

Երևանի ավագանին փետրվարի 10-ին կայացած նիստում հավանություն տվեց Երևան քաղաքի նոր Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրին (ԿԷԶԿԳԾ/SECAP)։ Ծրագիրը հաստատվեց՝ 38 կողմ, 8 դեմ և 13 ձեռնպահ ձայներով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստի ժամանակ նշեց, որ Երևանի քաղաքապետի կողմից նշանակած գլխադասային՝ քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն:

Երևանը, լինելով Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության անդամ, պարտավորվել է մինչև 2030թ․ 30%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Այդ նպատակով էլ մշակվել է Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը։ Ծրագիրը ներառում է մեղմման և հարմարվողականության միջոցառումներ առանցքային ոլորտներում, այդ թվում՝ հանրային տրանսպորտ, համայնքային շենքեր, փողոցային լուսավորություն, թափոնների կառավարում, ջրամատակարարման համակարգեր և կանաչ տարածքներ։ Փաստաթուղթը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կլիմայական խոստում - խոստումից ազդեցություն» ծրագրի աջակցությամբ։
Ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ ծրագրի ընդունումը հնարավոր է դարձնում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառումը քաղաքային կայուն զարգացման մի շարք ծրագրեր իրագործելու համար: «Համաշխարհային բնապահպանական մարտահրավերների համատեքստում քաղաքային իշխանության առաջնահերթություններից է կայուն զարգացման ներդրումը քաղաքային կառավարման տարբեր ենթակառուցվածքներում: Դա պաշտոնապես ամրագրվեց, երբ 2017թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Փարիզյան համաձայնագիրը՝ պարտավորվելով սահմանափակել իր արտանետումները և ավելացնել կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու միջոցառումների իրականացումը: Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը» մշակվել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությանը Երևանի անդամակցության ընթացքում: ԿԷԶԿԳԾ-ի նպատակն է հատկորոշել կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և հարմարվելու միջոցառումները: Կառաջարկվեն միջոցառումների իրականացման եղանակներ, ժամկետներ, ծախսեր, պատասխանատու մարմիններ, ակնկալվող արդյունքներ, նաև առաջընթացի մշտադիտարկման և ձեռքբերումների գնահատման գործիքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փետրվար 19, 2026 at 13:21
