«Բի Էս Բի» ընկերությունը երկրորդ անգամ խաբում է հասարակայնությանը եւ կառավարման պետական մարմիններին

«Բի Էս Բի» ընկերությունը երկրորդ անգամ խաբում է հասարակայնությանը եւ կառավարման պետական մարմիններին

ԷկոԼուր

Արդեն երկրորդ անգամ «Բի Էս Բի» չի գալիս Ջերմուկում անցկացվող հասարակական լսումներին, որոնք հենց ինքն է կազմակերպում: «Գնդեվանք» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումները պետք է տեղի ունենային նոյեմբերի 26-ին, ապա դեկտեմբերի 10-ին: Առաջին անգամ ընկերությունը որպես լսումների անցկացման հասցե նշել էր Արփա-Սևան փողոց 1, որը գոյություն չունի: Դա պարզել էին հասարակայնության ներկայացուցիչները, ովքեր ժամանել էին Ջերմուկ` լսումներին մասնակցելու համար: Բնապահպանության նախարարությունը լսումները չեղյալ ճանաչեց: «ԷկոԼուր»-ին ուղղված պաշտոնական նամակում նախարարությունը վստահեցրեց, որ դեկտեմբերի 10-ին նշանակված հերթական լսումներին, որի անցկացման հասցեն է Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոց 16-ը, մասնակցելու է նաեւ բնապահպանական փորձաքննության ներկայացուցիչը: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ից, հասցեն կա, բայց որեւէ շինություն չկա: «Այդ ամենը բաց երկնքի տակ է, եւ դա դեկտեմբերի կեսերին»,- «ԷկոԼուր»-ին ասաց  «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը: Սակայն այդ հասցե էլ «Բի Էս Բի» ընկերությունը չժամանեց: Եւ Երեւանից ժամանած «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը, Եղեգնաձորից ժամանած Վայոց Ձորի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Նարեկ Բեգլարյանը, Ջերմուկի քաղաքապետարանի եւ հասարակայնության ներկայացուցիչները մեկնեցին` այդպես էլ չքննարկելով նախագիծը:  Հետաքրքիր է, թե արդյոք կարելի է դրական եզրակացություն տալ ընկերությանը, որն արդեն երկրորդ անգամ խաբում է հասարակայնությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պետական կառավարման մարմիններին:

Դեկտեմբեր 10, 2012 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր