Որքանով է պատրաստ զբոսաշրջային Դիլիջան համայնքը դիմակայելու կլիմայական ռիսկերին, ինչ ռեսուրսներ ունի համայնքը և ինչի կարիք ունի, ինչ պատկերացում ունեն տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները և ակտիվ բնակիչները Դիլիջանի ապագայի մասին։
Դիլիջանը յուրահատուկ առողջավայր է՝ հարուստ անտառներով, բուժիչ հանքային ջրերով: Անտառային էկոհամակարգի, կենսաբազմազանության պահպանման համար ստեղծվել է «Դիլիջան» ազգային պարկը։ Հարուստ բնությունը որոշիչ է դարձել Դիլիջան համայնքի՝ զբոսաշրջային ուղղությամբ զարգացման համար։ Սակայն վերջին տարիներին այդ զարգացումն ուղեկցվում է կանաչ գոտիների կառուցապատմամբ՝ ազդելով շրջակա միջավայրի վրա։
Տեղացիները նաև զբաղվում են գյուղատնտեսությամբ, փայտանյութի վերամշակմամբ։ Հողագործությունը կախված է կլիմայական պայմաններից։
Կլիմայական ռիսկերից են երաշտները, սելաֆները, կարկուտը, ամառային օրերի շեղումները, գետերի հորդացումները կամ սակավաջրությունը։ Համայնքի ենթակառուցվածքն ունի խնդիրներ՝ կապված սողանքների, կոյուղատար համակարգի, ոռոգման ջրի, ճանապարհների, կոշտ կենցաղային թափոնների հետ։ Համայնքի ֆինանսական ռեսուրսները սուղ են այս խնդիրների լուծման համար։
Այստեղ զարգացած է փոքր հիդրոէներգետիկան, որը ճնշում է գործադրում գետային էկոհամակարգի վրա։ Վատանում է գետի և ափամերձ տարածքների սանիտարական վիճակը, փոխվում է տեղի միկրոկլիման, ոչնչանում գետային ձկնաշխարհը։ Վերգետնյա խողովակաշարերը խանգարում են վայրի կենդանիների տեղաշարժին։
Դիլիջան համայնքում կլիմայական դիմակայության և էներգետիկայի զարգացման քաղաքականության ներդրման նպատակով Էկոլուրը մշակել է տեղեկատվական մոդուլ։ Մոդուլում վեր են հանված համայնքի կլիմայական և էներգետիկ խնդիրները, ներկայացված են առաջարկություններ՝ ի պաշտպանություն համայնքի շահերի։
Դիլիջան համայնքում՝ «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և միջոցառումները» մոդուլի քննարկման ժամանակ մասնակիցները հատուկ ուշադրություն դարձրին համայնքի սոցիալական զարգացման, էներգետիկ աղքատության կրճատման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, կանաչ աշխատատեղերի ստեղծման, բալանսավորված տուրիզմի վրա։
Դիլիջանում բնակիչները կախվածություն ունեն անտառից։ Ըստ մոդուլի՝ վառելափայտի օգտագործման ծավալը յուրաքանչյուր տնային տնտեսության կողմից տարեկան կազմում է 10-30 խմ: Այս ցուցանիշից ելնելով՝ «Դիլիջան» ազգային պարկից մթերված միայն վառելափայտը կարող է օգտագործել միջինում 333 տնային տնտեսություն։ Մինչդեռ համայնքի տնային տնտեսությունների թիվը 8355 է։ Հիմնական վառելափայտի ծավալը հաշվարկված չէ։ Դիլիջանում փայտամշակման ձեռնարկություններն օգտագործում են անտառների արժեքավոր ծառատեսակները։ Առաջանում է շահերի բախում համայնքում գործող փայտամշակման բիզնեսի և «Դիլիջան» ազգային պարկի միջև։
Դիլիջան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արման Բազինյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն կրճատվել են ապօրինի անտառահատումները, իսկ փայտանյութ մշակող կազմակերպությունները փայտանյութը դրսից են ներկրում։
Էկոլուրի փորձագետներն առաջարկում են ուժեղացնել համայնք-«Դիլիջան» ազգային պարկ համագործակցությունը բնության համատեղ պահպանման և համայնքի շահերի պաշտպանության համար, համագործակցել ՓՀԷԿ-եր շահագործող ընկերությունների հետ համայնքային էներգախնայողությանն ու կլիմայի հարմարվողականությանն ուղղված ծրագրերի իրականացման համար։
Թափոնի կառավարումը ևս տեսանելի խնդիր է։ Հստակ չէ Դիլիջանի աղբավայրում տարեկան կուտակվող աղբի ծավալը և կազմը։ Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ աղբավայրում տարեկան կուտակվում է 13.000 խմ աղբ, իսկ համայնքի զարգացման ծրագրում նշված է տարեկան 5400 խմ աղբ։ Սա նշանակում է, որ աղբի հաշվարկն իրականացվում է աչքաչափով, և հնարավոր չէ իրականացնել աղբավայրից ջերմոցային գազերի արտանետումների ճշգրիտ հաշվարկ։
Իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Դիլիջանի ներկայիս սուբվենցիոն և զարգացման ծրագրերի որոշակի մասը թեև ունի կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման և հարմարվողականության ուղղվածություն, սակայն դրանք չեն դիտարկվել, գնահատվել և պլանավորվել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման տեսանկյունից։
Դիլիջանը տարիներ առաջ միացել էր «Քաղաքապետերի դաշնագրին»։ Այն Եվրոպական միության խոշոր նախաձեռնություններից է, որի շրջանակում համայնքները հանձնառություն են ստանձնում կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Սակայն այսօր համայնքի մասնակցությունը կասեցված է։
Էկոլուրի փորձագետներն առաջարկում են վերականգնել Դիլիջանի մասնակցությունը ԵՄ Քաղաքապետերի Դաշնագրին և ստանալ փորձագիտական աջակցություն՝ ուժեղացնելու կարողությունները և մշակելու ռազմավարություն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված ծրագրերի համար, կազմել Դիլիջան համայնքի էներգաարդյունավետության և էներգախնայողության կառավարման պլան, ներդնել «Կանաչ տրանսպորտ» կոնցեպտը, բարձրացնել կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում և կլիմայական և էներգետիկ ծրագրերում։
Քննարկման մասնակիցներն առաջարկում են համայնքի 5-ամյա զարգացման ծրագրում ներառել կայուն զարգացման նպատակներից բխող ծրագրեր։
Էկոլուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը ներկայացրեց մոդուլում ներառված օրենսդրական առաջարկությունները։ Նա նշեց, որ կլիմայական և էներգետիկայի ոլորտների պետական քաղաքականություններում և ռազմավարություններում բացակայում է ՏԻՄ-երի լիարժեք մասնակցությունն ապահովող բաղադրիչը։
«Էներգետիկայի մասին», «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքներում բացակայում են արդյունաբերական նպատակով էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների կողմից ազդակիր համայնքներին ուղղված մասնահանումները։
«Թափոնների մասին» ՀՀ օրենքում բացակայում են ՏԻՄ-երի կողմից համայնքային նշանակության աղբավայրերի կառավարման գործընթացում մասնակցության վերաբերյալ դրույթներ։
«ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» մոդուլին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մոդուլը մշակվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի և ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Օգոստոս 13, 2024 at 12:47