Սեպտեմբերի 1-ի տվյալներով՝ ՀՀ-ում կան 630 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 4-ին նիստում։
ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ նիստում քննարկվել է «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հակոբ Վարդանյանը նշել է, որ համաձայնագրի նպատակն արևային էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ ջանքերի ներդրումն է` տեխնոլոգիաների, նորարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով և առկա խոչընդոտները համակարգված ձևով վերացնելու նպատակով` բարեկեցության, էներգետիկ անվտանգության և ժողովուրդների կայուն զարգացման ապահովման համար:
«Միջազգային արևային դաշինք» (ՄԱԴ) հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին: «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի հիմքն «Արևային էներգետիկայի խթանմամբ զբաղվող պետությունների Միջազգային արևային դաշինքի մեկնարկի մասին» 2015 թվականի նոյեմբերի 30-ի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերին նվիրված խորհրդաժողովում ընդունված Փարիզի հայտարարությունն է: Մինչ այժմ համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ն այն վավերացրել են:
Հայաստանը դաշինքին միանալու փաստաթուղթը ստորագրել է 2023 թվականի նոյեմբերին: Հակոբ Վարդանյանի խոսքով՝ օգտակար կլինի դաշինքի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը: Նախագիծն արժանացել է դրական եզրակացության:
Սեպտեմբեր 04, 2024 at 15:30