«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ANIF) ՓԲԸ-ն դադարեցնում է գործունեությունը։ ANIF-ի 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այս մասին գործադիրը սույն թվականի մայիսի 23-ին ընդունեց 734-Ն որոշումը։ Այս գործընթացն առնչվում է մի շարք համայնքների շահերի, որտեղ գործունություն է ծավալել ANIF-ը տարբեր ծրագրերի շրջանակներում։
ANIF-ի ներդրումային ծրագրերից է «Այգ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը Թալին և Դաշտադեմ բնակավայրերի վարչական տարածքներում։ Ծրագիրն իրականացնող «Մասդար Արմենիա» ընկերությունում ANIF-ն ունի 15 տոկոս բաժնեմաս, իսկ 85 տոկոս բաժնեմասն Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Մասդար» ընկերությանն է։
Ծրագրի իրականացման համար ANIF-ի կանոնադրական կապիտալը համալրվել է Թալին և Դաշտադեմ բնակավայրերի շուրջ 3 միլիարդ շուկայական արժեքով 547․31 հա հողամասերով։ (2021 թվականի հոկտեմբերի 28-ի 1777-Ն որոշում, 2023 թվականի հուլիսի 6-ի N 1137-Ն որոշում): Որպես փոխհատուցում «Այգ-1» ծրագրի շրջանակում «Մասդար» ընկերությունը Դաշտադեմի և Թալինի հետ կնքած նվիրաբերության պայմանագրով իրականացրել է 320 միլիոն դրամի չափով համայնքային զարգացման վճարում։ Այս գումարից 300 միլիոն դրամն ուղղվել է Դաշտադեմին ոռոգման ջրագծի կառուցման համար։
Թալին համայնքում ակնկալվում է շուրջ 2 միլիարդ դրամի ծրագրերի իրագործում «Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագրին նվիրաբերված հողերի դիմաց։ Այդ գումարը պետք է տրամադրի կառավարությունը։ Թալին քաղաքում արդեն կառուցվել է պուրակ, գերեզմանատուն: Նախատեսվում է Մաստարա, Ագարակավան, Կաքավաձոր և Աշնակ բնակավայրերում խմելաջրի ցանցի վերանորոգում, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Գառնահովիտ, Կարմրաշեն, Զովասար Ոսկեթաս բնակավայրերի գազաֆիկացում, Թալին քաղաքում կոյուղու անցկացում, Թալին քաղաքի մանկապարտեզի վերանորոգում։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին․
1․ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու ANIF-ի կանոնադրական կապիտալում ներդրված հողերի դիմաց Թալին և Դաշտադեմ բնակավայրերում իրականացված և նախատեսվող ծրագրերի ֆինանսավորման համար։
2․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Էկոլուրին հայտնել է, որ «Մասդար Արմենիա» ընկերությունն էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության կամ էներգետիկայի բնագավառում այլ գործունեության լիցենզիա ստանալու հայտ հանձնաժողով չի ներկայացրել։ Խնդրում ենք պարզաբանել առանց լիցենզիա ստանալու «Այգ 1» ծրագրի իրականացումը։
Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հայտնել է․
«1․ Ներկայում որպես «Այգ 1» ծրագրի իրականացնող պետության կողմից հանդես է գալիս «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի գործունեության դադարեցման մասին այս պահին դեռևս համապատասխան իրավական ակտ առկա չէ։
Հարկ է նաև նշել, որ Թալին և Դաշտադեմ բնակավայրերում իրականացված և նախատեսվող ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է «Այգ 1» ծրագրի շրջանակում և նույնիսկ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի գործունեության դադարեցումը խոչընդոտ չի հանդիսանա հետագայում նախատեսվող ծրագրերի ֆինանսավորման համար, քանի որ ֆինանսավորումը կատարվում է «Այգ 1» ծրագրի շրջանակում՝ անկախ նրանից, թե ով հանդես կգա պետության անունից։
2․ Հայտնում ենք, որ 2024 թվականի հուլիսի 25-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1986-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին լիազորելու մասին» թիվ 1167-Ն որոշումը։
Հարկ է նաև նշել, որ էներգիայի (հզորության) արտադրության կամ էներգետիկայի բնագավառում այլ էլեկտրական գործունեություն ծավալելու նպատակով՝ «Մասդար Արմենիա» ընկերությունը ծրագրի մեկնարկից առաջ օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստանալու հայտ կներկայացնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»։
Օգոստոս 09, 2024 at 16:33