

2025թ.հուլիսի 29-ին Արագածոտնի մարզի Թալինի խոշորացված համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Թալինի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Շրջակա միջավայրի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։
Խորհրդակցության նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական հանձնառությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաեւ համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից եւ երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն կլիմայական մարտահրավերների եւ հասցեագրման կարիքների եւ հնարավորությունների վերաբերյալ եւ երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց Արագածոտնի մարզում կլիմայի հարմարվողականության և մեղմման քաղաքականության տեղայնացման մարտահրավերներն ու հնարավորությունները, Թալինում կլիմայական քաղաքականության տեղայնացման խնդիրները Հայաստանի ազգային կլիմայական օրակարգի համատեքստում։
Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց ՀՀ կլիմայական քաղաքականությանը վերաբերող հիմնական փաստաթղթերը. «Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030թթ․ ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» կառավարության որոշումը, որով Հայաստանը ստանձնել է կլիմայական հանձնառություններ թե՛ մեղմման և թե՛ հարմարվողականության ուղղություններով, «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագիրը» և «ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը», որը պետք է իրականացվի մինչև 2050 թվականը»։
Հարմարվողականության ազգային ծրագրով 6 ոլորտների համար՝ գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսներ, էներգետիկա, առողջապահություն, անտառային տնտեսություն և զբոսաշրջություն, նախատեսվում է մշակել առանձին հարմարվողականության ծրագրեր։ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ներկայում այդ ծրագրերից միայն ջրային ռեսուրսների վերաբերյալ ծրագիրն է հաստատվել կառավարության կողմից։ Գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում հարմարվողականության որոշ միջոցառումներ ներառվել են ոլորտային ռազմավարություններում։ Սակայն, ըստ նրա, այդ մոտեցումը սահմանափակում է միջոցառումների ծավալը, ինչը խնդրահարույց է։ Նա նշեց նաև, որ 4 մարզերի համար մշակվել են հարմարվողականության ծրագրեր, սակայն Արագածոտնի մարզի համար հարմարվողականության ծրագիր դեռևս չի մշակվել։
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ծրագրում ընդգծվում է նաև համայնքային մակարդակում հարմարվողականության պլանների մշակման և ներդրման անհրաժեշտությունը։ Կարևորվում է կլիմայի փոփոխության վերաբերյալ համայնքային մակարդակում տեղեկացվածության բարձրացումը։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրի աջակցությամբ մշակել է ուղեցույց համայնքների համար՝ ուղղված կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման ծրագրերի մշակմանն ու այդ ծրագրերի ինտեգրմանը համայնքային զարգացման և սուբվենցիոն ծրագրերում։ Ուղեցույցը հասանելի է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում։
Հարցումների, դիտարկումների և պաշտոնական փաստաթղթերի վերլուծության արդյունքում «Էկոլուր»-ը բացահայտել է Թալին համայնքում առկա կլիմայական խնդիրներն ու ռիսկերը։ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ Թալինում նկատվում է օդի միջին ջերմաստիճանի բարձրացում, երաշտային երևույթների աճ, տեղումների պակաս, անապատացման ակտիվացում, կարկուտ, վաղ ցրտահարություն, սելավներ և հեղեղումներ։ Արդյունքում դիտվում է բերքատվության անկում, անասնապահության կրճատում, բնական ջրհոսքերի նվազում, աղբյուրների ցամաքում, հողի դեգրադացում ու արոտավայրերի կերային ծածկույթի կորուստ, ինչը բացասաբար է անդրադառնում բնակչության եկամուտների վրա։ Սուբվենցիոն ծրագրերում կլիմայական ռիսկերը գնահատված չեն։ Մյուս կողմից՝ համայնքը չունի բավարար ֆինանսական ռեսուրսներ կլիմայական ծրագրերի իրականացման համար և մեծապես կախված է կառավարության աջակցությունից։
Բացի այդ, առկա է մասնագետների պակաս՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման միջոցառումների մշակման ուղղությամբ։ Համայնքի հնգամյա զարգացման ծրագրերում բացակայում են կլիմայական և կայուն էներգետիկ միջոցառումների պլաններ։ Բնակչության մեծ մասը ցածր տեղեկացվածություն ունի էներգախնայողության և կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության միջոցառումների վերաբերյալ։
Վիկտորյա Բուռնազյանն անդրադարձավ Թալինում իրականացվող պետական և համայնքային կլիմայական մեղմման քաղաքականությանը։ «Թալինը դիտարկում ենք որպես արևային համայնք, որտեղ բուռն կերպով զարգանում է արևային էներգետիկան։ Այստեղ արդեն գործում է 13 արդյունաբերական արևային կայան՝ 47.80 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, տարեկան արտադրելով 92.52 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Արևային կայանները զբաղեցնում են մոտ 100 հա տարածք։ Թալինում կառուցվելու է Հայաստանի ամենամեծ արդյունաբերական արևային կայանը՝ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1»-ը։ ՏԿԵ նախարարության տվյալներով՝ կայանի կառուցումն ավարտվելու է 2027թ․»,- ասաց նա։
Թալին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանը բարձրացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար «Մասդար»-ի կողմից դեռևս չվճարված փոխհատուցման գումարի հարցը։ «Այդ հողատարածքները նվիրատվությամբ տրամադրվեց։ Եթե համայնքն այդ տարածքները վաճառեր կադաստրային արժեքով, շատ ավելի մեծ գումար կկազմեր։ Իհարկե կառավարությունը մոտ մեկ միլիարդ դրամ տրամադրեց, սակայն «Մասդարը» մինչ օրս մեր գումարը չի տվել։ Ծրագրի իրականացման պահանջն էր, որ համայնքը նախապես համաձայնեցնելով պետք է ծրագիր իրականացնի, հետո նոր գումարը տրամադրեն։ Մենք պայմաններին համապատասխանող ծրագիրը իրականացրել ենք 2023թ․, ներկայացրել ենք բոլոր փաստաթղթերը, բայց մինչ այժմ գումարը չենք ստացել»,- ասաց նա և խնդրեց աջակցել, որ այդ գումարը փոխհատուցվի։
Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց, թե համայնքի կողմից կլիմայի փոփոխության մեղմման ինչ միջոցառումներ են իրականացվել։
«Թալին համայնքի ավագանին 2023թ․ մի ապրիլի 28-ին N52 Ա որոշմամբ համաձայնություն է տվել միանալու Եվրոպական միության կողմից իրականացվող «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը։ 2023թ․ տվյալների համաձայն՝ մի շարք համայնքային նշանակության շենքերի վրա տեղադրված են արևային ինքնավար կայաններ, այդ թվում՝ 30 կՎտ Թալինի համայնքապետարանի շենքի, 20 կՎտ Մշակույթի տան, 15 կՎտ Գեղարվեստի տան՝, 10 կՎտ մարզադպորցի տանիքին, 10 կՎտ բնակելի շենքերից մեկի վրա: Իրականացվել են փողոցային լուսավորության ցանցի անցկացման և վերանորոգման աշխատանքներ»,- նշեց նա։
Վիկտորյա Բուռնազյանն առանձնացրեց նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված հարմարվողականության ծրագրերը։ «Խմելու ջրի ցանցի վերանորոգում է իրականացվել Ագարակավան, Կաքավաձոր, Մաստարա, Աշնակ, Կաթնաղբյուր և Արտենի բնակավայրերում։ Դաշտադեմ բնակավայրում վերականգնվել է ոռոգման ցանցը։
«Այգ-1» կայանի համար հատկացվել է 547.3095 հեկտար հողատարածք Թալին և Դաշտադեմ բնակավայրերից։ ՀՀ կառավարությունը դեռևս 2019թ․ դեկտեմբերի 26-ի որոշմամբ (N1922-Լ) նախատեսել է հողատարածքների նվիրաբերություն՝ սուբվենցիոն ծրագրերով համայնքի կարիքները հոգալու նպատակով։ Նշեմ, որ ոռոգման ցանցի վերականգնումը Այգ 1 ծրագրի շրջանակներում է նախատեսված եղել, քանի որ կայանի հողերի մի մասը Դաշտադեմ բնակավայրից են, և 320 միլիոն դրամի գումար էր նախատեսված, որը պետք է «Մասդար Արմենիա» ընկերությունը տրամադրեր համայնքի միջոցառումների համար»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը։
Նշվեց նաև, որ Թալին համայնքն ունի կլիմայական ռիսկերի գնահատման և հարմարվողականության ծրագրերի մշակման փորձագիտական աջակցության կարիք, կլիմայական վտանգների վաղ ազդարարման արդի համակարգի կարիք, կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման համար, մոտ 1000 հեկտար համայնքային նշանակության հողեր կարող են անտառապատվել համապատասխան աջակցության պայմաններում:
Ոռոգման նպատակով անհրաժեշտ է նաև գեոմեմբրանային ջրամբարների կառուցում։ Թալին համայնքը կարիք ունի կարկտապաշտպան համակարգերի, գյուղատնտեսական ապահովագրության, բնակելի շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման, ինչպես նաև համայնքային նշանակության սեփական արևային կայանի կառուցման՝ էներգետիկ աղքատության հաղթահարման և ֆինանսական միջոցների տնտեսման նպատակով։
Արևային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ առաջանում է էլեկտրոնային թափոնների չեզոքացման հարց։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ մեխանիզմներով է պետք չեզոքացնել շահագործումից դուրս եկած վահանակներն ու սարքավորումները։
Առկա են նաև կարիքներ աշխատակազմի վերապատրաստման, էներգետիկ կառավարման, միջազգային ծրագրերում ներգրավվածության, համայնքային աղբավայրերի չեզոքացման, սանիտարական աղբավայրերի, կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման և վերամշակման, հողերի դեգրադացիայի չեզոքացման, խմելու և ոռոգման ջրամատակարարման ծառայությունների բարելավման, արոտավայրերի արտադրողականության բարձրացման և կերհանդակների ու խմոցների կառուցման ուղղությամբ։
Թվարկված խնդիրների հաղթահարման նպատակով առաջարկվում է՝
- Սահմանել խրախուսման մեխանիզմներ կլիմայական սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
- Օրենսդրական կարգավորումներով խրախուսել ջրախնայող տեխնոլոգիաների ներդնումը, ագրարային տնտեսությունների և անասնապահական կոոպերատիվների ձևավորումը
- Իրականացնել իրազեկման միջոցառումներ կլիմայական ոլորտային քաղաքականությունների տեղայնացման վերաբերյալ՝ պետական մարմինների նախաձեռնությամբ
- Կառավարության աջակցությամբ կառուցել Թալինի համայնքային արևային կայան
- Համայնքապետարանում նախատեսել կլիմայագետ մասնագետի և էներգետիկ կառավարչի հաստիքներ։
Շարունակելի
Օգոստոս 07, 2025 at 10:46