Տավուշի մարզի կլիմայական մարտահրավերները,  էներգաարդյունավետ միջոցառումները, ջրի պակասը և գյուղատնտեսական մոտեցումները

Տավուշի մարզի կլիմայական մարտահրավերները,  էներգաարդյունավետ  միջոցառումները, ջրի պակասը և գյուղատնտեսական մոտեցումները

«Էկոլուր» ՀԿ-ի թիմը վերջերս հանդիպեց Տավուշի մարզպետարանի աշխատակիցների հետ քննարկելու մարզի բնապահպանական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները։

Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը, զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վիկտոր Աբազյանը և անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Վալեր Օրդյանը։



Մարզպետարանի աշխատակիցները ներկայացրին մարզում իրականացվող մի շարք ծրագրեր՝ շեշտադրելով կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսական գործունեության արդիականացման, էներգաարդյունավետության բարձրացման և բնակչության անվտանգության հարցերը։

Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին պետական սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվում են շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներ։ Դիլիջանում արդեն արդիականացվել է 11 շենք՝ ջերմամեկուսիչ նյութերով կատարվել է պատերի երեսպատում, պատուհանների ու դռների փոխարինում, տանիքի նորոգում։ Նմանատիպ ծրագրեր իրականացվել են նաև Իջևանում և Բերդում՝ համապատասխանաբար 2 և 1 շենքեր։ 2025թ․ նախատեսվում է ծրագրի նոր փուլ՝ Այգեհովիտում և Կայանավանում։ Ծրագրի գումարի մի մասը տալիս է համայնքը, մի մասը ՄԱԶԾ ծրագրով է համաֆինանսավորվում, իսկ մեծ մասը հատկացնում է պետությունը։ «15%-ը ՄԱԿ-ի ծրագրով է համաֆինանսավորվում, մոտավորապես 70-75%-ը պետության կողմից։ Պարտադիր պայման է, որ տվյալ բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչները ևս ներդրում ունենան։ Ու էներգաարդյունավետ ծրագրի դեպքում՝ 5%-ը սովորական վերանորոգման, տանիքի դեպքում՝ 10 %։ Համայնքի ներդրումը կազմում է մոտավորապես 5%»,- ասաց Գուրգեն Հարությունյանը։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը կարևորեց կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումը։ Նա նշեց, որ վերջին տարիներին կլիմայի փոփոխության հետևանքով Տավուշի մարզում հաճախակի կրկնվող երաշտները դարձել են նոր խնայողական մոտեցումների, մասնավորապես՝ կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու պատճառ։ Մյուս կողմից կլիմայի փոփոխությունը պատճառ է դարձել մերձարևադարձային որոշ պտղատեսակների՝ օրինակ կիվիի մշակման, ինչպես նաև՝ ինտենիսվ այգիներ հիմնելու պատճառ։ «Պետական աջակցության շնորհիվ Իջևանի, Բերքաբերի և Խաշթառակի բնակավայրերում հիմնվել են նռան ու հոնի այգիներ՝ շուրջ 6 հա ընդհանուր տարածքով, ավելի քան 90 շահառուի մասնակցությամբ։ Ծրագրերը շարունակվում են՝ ընդգրկելով նաև հարակից համայնքներ»,- նշեց Վաղարշակ Սուքոյանը։ Նրա խոսքով՝ տնամերձերում կաթիլային համակարգերի ներդնմանն աջակցում է կառավարությունը․ «95 %-ը կատարվել է կառավարության կողմից, 5 %-ը մեր համայնքի ներդրումն է։ Հետագայում նաև արտահանման, առևտրի կենտրոններ կստեղծվեն։ Սառնարանային տնտեսություն կլինի։ Կարևորում ենք արժեշղթաների շարունակական լինելը՝ պահեստներ, սառնարաններ, որպեսզի հետագայում իրացման խնդիրներ չլինեն»,- ընդգծեց Սուքոյանը։

Նա նշեց նաև ինտենսիվ այգեգործության ակտիվացումը, հատկապես ոչ ռիսկային տարածքներում, ինչպիսիք են Բագրատաշենն ու Դեբեդավանը։ 2024թ․ այգի է հիմնվել շուրջ 24 հեկտար տարածքի վրա։ Զուգահեռաբար իրականացվում են կարկտապաշտպան ցանցերի տեղադրման և գյուղատնտեսական ապահովագրության ծրագրեր։ Վերջիններս այժմ ներառում են ոչ միայն ցրտահարություն և կարկտահարություն, այլ նաև երաշտ։ Մարզպետարանը դիմել է նաև արքայանարինջն ապահովագրելի մշակաբույսերի ցանկում ընդգրկելու առաջարկով։

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանն անդրադարձավ ջրային ռեսուրսների հիմնախնդրին։ «Ջրի քանակը միշտ էլ խնդիր է եղել։ Մեր տարածաշրջանը սնվելիս է եղել Ջողազի համակարգից, Ջողազի համակարգը չի կառուցվում։ Ոռոգումն ամենից լավ կերպով կազմակերպվում է Նոյեմբերյանի և Բերդի շրջաններում՝ ինքնահոս եղանակով, իսկ մնացած տարածքներում կիրառվում են մեխանիկական լուծումներ»,- նշեց նա։

Գուրգեն Հարությունյանը հավելեց, որ մարզում իրականացվում են ոռոգման ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ Հովնանյան հիմնադրամի անմիջական աջակցությամբ։ 2024 և 2025թթ․ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված են մի շարք նախագծեր՝ ներառյալ Նորաշենի, Բագրատաշենի, Չինարի, Այգեհովիտի և Վազաշենի համակարգերի արդիականացումը։ «Վերանորոգել ենք Նորաշենի ոռոգման համակարգի ջրամբար մոտեցող ջրագիծը, ջրընդունիչ կառուցվածքները, Բագրատաշենի պոմպակայանը, ջրագծերը, պոմպերը հիմնանորոգվել են, նոր պոմպերը տեղադրվել։ Չինարիում իրականացրել ենք ոռոգման համակարգի, պոմպակայանի վերակառուցման, ջրագծի փոխարինման ծրագիր։ Իջևանի տարածաշրջանում Այգեհովիտում և Վազաշենում են աշխատանքներ տարվել»,- ասաց նա։

ՀԷԿ-երի գործունեության վերաբերյալ ներկաները նշեցին, թե մինչ օրս որևէ խնդիր չի արձնագրվել։ Ոռոգման սեզոնին ջրի առաջնահերթությունը տրվում է ոռոգմանը։ Ինչ վերաբերում է ՀԷԿ-երի սոցիալական պատասխանատվությանը, ապա, Գուրգեն Հարությունյանի խոսքով, համայնքները կարող են ինքնուրույն նախաձեռնել համագործակցություն և ներգրավել ՀԷԿ-երին սուբվենցիոն կամ այլ համայնքային ծրագրերում։

Անդրադարձ եղավ նաև նախորդ տարվա Աղստև գետի վարարման հետևանքով առաջացած աղետին։ Աղաբեկ Գալստյանի խոսքով՝ վնասները զգալի էին գյուղատնտեսությունում, բիզնեսում և բնակֆոնդում։ Պետությունը տրամադրել է փոխհատուցում՝ հիմնվելով գույքագրման և եզրակացությունների վրա։ Այգիների վնասների ուսումնասիրությունը շարունակվում է՝ պարզելու՝ արդյոք դրանք ենթակա են վերականգնման։

«Վնասված տների հետ կապված վերանորոգման ծրագրով յուրաքանչյուր ընտանիք իր վերանորոգման գումարը ստացել է։ 2 հոգի են դուրս մնացել, փաստաթղթային լուրջ խնդիրներ կային։ Բիզնեսի հետ կապված բոլոր վնասները գույքագրվել են, ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարություն, աջակցությունը պետության կողմից տրվել է։ Գյուղատնտեսության բնագավառում հիմնականում տուժել են Նոյեմբերյանի հատվածը, պտղատու այգիները։ Առաջին փուլում դիմեցինք կառավարության հանրապետական հանձնաժողով, որ տրվի վնասվածության հետ կապված մի աստիճանի գումարը, որը վերականգնման ենթակա այգիներն են, իսկ պտղատու այգիները, որոնք վնասված են և վերականգնման ենթակա չեն, հետաձգվեց մինչև փաստացի ուսումնասիրվի՝ արդյոք պտղատու ծառը պիտանի է, թե պիտանի չի։ Այն գյուղացիական տնտեսությունը, որի պտղատու այգին վերականգնելու ենթակա չի, արդեն կստանան պակաս գումարը։ Կենդանիների հետ կապված, մեղվափեթակների, թռչունների, տնամերձի հետ կապված բոլոր փոխհատուցումները ակտերով տրվել են։ Նաև ոչ բնակելի տարածքների՝ գոմ, հավանոց, այգետնակ և այլն, բոլորի հետ կապված փոխհատուցումներ ստացել են» ,- նշեց նա։

Նախորդ տարի կառավարության որոշմամբ 70 միլիոն է հատկացվել նաև Աղստև գետի վտանգավոր հատվածների ափապաշտպան միջոցառումների համար։ Այդ ամենի շրջանակներում նաև իրականացվել է գետի հունի մաքրում, հենապատերի վերանորոգում։

Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վիկտոր Աբազյանը ներկայացրեց քաղաքացիական պաշտպանությանն առնչվող տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ մարզի բնակավայրերում տեղադրվում են նոր ազդարարման համակարգեր։ «Մարզի բնակավայրերը ապահովված են ազդարարման համակարգերով, բայց այդ շչակների ազդարարման հնարավորությունն բնակավայրերի ամբողջ բնակչությանը չի բավարարում, չի ծածկում։ Մարզը Երևանի քաղաքապետարանից ստացել է 85 նոր շչակ, որոնք բաշխվելու են համայնքների միջև։ Բնակիչները հուշաթերթերի միջոցով տեղեկացվում են պատսպարման վայրերի և վարվելականոնների մասին։ Մարզային փրկարարական վարչության ուժերով պլանավորված վարժանքներ են անցկացվում բոլոր բնակավայրերում։ Ընդգրկվում են բնակավայրերի կազմակերպություններ՝ դպրոց, մանկապարտեզ։ Ուսուցանվում են հիմնականում վարվելակերպի կանոնները  երկրաշարժի, հակառակորդի հարվածի և օդային տագնապ ազդանշանի իրավիճակներում»,- ասաց նա։

Անդրադառնալով գետի հնարավոր վարարման դեպքում ազդարարման համակարգերի խնդրին՝ նշեց․ «Ազդարարման համակարգ չկա, հիդրոլոգիական կայաններում չափումներ, մոնիտորինգ իրականացվում է, ջրի մակարդակն ամենօրյա ռեժիմով հաղորդվում է։ Հիդրոլոգիական կենտրոնները տեղեկատվություն հաղորդում են իրենց ղեկավարությանը՝ Շրջակա միջավայրի նախարարություն, այն ստանում է նաև մարզային փրկարարական վարչությունը։ Եթե կրիտիկական մակարդակ է լինում, արդեն համայնքներին իրազեկում են, որ ափամերձ շինություններում գույք, բան, մարդիկ կարողանան տարհանել»։

Հանդիպման ժամանակ բարձրաձայնվեց նաև Աղստև գետի աղտոտման խնդիրը։ Ըստ անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Վալեր Օրդյանի՝ տեսախցիկների օգնությամբ Իջևանի համայնքապետարանը հետևում է Աղստևի երկայնքով տեղակայված տնտեսվարողներին՝ կանխելու ապօրինի աղբ թափելու դեպքերը։ «Տնտեսավորի հետ անմիջապես համայնքապետարանն է աշխատում, գետի երկայնքով տեսախցիկներ են դրված, իրենք անընդհատ վերահսկում են։ Եթե խախտում  նկատում են, մոտենում են տվյալ տնտեսվարողին, անմիջական աշխատանքներ են տարվում նրանց հետ»,- ասաց նա։

Քննարկվեց նաև Տավուշի մարզում վերականգնվող էներգետիկայի ներուժի հարցը։ Աղաբեկ Գալստյանը նշեց, որ արևային օրերի քանակով մարզը համեմատաբար թույլ դիրքում է՝ ըստ միջազգային գնահատականների։ Այնուամենայնիվ, պետության աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերին տրվող անտոկոս վարկերով իրականացվող էներգախնայող վերանորոգման ծրագրերը նպաստել են 30-40%-ով էներգաարդյունավետության բարձրացմանը։ «Ծրագրի արդյունքում մարդիկ կարողացան գազաֆիկացնել իրենց տները, որն արդեն իսկ էկոհամակարգի վրա լուրջ ազդեցություն ունեցավ։ Այս պահին ես որպես գյուղացու մարդ գազին այլընտրանք չեմ տեսնում։ Բրիկետները շատ թանկ են։ Գոմաղբը հեռանկարային չէ», - նշեց նա։

Հուլիս 24, 2025 at 14:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր