

Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը երեկերեսանիություն ու կեղծավորություն որակեց Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվեցնիայի կողմերի համաժողովի՝ COP29-ի անցկացումն Ադրբեջանում։ Այս մասին նա ասաց Հայաստանի Ամերիկյան համալսարանում կազմակերպված COP29-ի` «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների և բնության նկատմամբ» միջոցառման ժամանակ: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի կլիմայական արդարություն նախաձեռնությունը։
«Շատ է խոսվել էթնիկ զտումների մասին, բռնի տեղահանումների, հայերի նկատմամբ իրականացրած խոշտանգումների մասին, գերեվարումների մասին, ինչի հետևանքով մարդիկ անցնում են հոգեկան ու ֆիզիկական տառապանքների միջով, սրանք անհանդուրժելի են: Անհանդուրժելի է նաև աշխարհի լռությունը: Շարունակական դժվարություններն ու տառապանքը, որի միջով անցել ու անցնում են հայերն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում, այն խոշտանգումները, բռնի տեղահանումները, գերիների, պատանդների հանգամանքը, ֆիզիկական ու հոգեբանական վայրագությունները, որոնց մարդիկ առերեսվել են, անհանդուրժելի է»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման թեմաներին՝ ակտիվիստն անընդունելի համարեց կլիմայի պաշտպանությանն ուղղված ամենակարևոր միջոցառման իրականացումն այնպիսի երկրում, որը ռեպրեսիվ մոտեցումներ ունի ակտիվիստների նկատմամբ և որտեղ փոփոխությունների ձգտող ձայները լռեցվում են բանտերում:
«Ադրբեջանցի ակտիվիստներից շատերն են ասում, որ, կարծես, բանտում են ապրում: Մինչ մենք խոսում ենք սրա մասին, քաղհասարակության վրա ճնշումներ են գործադրվում»,-ասաց նա։
Վաղը՝ նոյեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Թունբերգի մասնակցությամբ Հայաստանի կլիմայական արդարություն նախաձեռնությունը COP29-ի թեմայով ակցիա կանցկացնի Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև։
Նշենք, որ մինչ Հայաստան այցը Գրետա Թունբերգը Վրաստանում էր, որտեղ ևս տեղի ակտիվիստների հետ ակցիաների է մասնակցել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, արցախահայության էթնիկ զտման և գերիների խոշտանգումների մասին: Այստեղ ևս նա բողոքի ակցիայի ժամանակ բարձրացրել էր ոչ միայն կլիմայի փոփոխությանն առնչվող հարցեր, այլև խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների մասին։
Նոյեմբեր 14, 2024 at 17:43