Պատմական հարուստ ժառանգությամբ Եղեգիսի մերօրյա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները

Պատմական հարուստ ժառանգությամբ Եղեգիսի մերօրյա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները

Եղեգիս գետի հարևանությամբ ճանապարհը մեզ տանում է նույնանուն Եղեգիս համայնք, ձգվում  պտղատու այգիների, Վայոց ձորի դարչնագույն լեռների միջով։ Եվ ահա մեր առջև բացվում է Եղեգիս համայնքն իր պատմամշակութային, հոգևոր և բնական հարուստ ժառանգությամբ։ Եղեգիսի 16 գյուղերը Հայաստանի գողտրիկ անկյուններից են։ Այցելելով Եղեգիսի գյուղեր՝ առնչվում ես հայ ժողովրդի պատմական անցյալին, տեսնում դարերից եկած եկեղեցիներ, ամրոցների ավերակներ, խաչքարեր։ Բնությունը շռայլ է գտնվել այս համայնքի նկատմամբ։ Այստեղով են հոսում Եղեգիս գետն իր վտակներով, սառնորակ աղբյուրներ, տաք և թթու ջրեր։ Եղեգիսն առանձնահատուկ է նաև իր տարածքում ապրող վայրի կենդանիներով, բուսական աշխարհով։   

Համայնքի Արտաբույնք և Եղեգիս բնակավայրերի միջև գտնվող  բլուրի վրա  է տեղակայված «Սմբատաբերդ» ամրոցը, որը եղել է  Օրբելյան իշխանների ռազմաքաղաքական, վարչական, տնտեսական զարգացման կենտրոն։ Այն կապված է եղել Մետաքսի ճանապարհի հետ: 

«Սմբատաբերդ» ամրոցը/Վիքիպեդիա

«Սմբատաբերդ»-ից հյուսիս-արևմուտք գտնվում է Ցաղացքար եկեղեցական համալիրը, որը կառուցվել է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում։

Ցաղացքար եկեղեցական համալիր/Վիքիպեդիա

Շատին բնակավայրի տարածքում է գտնվում «Շատիվանք» եկեղեցիական-պատմաճարտարապետական-պատմամշակութային համալիրը, որը եղել է հայ մտքի, գիր ու գրականության, մշակույթի զարգացման կենտրոն։

Շատիվանք/hushardzan.am

Շատին, Արտաբույնք և Եղեգիս բնակավայրերի միջև ժամանակին եղել է Եղեգիս քաղաքը, որտեղ 12-13-րդ դարերում կազմավորվել է  հրեական համայնք։ Եղեգիս բնակավայրում առ այսօր պահպանվել է հրեական գերեզմանատուն։

Հրեական գերեզմանատուն/hushardzan.am

Եղեգիսում է գտնվում նաև Սուրբ Ստեփանոս (Զորաց) (XIII դար) եկեղեցին, որտեղ ժամանակին զինվորներն օրհնություն են ստացել մարտի մեկնելուց առաջ։

Զորաց եկեղեցի/Վիքիպեդիա

Եղեգիսի Աղնջաձոր բնակավայրում է գտնվում Օրբելիների քարավանատունը, որը 1332 թվականի կառույց է, Հայաստանի միջնադարյան ճարտարապետության եզակի կառույցներից մեկը։

Օրբելիների քարավանատուն/Վիքիպեդիա

Աղնջաձորից 4 կմ հյուսիս գտնվում են Կապույտ բերդի ավերակները (IV-XIV դարեր), որը դասվել է Սյունյաց երկրի նշանավոր և անառիկ բերդերի շարքին։

Կապույտ բերդ/hushardzan.am

Գյուղը հարուստ է խաչքարերով (IX-XIV դարեր) և կամուրջներով (XIII-XV դարեր, XVIII-XIX դարեր):

Հերմոն գյուղում պահպանվել են 13-րդ դարի Հերմոն և Արատես վանքերը։

Հերմոնի վանք/Վիքիպեդիա

Արատեսի վանք/Վիքիպեդիա

Բարձր լեռնային Վարդահովիտ գյուղում է գտնվում Գետիկվանքը, որը նախկինում եղել է Գետիկ ամրոց։ Այստեղ սկիզբ են առնում բնական տաք և թթու ջրերի ակունքներ։

Գետիկվանք/Վիքիպեդիա

Բնական գազով ջրերով է հարուստ Հորբատեղ բնակավայրը։ «Հորբատեղի գեյզերը» դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։

Հորբատեղի գեյզեր/Վիքիպեդիա

Հորսում է գտնվում 13-րդ դարում կառուցված Չեսարի իշխանի առանձնատունը, որը անվանում են «Չեսարի դարպասներ»։

Չեսարի դարպաս/Վիքիպեդիա

Հորս գյուղում է գտնվում նաև իշխանական գերեզմանատունը։ Հորսի լիճը գտնվում է գյուղից 4կմ վերև, Բութ մատ կոչվող լեռնաշղթայի ստորոտում, որից անմիջապես հետո սկսվում է Հորսի անտառը։

Հորսի լիճ/campinginarmenia.com

Պատմական հարուստ անցյալով Եղեգիս համայնքն այսօր ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 16 գյուղական բնակավայրերից կազմված վարչական միավոր։ Տեղի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունը, մեղվապահությունն ու անասնապահությունն է։

Գյուղատնտեսական գործունեությունն կախվածություն ունի կլիմայական պայմաններից, գետերի վիճակից։ Մերօրյա Եղեգիսի գետերը ծանրաբեռնված են փոքր ՀԷԿ-երով, որոնք խախտում են գետերի էկոհամակարգի հավասարակշռությունը։

Արդյունքում վերացել են գետային ձկնատեսակները, վատացել է գետի սանիտարական վիճակը և միկրոկլիման, իսկ ափամերձ տարածքներում ջրի սակավությունից չորանում են ծառերը։

Էկոլուրն ուսումնասիրել է Եղեգիս համայնքի խնդիրները և մշակել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» տեղեկատվական մոդուլը։

Մոդուլը ներկայացվեց Եղեգիսի ՏԻՄ ներկայացուցիչներին և տեղի ակտիվ բնակիչներին։

Սակավաջրության խնդրի մեղմման համար Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանն առաջարկում է ամբարել ջուրը։ «Պետք է ջրամբարներ կառուցենք և կուտակենք մեր ջուրը», - նշեց նա։

Առանձնահատուկ շեշտվեց, որ հաճախակի են դարձել կովկասյան գորշ արջի կողմից տնային տնտեսությունների վրա հարձակումները։ «Արջերը լցվում են գյուղերը», - նշեցին բնակիչները։  

Եղեգիսը գազաֆիկացված չէ։ Մարդիկ ձմռանը տները ջեռուցում են աթարով և վառելափայտով։ Բնակիչները նշեցին, որ իրենց տրամադրվում է մինչև 5 խմ թափուկ, ինչը խիստ անբավարար է ձմռանը ջեռուցում ապահովելու համար։ Անտառը ենթարկվում է ճնշման։

Եղեգիսի ՏԻՄ ներկայացուցիչները նշեցին, որ կա աշխատատեղերի, երիտասարդներին գյուղում պահելու խնդիր, ինչպես նաև գյուղմթերքի իրացման խնդիր։

Եղեգիսը վերջին տարիներին հայտնվել է հանքարդյունաբերողների ուշադրության ներքո։ Համայնքի Վարդահովիտ բնակավայրում Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական աշխատանքներ են ընթանում։ Արդեն իսկ խախտվել է մոտ 100 000 խմ հողային ռեսուրս՝ մեծամասամբ ալպիական մարգագետիններ։

Տարածքը նաև վայրի կենդանիների էկոմիջանցք է։ Ըստ տեղաբնակների՝ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման ծրագիրը բացասական ազդեցություն կունենա ջրի աղբյուրների վրա։

Մոդուլում մշակված են առաջարկություններ համայնքի կայուն զարգացման համար։

Առաջարկվում է կառուցել համայնքային արևային կայան՝ էլեկտրաէներգիայի սեփական ծախսերը նվազեցնելու նպատակով,  ներդնել հասանելի էներգետիկ տեխնոլոգիաներ, որպեսզի համայնքը հրաժարվի վառելափայտից։ Սրան կարող է նպաստել համայնքի Քաղաքապետերի դաշնագրին միանալը, որը Եվրոպական հանձնաժողովի համայնքային ամենամեծ շարժումն է և տրամադրում է փորձագիտական խորհրդատվություն համայնքային մակարդակով կանաչ էներգետիկան զարգացնելու համար։

Առաջարկվում է համայնքի զարգացման հնգամյա և սուբվենցիոն ծրագրերը մշակելիս հաշվի առնել կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության տեղայնացման կարևորությունը և բնակչության իրական կարիքները, համայնքային բյուջեի ծախսային մասում ներառել «տարվա բնապահպանական, կլիմայական, էներգետիկ ծրագրերի, աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման ծախսեր» բաղադրիչը։

Ուսումնասիրությունների և առաջարկությունների ամբողջական փաթեթը ներկայացված է «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» տեղեկատվական մոդուլում։ 

Մոդուլը մշակվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի և ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Օգոստոս 23, 2024 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր