությունն Ադրբեջանի կառավարության հետ Կլիմայի փոփոխության վերաբերյալ Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանն անցկացնելու մասին համաձայնագիրը ստորագրել է 2024 թվականի օգոստոսի 26-ին, սակայն համաձայնագիրը չի հրապարակվել։

Նա պետք է ընդունող կողմի մասին համաձայնագիրը հրապարակի և երաշխավորի, որ այն «արտացոլի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային իրավունքով նախատեսված համապատասխան պարտավորությունները», ինչպես սահմանված է կողմերի 2023 թվականի հունիսի որոշմամբ:

Կողմերը նաև կոչ են արել քարտուղարությանը շարունակել ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և երաշխավորել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսներում բոլոր դիտորդների արժանապատվությունը և անվտանգությունը: Քարտուղարությունը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»-, նշված է Human Rights Watch-ի հոդվածում։

Սեպտեմբեր 24, 2024 at 19:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր