Ինչ օրակարգով կընթանա COP 29-ը. Էկոլուրի անդրադարձը COP 29-ին ընդառաջ

Ինչ օրակարգով կընթանա COP 29-ը. Էկոլուրի անդրադարձը COP 29-ին ընդառաջ

Ինչ օրակարգով կընթանա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP 29»), որոնք են COP 29-ի նախագահության կողմից հայտարարված սկզբունքները և ինչ նախաձեռնություններով է հանդես եկել նախագահող երկիրը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և փորձագետ Ռոզա Ջուլհակյանն ուսումնասիրել են այս տարի անցկացվելիք COP 29-ի ծրագիրը, միջազգային հանդիպումը Բաքվում անցկացնելու որոշման հետ կապված միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը, ինչի վերաբերյալ վերլուծությունը ներկայացվել է սույն թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած «COP 29-ին ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ: 

Կլոր սեղանը կազմակերպվել էր Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում: 

COP-ը (Conference of the Parties) ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման վերահսկող բարձրագույն որոշում ընդունող մարմնի Կողմերի համաժողովն է: Կոնվենցիայի կողմ է 198 երկիր։ COP-ն ամեն տարի անցկացվում է ՄԱԿ-ի 5 տարածաշրջաններից մեկում ռոտացիոն սկզբունքով: Ընդունող երկրի հայտը պետք է համաձայնեցված լինի տարածաշրջանի բոլոր երկրների հետ։

Ինչու Բաքվում. Հայաստան-Ադրբեջան համաձայնություն

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ COP-27-ի ժամանակ Հայաստանը հայտ էր ներկայացրել ընդունելու COP 29-ը: Ինչից ամիսներ անց Ադրբեջանը ևս պաշտոնապես հայտ էր ներկայացրել COP 29-ն ընդունելու համար։

2023թ․ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որով Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների ազատ արձակման դիմաց Հայաստանն ի օգուտ Ադրբեջանի հանեց COP 29-ը Հայաստանում անցկացնելու իր թեկնածությունը։

Միջազգային կազմակերպությունները՝ COP 29-ը Բաքվում անցկացնելու մասին

COP 29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը մեծ արձագանք է ստացել միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից: Վիկտորյա Բուռնազյանն իր ելույթի ընթացքում անդրադարձավ դրանցից մի քանիսին: «Ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպությունն Ադրբեջանն անվանում է «անազատ» և ազատության համաշխարհային ինդեքսում նրան 100 հնարավորից 7 միավոր է տալիս: Human Rights Watch-ը գրում է, որ «Համաժողովն անցկացվում է Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի իրավիճակի ֆոնին։ Անկախ քաղաքացիական ակտիվիզմի նկատմամբ Ադրբեջանի կառավարության թշնամանքը մտավախություն է առաջացնում՝ արդյոք անկախ քաղաքացիական հասարակության անդամները, ակտիվիստները, իրավապաշտպանները և լրագրողները կկարողանան բովանդակալից մասնակցություն ունենալ COP29-ին»»- նշեց նա:

Ադրբեջանցի քաղաքական իրավապաշտպանները, անկախ ակտիվիստները և լրագրողները Բաքվում COP29-ի անցկացման վերաբերյալ բաց նամակ են հղել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն, որում հայտարարել են, որ Ադրբեջանին COP29-ը հյուրընկալելու արտոնություն տալուց ի վեր երկիրը մեծացրել է ճնշումը քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ այն ամբողջությամբ վերացնելու համար։

Վիկտորյա Բուռնազյանն անդրադարձավ նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Ամերիկայի Պետդեպարտամենտի՝ Ադրբեջանի վարած քաղաքականության շուրջ արձագանքին: Նա նշեց, որ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ եվրոպական 26 երկրի 76 քաղաքական գործիչ, որոնք այդ որոշմանը կողմ են քվեարկել, կզրկվեն երկիր մուտք գործելու իրավունքից։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) 43 պատգամավոր դիմել է երկրի արտգործնախարարին՝ կոչ անելով վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը քննադատեց Ադրբեջանին՝ մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների համար:

Այս ամենից անկախ շաբաթներ անց COP29-ը տեղի կունենա, և այն պետք է ընթանա հետևյալ հիմնական սկզբունքների ներքո․

1.Ընդհանուր, բայց տարբերակված պատասխանատվություններ. բոլոր երկրները պարտավոր են քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար՝ հաշվի առնելով նրանց ջերմոցային գազերի արտանետումների պատմական եւ ներկա մասնաբաժինը և հնարավորությունները:

2.Կայուն զարգացում. քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն արտանետումների նվազեցմանը, այլ նաև կայուն տնտեսական եւ սոցիալական զարգացման ապահովմանը:

3. Կանխարգելիչ մոտեցում. պետք է գործողություններ ձեռնարկվեն նախքան կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները անդառնալի դառնալը:

4.Գիտության վրա հիմնված մոտեցում. որոշումները պետք է հիմնված լինեն գիտության և հետազոտությունների վրա՝ կլիմայի փոփոխությանն արդյունավետ արձագանքելու համար:

5.Թափանցիկություն 7 հաշվետվողականություն. երկրները պետք է թափանցիկ լինեն իրենց գործողությունների վերաբերյալ և պարբերաբար զեկուցեն դրանց արդյունքների մասին:

6.Շահագրգիռ կողմերի մասնակցություն. կարևոր է որոշումների կայացման գործընթացում ներգրավել տեղական համայնքներին, հասարակական կազմակերպություններին և բիզնեսին:

