ԵՄ աջակցությամբ պատրաստվել է կլիմայական նոր զեկույց՝ CEPA-ի կլիմայական քաղաքականության ու ճանապարհային քարտեզի 2021–2024թթ․ կատարողականի վերաբերյալ

ԵՄ աջակցությամբ պատրաստվել է կլիմայական նոր զեկույց՝ CEPA-ի կլիմայական քաղաքականության ու ճանապարհային քարտեզի 2021–2024թթ․ կատարողականի վերաբերյալ

Եվրամիության աջակցությամբ պատրաստվել է «Քաղաքացիական հասարակության կողմից ՀԸԳՀ իրականացման մոնիթորինգի ուժեղացում (ՀԸԳՀ 52-րդ հոդվածի «a» և «b» կետերի, 54- րդ հոդվածի «b», «c», «d», «e» և «f» կետերի մշտադիտարկում)» զեկույցը։

Զեկույցում ներկայացված են 2021-2024թթ․ ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) կլիմայական հոդվածների և ՀԸԳՀ-ի ճանապարհային քարտեզով նախատեսված համապատասխան միջոցառումների կատարման մշտադիտարկման արդյունքները, կլիմայի ոլորտի իրավական ակտերի վերլուծությունը, ինչպես նաև տեղայնացման ընթացիկ խնդիրներն ու բարեփոխման առաջարկությունները։

Մասնավորապես՝ ուսումնասիրվել է «Անտառ», «Գյուղատնտեսություն», «Էներգետիկա» և «Թափոն» ոլորտներում Հայաստանի կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականության իրականացումը, բացահայտվել են խնդիրներ և բացթողումներ, համապատասխան մարմինների համար մշակվել են առաջարկություններ:

1 «Անտառ» ոլորտ

  • Հայաստանի անտառների վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացված տվյալները տարբերվում են և չեն կարող օգտագործվել անտառածածի ավելացման նպատակով նոր կլիմայական նպատակներ սահմանելու համար։
  • ԱՍԳ-ով մինչև 2030թ. նախատեսված անտառածածկի մինչև 12,9% ավելացման համար անհրաժեշտ 50,000 հա նոր անտառից 2021-2024թթ. տնկվել է ընդամենը մոտ 1,64%-ը։
  • 1993թ. անտառային հողերի պետական գույքագրումից երեսուն տարի անց անտառային հողերը կրճատվել են 126,200 հեկտարով։ Միայն 2021-2023թթ. դրանք նվազել են 200 հեկտարով։ Անտառածածկ հողերը նվազել են 45,000 հեկտարով։ Միայն 2021-2023թթ. դրանք նվազել են 100 հեկտարով։
  • 1990-2019թթ. համար Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվության համաձայն՝ «անտառկառավարում և այլ հողօգտագործում» ոլորտից CO2-ի կլանման ծավալները նվազել են՝ 2010թ. -550.1 Գգ CO2 համարժեքից մինչև 2019թ. -373.0 Գգ CO2 համարժեք

2. «Գյուղատնտեսություն» ոլորտ

  • Միայն 2021-2023թթ. ընթացքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները նվազել են 1,1 հազար հեկտարով։
  • Կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունություն ապահովող համակարգերը, ինչպիսիք են հակակարկտային համակարգերը, ապահովագրությունը, ոռոգումը, վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերը, բավականաչափ զարգացած չեն։
  • 2021-2023թթ. ընթացքում «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից ոռոգվել է ոռոգելի հողերի միջինում 18.5%-ը։
  • Հաշվետու ժամանակահատվածում հողերի անմշակ մնալու հիմնական պատճառները, այդ թվում՝ ոռոգման ջրի անհասանելիությունը, ջրամբարներում ջրային ռեսուրսների անբավարար կուտակումը և հողերի մասնատվածությունը, մնացել են չլուծված։
  • 2021-2024թթ. ընթացքում «Գյուղատնտեսություն» ոլորտի (ներառյալ անտառային տնտեսությունը և ձկնորսությունը) մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում 2021-2024թթ․ ընթացքում 11,1%-ից նվազել է մինչև 7,9%։

3. «Էներգետիկա» ոլորտ

· Հայաստանը կարող է հասնել Ազգային սահմանված գործողություններով (ԱՍԳ) սահմանված՝ վերականգնվող էներգիայի մասնաբաժնի կրկնապատկման թիրախին, քանի որ փոքր հիդրոէլեկտրակայանների և արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը էներգետիկ համակարգում 2021-2024թթ. ընթացքում 8,57%-ից աճել է մինչև 19,4%։

·  Ըստ Եվրոստատի սահմանման՝ Հայաստանի տնային տնտեսությունների 58,6%-ը էներգետիկ աղքատ է։ ՀԸԳՀ-ում էներգետիկ աղքատության վերաբերյալ հատուկ կանոնակարգեր ներառված չեն։

4. «Թափոն» ոլորտ

·  ՀԸԳՀ հավելված 3-ի «Թափոնների կառավարում» բաժնի պահանջների մեծ մասը չի կատարվել։

·  Թափոնների տեսակավորման և վերամշակման փոքր ծավալների պատճառով համայնքային կոշտ թափոնների մեծ մասը տեղափոխվում է աղբավայրեր: Թափոնների տեսակավորման և վերամշակման տնտեսական մեխանիզմները բավարար չեն այս ոլորտում ներգրավված բիզնեսներին խրախուսելու համար: Նման իրավիճակում ԱՍԳ-ով սահմանված թիրախներին հասնելը քիչ հավանական է:

· Հայաստանում ջրառի մեծ մասը չի մտնում կոյուղու համակարգ։ Կեղտաջրերի մաքրման կայաններից կենսագազ չի հավաքվում, ինչը հանգեցնում է ջերմոցային գազերի արտանետումների աճի։

· 580 բնակավայրում կոյուղու համակարգերի անցկացման խնդիրները մնում են չլուծված։

· Հայաստանը չունի կեղտաջրերի կառավարման ոլորտի զարգացման ծրագիր։

5. Համայնքներ

  • Համայնքներըկլիմայական ռիսկի գնահատում չեն իրականացրել և կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ծրագիր/ռազմավարություն չեն մշակել։
  • Օրենսդրական դաշտի թերությունները, գործիքների պակասը, իրավական ակտերի միջև հակասությունները խոչընդոտում են համայնքներում կլիմայական թիրախներին հասնելուն։
  • Առկա է տեխնիկական ռեսուրսների և մասնագետների պակաս։

Զեկույցը պատրաստվել է GOPA Partners in Action for Change and Engagement կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ ՀԸԳՀ-ի մշտադիտարկման իրականացման գործում» ծրագրի շրջանակում։ Զեկույցի հեղինակը ծրագրի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանն է՝ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահը։

Ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ։

Հուլիս 22, 2025 at 15:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր