Փամբակի համար առաջնահերթություն է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման միջոցառումների մշակումը

Փամբակի համար առաջնահերթություն է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման միջոցառումների մշակումը

Փամբակ գետի երկու ափերին փռված է Փամբակ գյուղը։ Համայնքային խոշորացումից հետո այն միավորվեց 18 գյուղերի հետ՝ ձևավորելով նույնանուն Փամբակ համայնքը։ Փամբակի բնակավայրերը տարբերվում են իրենց աշխարհագրական դիրքերով, բնական ռեսուրսներով, կենցաղով, հոգսերով և հաջողություններով։ Սակայն այս բնակավայրերին միավորող ընդհանուր խնդիրներից է կլիմայի փոփոխությունը։ Այս տարի Փամբակ համայնքի բնակավայրերն ամռան ընթացքում մեծապես տուժեցին հորդառատ անձրևներից։

Գետամերձ Վահագնաձորն ու Ձորագետը ողողվեցին ջրերով։

Համայնքի լեռնային բնակավայրերում սելավը քարերով, տիղմով ու ավազով փակեց ճանապարհներ, քշեց, տարավ հողի բերրի շերտը, մշակաբույսերը։ Կարկուտը վնասեց տանիքներ, մեքենաներ և բերքը։  

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ուսումնասիրել է Փամբակ համայնքի խնդիրները և մշակել «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» տեղեկատվական մոդուլը։ Էկոլուրի փորձագետները մոդուլը քննարկել են Փամբակի ՏԻՄ-ի և տեղի ակտիվ բնակիչների հետ։ 

Մոդուլը ներառում է տեղեկատվություն համայնքի բնական ռեսուրսների, կլիմայական վիճակի, վերականգնվող էներգետիկայի և ընդերքօգտագործման կազմակերպությունների, կոշտ կենցաղային թափոնների կառավարման, համայնքների թույլ և ուժեղ կողմերի, բիզնեսների կողմից սոցիալական հատկացումների մասին։ Մշակված են առաջարկություններ Փամբակի ՏԻՄ-ի և պետական գերատեսչությունների համար։

Փամբակի համար առաջնահերթություն է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման միջոցառումների մշակումը՝ դիմակայելու հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներին։ Էկոլուրի փորձագետներն առաջարկում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին իրականացնել համայնքների կլիմայական պայմանների փոփոխության վերլուծություն և այն ներառել տարեկան տեղեկագրերում։ Դա հիմք կհանդիսանա համայնքների կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման միջոցառումների մշակման համար։

Անտառամերձ Փամբակը կախվածություն ունի անտառից։ Բնակչության գերակշիռ մասն օգտագործում է վառելափայտ։ Ըստ տեղացիների՝ անտառում թափուկ էլ չկա։ Նախկինում առաջարկվող 8 խմ թափուկի փոխարեն իրենց տրամադրվում է 3 խմ թափուկ, ինչը խիստ անբավարար է։

Ըստ ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի 1990-2019թթ. հաշվետվության՝ «Անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում» սեկտորից ածխածնի երկօքսիդ ջերմոցային գազի կուտակման ծավալները նվազել են։ Անտառի վրա ճնշումը նվազեցնելու համար տեղացիներն առաջարկեցին Փամբակում հողմային էլեկտրակայաններ տեղադրել և կենսագազ արտադրել։

Համայնքի տարածքով հոսող գետերի և դրանց վտակների վրա կառուցված է 6 փոքր ՀԷԿ։ Այդ ՓՀԷԿ-եր շահագործող ընկերությունները չեն մասնակցում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, կլիմայի հարմարվողականության ուղղված ծրագրերի իրականացմանը։

Տեղի բնակիչներն ընդգծեցին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորությունը։ Առաջարկվեց ՓՀԷԿ-երի վճարած բնօգտագործման վճարներն ուղղել ազդակիր համայնքներում կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման, էներգախնայողության և էներգաարդյունավետության, ջրային ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման ծրագրերի իրականացմանը։

Փամբակը հարուստ է օգտակար հանածոներով։ Այստեղ գործում են մետաղական և ոչ մետաղական հանքավայրեր շահագործող մի շարք ընկերություններ։ Համայնքի երկու մետաղական հանքերը երկար տարիներ կամ չեն շահագործվել, կամ շահագործվում են ընդմիջումներով, ինչի հետևանքով չեն վճարում ռոյալթի։  Համայնքի վարչական տարածքի ոչ մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների ընդերքօգտագործման պայմանագրերով համայնքին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու պարտավորություններ չեն ներառվել։ Հանքավայրերի երկարատև շահագործումն առանց հողերի պահպանման միջոցառումների իրականացման նպաստել է հողերի շարունակական աղտոտմանը, դեգրադացմանը, հողերում ածխածնի կուտակման կարողության թուլացման:

Ըստ փորձագետների՝ անհրաժեշտ է սահմանել դրույթներ ընդերքօգտագործման պայմանագրերում ընդերքօգտագործողի կողմից սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում նվազագույն ներդրումային չափի մասին։

Խնդիր է աղբի կառավարումը։ Համայնքի Արջուտ գյուղում է գտնվում Վանաձոր քաղաքի 6․5 հեկտար տարածք զբաղեցնող աղբավայրը։ Այն սահմանված նորմերին համապատասխան չի շահագործվում և կառավարվում, շարունակաբար ծխում է՝ մթնոլորտ արտանետելով վտանգավոր նյութեր։ Արջուտ գյուղի մոտ 20 հեկտար վարելահողեր չեն մշակվում՝ աղբավայրից աղտոտումների պատճառով։

Փամբակի ուժեղ կողմերից է տուրիզմը, որի զարգացմանը նպաստում են կլիման և բնությունը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններ ու եկեղեցիները։

Քննարկման մասնակիցները նշեցին, որ պատրաստակամ են աջակցել այն փոփոխություններին, որոնք կնպաստեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Ուսումնասիրությունների արդյունքները և մշակված առաջարկությունների փաթեթն ամփոփված են «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» տեղեկատվական մոդուլում։ 

Մոդուլը կազմվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի և ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Սեպտեմբեր 02, 2024 at 18:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր