ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում Սյունիքում ջերմաարդիականացվել է 42 բազմաբնակարան և 3 հասարակական շենք

ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում Սյունիքում ջերմաարդիականացվել է 42 բազմաբնակարան և 3 հասարակական շենք

Սյունիքի մարզի Քաջարան, Կապան և Սիսիան համայնքներում արդեն մի քանի տարի է՝ իրականացվում են բազմաբնակարան շենքերի ջերմաարդիականացման միջոցառումներ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում։ Այն մեկնարկել է 2017թ․ հուլիսից և կտևի մինչև 2026թ․ հուլիսը։ Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4.168 միլիոն ՀՀ դրամ։

Սույն թվականի հուլիսի 18-19-ը Սյունիքի մարզում էին Ծրագրի պատասխանատուները՝ գնահատելու կատարված աշխատանքը, լսելու շահառուների կարծիքները և խոսելու հետագա քայլերի մասին։

Ծրագրի շրջանակում արդեն ջերմաարդիականացվել է 42 բազմաբնակարան և 3 հասարակական շենք։ Առաջիկայում նախատեսվում է ջերմաարդիականացնել ևս 8 բազմաբնակարան և 6 հասարակական շենք՝ շարունակելով համագործակցությունը Քաջարան և Կապան համայնքների հետ։

Ծրագրի նպատակն է մինչև 2026 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել մինչև 1.118 միլիոն տոննա CO₂։ Այս պահին փաստացի արձանագրվել է 0.412 միլիոն տոննա CO₂-ի կրճատում։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծում է․ «Բնակիչներն ապրում են ավելի բարեկեցիկ, իսկ էներգիայի պակաս սպառումը ուղղակիորեն նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների նվազմանը, ինչը դրական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա»։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խոսքով առաջնահերթություն տրվում է պանելային շենքերին, քանի որ դրանք ունեն ջերմամեկուսացման լուրջ խնդիրներ։

Բազմաբնակարան շենքերի պատերի, տանիքների և նկուղների ջերմամեկուսացման շնորհիվ բնակիչները կարողանում են նույն ջերմաստիճանը պահպանել ավելի քիչ էներգիայի հաշվին։ Շենքերի ճարտարագետ-վերլուծաբան Անդրե Օհանյանի խոսքով՝ որոշ շենքերում ջերմային խնայողությունը հասել է 60%-ի։ Սա նշանակում է ոչ միայն մինչև 15,000 դրամ ամսական խնայողություն միջին ընտանիքների համար, այլև՝ էներգիայի և վառելիքի ծախսերի նվազում։

«Քաջարանում ձմեռը միշտ խիստ է եղել, շենքերը՝ հիմնականում սովետական, պանելային, բարակ պատերով։ Հիմա ավելի լավ է։ Նախկին 60-70 հազարի փոխարեն այսօր 45-50 հազար ենք վճարում։ Գազի ծախսը նվազել է 10-15 հազար դրամով, ինչը զգալի է մեր առօրյայի համար։ Այդ գումարը կարող եմ ներդնել այլ կարևոր բաների համար։ Ամենակարևորը՝ Սյունիքում վերջապես արվում է մի բան՝ բնության օգտին», - ասում է Քաջարանի բնակիչը։

Անի Ավետիսյան Էկոլուրի համար

Հուլիս 22, 2025 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր