«Կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման» ուղեցույցը հասանելի է համայնքներին

«Կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման» ուղեցույցը հասանելի է համայնքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համայնքներին է տրամադրել «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից մշակված «Տեղական մակարդակում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման» ուղեցույցը։ Ուղեցույցը մշակվել  է ՄԱԶԾ «Հայաստանի կլիմայական խոստում» ծրագրի աջակցությամբ։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը սույն թվականի հուլիսի 9-ին նամակով հայտնել է Էկոլուրին․ «Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված «Տեղական մակարդակում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման» ուղեցույցը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կարևորվելով որպես մեթոդական ուղեցույց, տրամադրվել է համայնքներին՝ ի տնօրինություն»:

Նշենք, որ ուղեցույցը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում։ 

Ուղեցույցը նպատակ ունի օժանդակելու ՏԻՄ-երին տեղական մակարդակում ինտեգրելու կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության պետական քաղաքականությունները։ Այն կօգնի նաև համայնքների հնգամյա զարգացման ծրագրերում, տարեկան աշխատանքային պլաններում և համայնքի տարեկան բյուջեում կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված միջոցառումների պլանավորման և իրականացման գործընթացի կազմակերպման հարցում՝ բարձրացնելով կլիմայի փոփոխությանը համայնքների դիմակայունության մակարդակը։

Ուղեցույցում առաջարկված են ինչպես ընդհանուր միջոցառումներ, այնպես էլ կենցաղային և այլ ծագմամբ թափոնների, համայնքային հողատարածքների կառավարման, համայնքային անտառային հողերի անտառապատման և կանաչ տարածքների կառավարման, անասնաբուծության, էներգախնայողության, վերականգնվող և այլընտրանքային էներգետիկայի, խմելու ջրի հասանելիության և կոյուղաջրերի կառավարման, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումներ։

Հուլիս 22, 2025 at 13:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր