Հայաստանն արևային էներգետիկայի զարգացման մեծ պոտենցիալ ունի, այն կարևոր նշանակություն ունի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման տեսանկյունից։ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց. «Արևային էներգետիկ տեխնոլոգիաները հիմնականում օգնում են նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումը և բարձրացնել երկրի էներգետիկ անկախությունը»:
Վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց շրջանակում տարբեր համայնքներում նոր արևային կայաններ են կառուցվում: «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում Լոռու մարզի Դսեղ, Եղեգնուտ, Դեբեդ, Մարգահովիտ, Տավուշի մարզի Սևքար ու Ենոքավան, Վայոց ձորի մարզի Վերնաշեն ու Գլաձոր և Սյունիքի մարզի Շաղատ բնակավայրերի համայնքապատկան շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ՝ ընդհանուրը 100 կՎտ դրվածքային հզորությամբ։ Շաղատում մանկապարտեզի տանիքի վրա տեղադրվել է 300 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչ։ Վայոց ձորի մարզի Շատին բնակավայրում գետնին տեղադրվել է 40 կՎտ հզորությամբ արևային համակարգ։
Շատինի արևային կայանը
Շաղատի մանկապարտեզը
Վերնաշենի մանկապարտեզը
Այս բոլոր միջոցառումների արդյունքում ածխաթթու գազի արտանետումները տարեկան կկրճատվեն 100 տոննայի չափով, տարեկան խնայողությունը կկազմի շուրջ 10 մլն դրամ:
Դսեղ բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյանն Էկոլուրի հետ զրույցում ասաց․ «Արևային համակարգի տեղադրումով մենք շենքի տարածքն ու բոլոր սենյակներն ենք ջեռուցում արևային էներգիայի շնորհիվ: Բացի այդ, կայանը միացված է ընդհանուր համակարգին՝ գյուղի փողոցային լուսավորությանը, ինչը նույնպես կրճատում է մեր ծախսերը։ Համոզված եմ, որ տարեվերջին ավելի շատ էներգիա արտադրած կլինենք։ ՀԷՑ-ը վերահաշվարկ է անում և փոխհատուցում է տալու մեր ավել արտադրած էլեկտրաէներգիայի չափով։ Մեր համայնքի բյուջե կստանանք ՀԷՑ-ի կողմից մեր ավելորդ արտադրած էներգիայի գումարը»։
Դեբեդի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանն էլ նշեց, որ ծրագրի աջակցությամբ գյուղապետարանի տանիքին տեղադրվել է 15 կվտ հզորությամբ արևային կայան: «Սա մեծ աջակցություն էր մեր գյուղի համար, քանի որ մեր փողոցների մոտ 70 տոկոսը լուսավորված է: Իսկ տնտեսումները, որոնք կլինեն արևային կայանի տեղադրումից հետո, կծախսվեն այլ նպատակների ու բնակավայրի այլ ճյուղերի զարգացման համար»,- ասաց նա։
Ենոքավանի վարչական շենքի տանիքին տեղադրվել է 20 կվտ հզորությամբ արևային կայան: Ըստ վարչական ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանի՝ կայանի արտադրած էլեկտրաէներգիան կծառայի թե՛ վարչական շենքի, թե՛ գյուղի ցերեկային լուսավորության համար:
Սևքարի ամբուլատորիայի տնօրեն Անահիտ Գյուլնազարյանը նշեց․ «Նոր համակարգը կօգնի խնայել միջոցներ։ Հիվանդների հոսքը ձմռանը շատ է, սպասարկման տարածքը մեծ է։ Եթե ավելորդ էներգիա մնա, կարող ենք նաև այլ կիրառություններ գտնել։ Միայն մեզ համար չէ, այլև՝ համայնքի»։
Շատին, Հերմոն, Վերնաշեն և Շաղատ բնակավայրերին հատկացվել են 6 շարժական հիբրիդ արևային կայաններ, յուրաքանչյուրը՝ 2 կՎտ դրվածքային հզորությամբ, որոնք հնարավոր է օգտագործել նաև հեռագնա արոտներում: Խաչիկ Սահակյանը նշեց, որ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված մոբայլ արևային կայանները շատ հարմար են անվտանգային համակարգերի գործարկման համար և սարում կարող են կենցաղային բարեկեցիկ պայմաններ ստեղծել։ «Սրանք խիստ արդիական կլինեն նաև այն տեղամասերում, որտեղ էներգիայի մատակարարման հաճախակի խափանումներ են տեղի ունենում։ Տեղ կա, որ չկան էլեկտրամատակարարման գծեր: Մոբայլ կայանների կառուցվածքը հնարավորություն է տալիս դրանք հեշտությամբ տեղափոխել մարդատար մեքենայով»,- հավելեց նա։
Շաղատի գյուղատնտեսական կոոպերատիվի մոբայլ արևային կայանը
LILA ծրագրի շրջանակներում Լոռու մարզի շահառու Դսեղ, Ահնիձոր և Եղեգնուտ բնակավայրերում վերանորոգվել և ջերմամեկուսացվել են վարչական շենքերի տանիքները: Այդ աշխատանքները նույնպես միտված են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։
Եղեգնուտի վարչական շենքը
Դսեղի վարչական շենքի ջեռուցման համակարգն անվտանգության տեսանկյունից խնդիր ուներ, իսկ տանիքի վերանորոգման ժամանակ վնաս էր հասցվել երկրորդ հարկին։ Ընդառաջելով համայնքապետարանի խնդրանքին որոշում կայացվեց վերանորոգել և ջերմամեկուսացնել երկրորդ հարկը, տեղադրել ջեռուցման համակարգ։ Դսեղ բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյանը նշեց. «Նորմալ աշխատատեղ ենք ապահովել մեր աշխատակիցներին, ինչը նաև ազդել է աշխատանքի որակի վրա։ Ամբողջ երկրորդ հարկը նորոգվել է ժամանակակից մեթոդներով ու նյութերով»։
Դսեղի համայնքապետարանը
LILA ծրագրի շրջանակում իրականացված այս բոլոր միջոցառումները խնայողություն ապահովելուն զուգահեռ նաև կլիմայի փոփոխության մեղմմանն են նպաստում՝ նվազացնելով ածխաթթու գազի արտանետումները: Ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը նշեց, որ LILA ծրագրի համար առաջնայինը բնապահպանական նպատակն է ։ «LILA ծրագիրը բնապահպանական ծրագիր է, և կլիմայական գործողությունները ներառվում են նմանատիպ ծրագրերում։ Մեզ մոտ շեշտադրումն ավելի ուժեղ է, և դա գալիս է ոչ միայն որպես զուգահեռ գործողություն, այլ մեր ծրագրի հիմնական արդյունքներից մեկն է։ Սոցիալական արդյունքը՝ այն է, որ գոյանում է խնայված գումար, ինչն ավելի շուտ կողմնարդյունք է»,- ասաց նա։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» 7-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Սեպտեմբեր 12, 2024 at 12:41