Ադրբեջանում անցկացվելիք COP 29-ի հիմնական օրակարգն է․

  • Խուսափել 1,5°C ջերմաստիճանի թիրախը գերազանցելուց
  • Կենտրոնանալ այսօր ներդրումներ կատարելու անհրաժեշտության վրա՝ վաղը խնայելու համար
  • Ջերմոցային գազերի արտանետումների արագ և կայուն կրճատում՝ ջերմաստիճանը վերահսկողության տակ պահելու և այն 1,5°C-ից ցածր մնալու համար:

COP 29-ը նախագահող երկիրը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնցից ուշագրավ է Կլիմայի ֆինանսավորման գործողությունների հիմնադրամի ստեղծումը, որը կգործի հանածո վառելիք արտադրող երկրների և ընկերությունների կամավոր ներդրումներով, կֆինանսավորի պետական և մասնավոր հատվածներում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման, հարմարվողականության, հետազոտությունների ու զարգացման ոլորտները: Դրամաշնորհներով կֆինանսավորի կարիքավոր զարգացող երկրներում բնական աղետների հետևանքների արագ վերացման ծրագրերը։

«Հանածո վառելիք արտադրող երկրների և ընկերությունների կամավոր ներդրումներով «Կլիմայի ֆինանսավորման գործողությունների հիմնադրամի (CFAF)» ստեղծման մասին իր նախաձեռնությամբ Ադրբեջանը փորձում է «կանաչ» շղարշ հաղորդել հանածո վառելիքի արդյունահանմանը ֆինանսների տրամադրման միջոցով: Սա հակասում է Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի փիլիսոփայությանը»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը:

Մյուս նախաձեռնությունը «COP-ի զինադադարի կոչ»-ն է Օլիմպիական զինադադարի օրինակով, որը կընդգծի խաղաղության և կլիմայական գործողությունների կարևորությունը: Այն նպատակ կունենա հիշեցնել բոլոր ազգերին հակամարտությունների և կլիմայի փոփոխության փոխազդեցության մասին և ընդգծել կոլեկտիվ լուծումներ գտնելու հրամայականը: Գործընկերների հետ կգլխավորվի COP 29 Կլիմայի և խաղաղության առանձին նախաձեռնություն։

Սա ոչ այլ ինչ է, քան սեփական անցյալ, ներկա և հետագա ռազմական քաղաքականության քողարկման և պատասխանատվությունից խուսափելու փորձ։

«Կանաչ էներգետիկ գոտիներ և միջանցքներ» նախաձեռնությունն ուղղված է կանաչ էներգետիկ գոտիների և միջանցքների ստեղծմանը, դրա համար պահանջվող ներդրումների խթանմանը, ապահովելու այդ տարածքների տնտեսական աճը, ենթակառուցվածքների զարգացումը, արդիականացնելու և ընդլայնելու տարածաշրջանային համագործակցությունը։ Այս նախաձեռնությունը հակասում է նախաձեռնողի գործողություններին։ «Արցախի հետ հակամարտության ընթացքում Ադրբեջանի ռազմական գործողությունների, այդ թվում միջազգայնորեն արգելված ֆոսֆորային զենքի կիրառման և հրետակոծության հետևանքով եղան բազմաթիվ մարդկային զոհեր, էկոհամակարգային կորուստներ։ Այդ ֆոնին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի տարածքը պաշտոնապես հայտարարել է «կանաչ էներգետիկ գոտի», ինչն ավելի քան անտրամաբանական է»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը զանգվածաբար հատում է նաև Հայաստանի Հանրապետության՝ «Շիկահող» պետական արգելոցից օկուպացված տարածքի ծառերը, ոչնչացնում՝ կենդանական աշխարհը, կառուցվում են տասնյակ կիլոմետր ռազմական ճանապարհներ, տեղադրվում են ականներ, մարդիկ զրկված են խմելու ջրից ու սեփականությունից։

Ռոզա Ջուլհակյանը նշեց, որ չնայած «կանաչ» զարգացման հայտարարություններին, Ադրբեջանը շարունակում է մեծ մասշտաբներով նավթի և գազի արտահանումը: Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2023 թվականին բնական գազի արդյունահանումը կազմել է 48,3 միլիարդ խմ, ինչը 37%-ով ավելի է 2022 թվականի համեմատ։ Արտահանվել է 23,8 միլիարդ խմ գազ: 11,8 մլրդ խմ վաճառվել է Եվրոպային, 9,5 մլրդ խմ՝ Թուրքիային՝ 2,5 մլրդ խմ՝ Վրաստանին։ Ադրբեջանի արտահանումից ստացվող եկամուտներում նավթի և գազի բաժինը 90% ավելին է, ՀՆԱ-ում՝ 60%-ը:

Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ 2000-ականների սկզբից համաշխարհային խաղացողները, ինչպիսիք են British Petroleum (BP), Chevron Corporation, Total SA, Inpex, Statoil, Turkiye Petrolleri, ExxonMobil, ITOCHU և ONGC Videsh, NK Lukoil PAO, Nobel Oil Group և այլն, սկսել են հետաքրքրվել ադրբեջանական ածխածնային վառելիքով։

«Clean Air» հիմնադրամի զեկույցի համաձայն՝ հանածո վառելիքի արդյունահանման ժամկետների երկարաձգման ծրագրերի ֆինանսավորումն ամբողջ աշխարհում ավելացել է 350%-ով՝ 2021թ-ին 1,2 միլիարդ դոլարից հասնելով 2022 թվականին՝ 5,4 միլիարդ դոլարի։ «Այդ ծրագրերը ֆինանսավորող կազմակերպությունների 1-ին հնգյակում 2018-2022թթ. եղել են Զարգացման իսլամական բանկը, Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը, Զարգացման ասիական բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիան»,- նշեց նա։

Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ:

Հոկտեմբեր 28, 2024 at 14:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր