Արագածոտնի մարզի 33 բնակավայր միավորող Թալին համայնքը գտնվում է անապատացման ռիսկի գոտում և խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ։ Այստեղ հաճախ են դիտվում երաշտներ, կարկտահարություն, ցրտահարություն: Սուր է ջրի խնդիրը։ Համայնքը չունի անտառներ, իսկ ավանդական գյուղատնտեսությունն անկում է։ Հողերի դեգրադացման հետևանքով նվազում է բերքատվությունը։ Եղանակային անկանխատեսելի երևույթները հաճախ ոչնչացնում են գյուղացու ամբողջ բերքը։
Ներկայում Թալին համայնքը զարգացման նոր ուղի է բռնել՝ արևային էներգետիկան։ Այստեղ է նախատեսվում կառուցել Հայաստանում ամենամեծ՝ 200 Մվտ հզորությամբ «Այգ 1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Սակայն ծրագիրը հարթ չի ընթանում։ Ծրագիրն իրականացնող արաբական «Մասդար» ընկերությունը կայանը նախատեսում էր շահագործման հանձնել 2024 թվականի ավարտին, այժմ խոստանում է 2025 թվականի ավարտին։ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ANIF) ՓԲԸ-ի, 15 տոկոս բաժնեմաս ունի «Մասդար» ընկերությունում։ Ինչպես հայտնի դարձավ վերջերս, ANIF-ը լուծարվում է, սակայն, ըստ պաշտոնական արձագանքի, դա «Այգ 1» ծրագրի իրականացմանը չի խանգարի։
Բացի այս խոշոր ծրագրից, Թալինում նախատեսվում է ևս 7 փոքր հզորություններով արևային կայանների կառուցում։ Իսկ 26.953 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 6 արևային կայան արդեն շահագործվում է։
Էկոլուրն ուսումնասիրել է Թալին համայնքի էներգետիկ և բնապահպանական խնդիրները, ինչպես նաև զարգացման հնարավորությունները։ Ուսումնասիրություններն ամփոփվել են «Արագածոտնի մարզի Թալին համայնքում էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և միջոցառումները» տեղեկատվական մոդուլում։ Մոդուլը քննարկվեց Թալինում ՏԻՄ ներկայացուցիչների և տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թալին համայնքը լիարժեք մասնակցություն չունի կլիմայական և էներգետիկայի ոլորտներում որոշումների կայացման գործընթացներում և չի կարող լիարժեք պաշտպանել իր շահերը։ Օրինակ, «Այգ 1» ծրագրի շրջանակում համայնքը կորցրեց 547.31 հեկտար հող անհամաչափ փոխհատուցման դիմաց։ Բացի այդ, գնահատված չէ «Այգ-1» ծրագրի համար նվիրաբերված հողերի` համայնքի կողմից երկարաժամկետ օգտագործման տնտեսական օգուտի և հնարավոր վնասի չափը։ Ծրագրում բացակայում է էլեկտրոնային թափոնների կառավարման լուծումը, իսկ կայանն ունենալու է 500 հազար վահանակ։ Ինչ է լինելու այդ մեծաքանակ վտանգավոր թափոնների հետ, տեղացիները չգիտեն։ Ջերմոցային գազերի կրճատման տեսանկյունից ծրագիրը ևս գնահատված չէ։
Արևային կայանները կառուցվում են հիմնականում համայնքի գյուղատնտեսական հողերի` արոտների վրա՝ փոխելով հողերի նպատակային և գործառնական նշանակությունները: «Մենք առաջարկել ենք ՀՀ կառավարությանը սահմանել բացառություններ հողի կատեգորիան փոխելու գործընթացում», - ասաց Էկոլուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը։
Թալինում կա էներգետիկ աղքատություն։ Գյուղերում շատ ընտանիքների համար գազով կամ էլեկտրաէներգիայով տունը ջեռուցելը ֆինանսապես անհասանելի է։ Հաճախ մարդիկ ձմռանը չեն կարողանում ամբողջ տունը ջեռուցել։
Թալինի ՏԻՄ ներկայացուցիչները նշեցին, որ համայնքում խրախուսվում է վերականգնվող էներգետիկայի զարգացումը, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային շենքերի վրա տեղադրվում են արևային պանելներ։ Սակայն բնակիչների համար նախատեսված ծրագրեր չկան։ Տեղացիները նշեցին, որ կցանկանային էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդիաներ ստանալ իրենց կորցրած գյուղատնտեսական հողերի դիմաց։
Թալին համայնքում տարեցտարի սրվում է ջրի խնդիրը, ինչը դրդում է գյուղացիներին հրաժարվել ավանդական հողագործությունից։ Հուսով են՝ Կապսի ջրամբարի կառուցումից հետո Թալինում մոտ 7000 հեկտար հողատարածք կոռոգվի։
Անասնապահությունն էլ նվազում է։ Ընդհանուր պակասել են արոտավայրերի մակերեսները և խոտհարքերի կերային բազան։ Արոտավայրերում բացակայում են խմոցներ։ Իսկ աշխատատեղերի պակասը ստիպում է հատկապես երիտասարդներին լքել իրենց բնակավայրերը։
Լուծված չէ աղբի կառավարման խնդիրը։ Թալինի քաղաքային աղբավայրում տեղադրվող աղբի ենթադրյալ քանակությունը մի քանի անգամ պակաս է իրականում առաջացող աղբի քանակից: Աղբը չի հաշվառվում ջերմոցային գազերի արտանետման տեսանկյունից:
Թալին համայնքում ոչ մետաղական հանքեր շահագործող 25 ընկերություններից միայն 13-ն են ընդերքօգտագործման պայմանագրերով ազդակիր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն օժանդակելու պարտավորություններ ստանձնել տարեկան 4 755 հազար դրամ գումարի չափով։ Ընկերությունների ստանձնած սոցիալ-տնտեսական պարտավորությունների չափը տարբեր ընկերությունների պայմանագրերում տատանվում է 175 հազար դրամից մինչև 970 հազար դրամը։
Համայնքապետարանն ընդերքօգտագործման պայմանագրի կողմ չէ և չունի իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հնարավորություն։ Թալինի ՏԻՄ-ից Էկոլորին հայտնեցին, որ ընդերքօգտագործողների հետ ունեն պայմանավորվածություն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրում ունենալու հարցում։
Համայնքում շահագործվող հանքավայրերից մթնոլորտային օդ արտանետվող փոշու, ինչպես նաև տեխնիկական միջոցներից արտազատվող վտանգավոր նյութերի մոնիթորինգ չի իրականացվում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Էկոլուրի փորձագետները մոդուլում ներկայացրել են առաջարկություններ Թալինի ՏԻՄ-ին։ Առաջարկվում է համայնքի էներգետիկ աղքատության նվազեցման նպատակով նախաձեռնել համայնքային արևային կայանի կառուցում։ Աշխատանքներ տանել պետական կառույցների հետ համայնքում արևային էներգետիկայի տեխնոլոգիական կենտրոն հիմնելու ուղղությամբ։ Համայնքի հնգամյա զարգացման և սուբվենցիոն ծրագրերը ենթարկել վերագնահատման՝ դրանց կլիմայական, էներգետիկ և աղետների ռիսկերի գնահատման տեսանկյունից։ Իսկ արևային կայաններ շահագործող ընկերությունների հետ կնքել համագործակցության պայմանագրեր, որպեզի համայնքը ստանա մասհանումներ այդ ընկերությունների եկամուտներից էներգախնայողությանն ու կլիմայի հարմարվողականությանն ուղղված ծրագրերի իրականացման համար։ Նաև ստեղծել էներգետիկ կառավարչի հաստիք, իսկ համայնքապետարանի աշխատակազմում ձևավորել ֆոնդ՝ միջազգային ծրագրերին մասնակցության համար տարվող աշխատանքները մասնագիտական կառույցներին պատվիրակելու համար։ Հաշվի առնելով էլեկտրոնային թափոնների կառավարման նորմերի բացակայությունը՝ ՏԻՄ-ի և արևային էլեկտրակայան շահագործող ընկերությունների միջև կնքել պայմանագիր էլեկտրոնային թափոնների կառավարման ճանապարհային քարտեզի մշակման վերաբերյալ։
Ուսումնասիրությունների արդյունքներին և առաջարկությունների ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և միջոցառումները» մոդուլում։
Մոդուլը մշակվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի և ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Օգոստոս 16, 2024 at 15:10