«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Էկոնոմիկայի նախարարություն էր ուղարկել «Էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրման վերաբերյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկություններ» փաստաթուղթը դիտարկման համար։
Փաստաթուղթը մշակվել էր «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ։ Փաստաթղթում ներկայացված առաջարկությունները մշակվել էին 2024թ․ պետական կառույցների, Ծրագրի թիրախ համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ոլորտային փորձագետների հետ քննարկումների արդյունքում։
Ի պատասխան 2024թ. հոկտեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն Էկոլուրին նամակով հայտնել է.
«Ի պատասխան սույն թվականի սեպտեմբերի 20-ի գրությամբ ներկայացված «Էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրման վերաբերյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկություններ»-ի փաթեթի (այսուհետ՝ Փաթեթ) շրջանակներում ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկի՝ հայտնում ենք, որ հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված պատրաստակամ ենք լսել Ձեր առաջարկությունները՝ կոնկրետ կետերի հետ կապված:
Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ առկա են հողատարածություններ, որոնք չեն համապատասխանում իրենց նպատակային նշանակությանը։
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով հաստատվել են պետական աջակցության ծրագրեր, որոնք միտված են գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը և դրանք գյուղատնտեսական ակտիվ շրջանառության մեջ ներառելուն:
Ինչ վերաբերում է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակում զեկույցում ներկայացված 1 հա-ից փոքր հողատարածքներում ապահովագրության իրականացման սահմանափակումներին, հայտնում ենք, որ Ծրագրով ամրագրված պայմաններում նման սահմանափակումներ առկա չեն և ապահովագրական ընկերությունների կողմից կնքվել են մի շարք պայմանագրեր՝ մինչև 1 հա տարածքի ապահովագրման նպատակով: Այնուամենայնիվ, ապահովագրման գործընթացը կամավոր է և ապահովագրական ընկերություններն իրենք են ձևավորում իրենց ապահովագրական պորտֆելը: Եթե Ծրագրի մասնակից մեկ ապահովագրական ընկերություն չի ապահովագրում փոքր մակերեսով տարածքներ, ապա տնտեսավարողը կարող է դիմել Ծրագրին մասնակից մեկ այլ ապահովագրական ընկերությանը։ Տեղեկացնում ենք նաև, որ ապահովագրությունն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկուտ և հրդեհ ռիսկերից:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Փաթեթում նշված խնդիրների և դրանց լուծումների նպատակով Կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1222-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը, որում ներառված են կլիմայի փոփոխություններին հարմարվողականության, դիմադրողականության և շրջակա միջավայրի կայունության բարձրացմանն, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն, հողային բարեփոխումների իրականացմանն, գյուղական համայնքների զարգացմանն, մարդկային կարողությունների և հմտությունների զարգացմանն, պարենային և սննդի անվտանգության ապահովմանն և այլ ճյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումններ, որոնց շրջանակներում մշակվում և շարունակաբար իրականացվում են պետական աջակցության մի շարք ծրագրեր»։
Հոկտեմբեր 29, 2024 at 12:15