Երբ Հազարան բլբուլը կրկին երգում է․ հայկական հեքիաթի ուղերձը COP17-ին

Երբ Հազարան բլբուլը կրկին երգում է․ հայկական հեքիաթի ուղերձը COP17-ին

Հայկական ժողովրդական հեքիաթը նոր հրատարակության միջոցով բացահայտում է կենսաբազմազանության, ավանդական գիտելիքի և մշակութային ժառանգության կապերը

Ի՞նչ կարող է պատմել հին հայկական հեքիաթը կենսաբազմազանության պահպանության մասին այսօրվա համաշխարհային քննարկումների մասնակիցներին։

Այս հարցի պատասխանը «Կարոտա» մշակութային կրթական զարգացման ՀԿ-ի նախագահ Սիրարփի Խոջաբաղյանը գտել է բնության և մշակույթի փոխառնչությունների իր ուսումնասիրություններում, որից էլ ծնվել է «Հազարան բլբուլը» նորովի ներկայացնելու գաղափարը։

Հեքիաթում հրաշագործ թռչունը լռում է, երբ նրան գողանում ու տանում են արքայական պալատ։ Թագավորի հարստությունն ու պալատի շքեղությունը չեն ստիպում նրան երգել։ Հավքը ձայն է հանում միայն այն ժամանակ, երբ վերադառնում է Արեգը՝ իրեն փրկած և ճանապարհին ուրիշներին օգնած երիտասարդը։

«Մեր նպատակն է օտարալեզու ընթերցողներին ներկայացնել, թե ինչպես է հայ մշակույթում արտահայտվել բնության հետ կապը, ինչպիսի գիտելիք է կուտակվել ու փոխանցվել սերնդեսերունդ։ Գրքում մեկտեղել ենք ժողովրդական հեքիաթը, հատուկ ստեղծված նկարազարդումներն ու գիտական հոդվածները»,- ասում է Խոջաբաղյանը՝ խոսելով «Հազարան բլբուլը․ հայկական ժողովրդական հեքիաթ և ակնարկներ բնության, հողի և ժառանգության մասին» հրատարակության մասին։

Հեքիաթից՝ բնության և մշակույթի կապ

Ճանապարհին հեքիաթի հերոսը փրկում է կենդանիներին, օգնում ջուր գտնել և ձեռք մեկնում կարիքավորներին։ Երբ եղբայրները գողանում են թռչունին և յուրացնում նրա կատարած գործը, այն լռում է։ Հավքի երգը վերադառնում է Արեգի հետ։

«Մենք ընտրել ենք «Հազարան բլբուլը» հեքիաթի ազգագրագետ Սերինեի մեկնաբանությունը, քանի որ այն առանձնանում է բնության և մշակույթի պատկերների բացառիկ հարստությամբ։ Սակայն հեքիաթի նշանակությունը շատ ավելի լայն է, քան բնապատկերների, բույսերի, կենդանիների ու ավանդույթների նկարագրությունը», - ընդգծում է Խոջաբաղյանը։

Հեքիաթի հոգատարության, պատասխանատվության և ուրիշների ավանդը ճանաչելու գաղափարները կապվում են կենսաբազմազանության պահպանության արդի խնդիրների հետ։ Դրանք համահունչ են նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածին, որն ընդգծում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների՝ կենսաբազմազանության պահպանությանն ու կայուն օգտագործմանը վերաբերող գիտելիքի և գործելակերպերի հարգման ու պահպանման, ինչպես նաև գիտելիք կրողների մասնակցության և բարիքների արդարացի բաշխման կարևորությունը։

Հայաստանի ժառանգությունը՝ որպես գիտելիքի աղբյուր

Հայաստանի պատմությունը վկայում է մարդու և բնական միջավայրի դարավոր փոխազդեցության մասին։ Հնագիտական տվյալները ցույց են տալիս, որ հացահատիկային մշակաբույսեր այստեղ աճեցվել են շուրջ 8 հազար տարի առաջ, իսկ Արենի-1 քարանձավի գտածոները վկայում են առնվազն 6 հազար տարվա գինեգործական ավանդույթի մասին։

Հայկական այբուբենի ստեղծումից հետո զարգացել են գիտական և գրավոր ավանդույթները, իսկ սերունդների ընթացքում ձևավորվել են ճարտարապետության, քանդակագործության, ձեռագրերի մանրանկարչության, գորգագործության և ասեղնագործության ինքնատիպ դպրոցներ։

Խոջաբաղյանի խոսքով՝ այս ժառանգությունը կարող է կարևոր լինել նաև այսօր՝ հատկապես կայուն գյուղատնտեսության, կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման հարցերում։

«Այս գիտելիքի մեծ մասը շարունակում է ապրել մեր համայնքներում։ Մի մասն արդեն կորցրել ենք, իսկ շատ բան դեռ պետք է բացահայտենք։ Հայաստանը զգալի ներդրում կարող է ունենալ կայուն գյուղատնտեսության, կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման ժամանակակից ջանքերում։ Մեր ժառանգած գործելակերպերն արդի գիտական հետազոտությունների միջոցով ուսումնասիրելը կարող է բացահայտել գիտելիք, որը արժեքավոր կլինի նաև Հայաստանի սահմաններից դուրս», - ընդգծում է նա։

Միևնույն ժամանակ՝ ավանդական լինելը դեռ չի նշանակում, որ որևէ գործելակերպ բնապահպանական առումով կայուն է։ Դրա նշանակությունը պետք է գնահատել գիտականորեն՝ հաշվի առնելով կիրառման պայմաններն ու ազդեցությունը։ Ավանդական գիտելիքի և ժամանակակից գիտության համադրությունը կարող է օգնել հասկանալ էկոհամակարգերի պատմական փոփոխությունները և համայնքների փորձը ներառել բնապահպանական որոշումներում։

Նկարազարդումներից՝ գիտական ուսումնասիրություններ

Գրքի նկարազարդումները ներառում են հայկական մշակութային ժառանգության մասնիկներ, որոնք ընթերցողին ուղղորդում են դեպի գիտական հոդվածները։ Թագավորի գոտին, Արեգի և Մանուշի հանդիպման վայրում պատկերված վիշապաքարը կամ պալատի գորգը դառնում են պատմության, նյութերի և խորհրդանշական իմաստների ուսումնասիրության ելակետ։

40 հոդվածների հեղինակները ներկայացնում են տարբեր ոլորտներ․ հնագիտությունից և կենսաբանությունից մինչև ազգագրություն, բանագիտություն և արվեստի պատմություն։ Հոդվածներում ուսումնասիրվում են լեռնային սրբազան աղբյուրների հետ կապվող նախապատմական վիշապաքարերը, որդան կարմիրը, բույսերի մասին գիտելիք պահպանած միջնադարյան ձեռագրերը, հայկական սրբազան մյուռոնի բուսաբանական բաղադրությունն ու հարսանեկան ծեսերում արտացոլված Կենաց ծառի խորհրդանիշը։

Այս ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչպես են բնության պարգևներն ու դրանց մասին գիտելիքը ներթափանցել արհեստներ, գրավոր մշակույթ և ծեսեր։ Մշակութային ժառանգությունն այս կերպ ոչ միայն անցյալի վկայություն է, այլև աղբյուր՝ հասկանալու, թե ինչպես են մարդիկ տարբեր ժամանակներում ճանաչել և օգտագործել բնական ռեսուրսները։

Ժառանգությունից՝ դեպի գործողություն

Երևանում հոկտեմբերի 19-30-ը անցկացվող COP17-ը հնարավորություն է տալիս միջազգային քննարկումներում բարձրաձայնելու ավանդական գիտելիքի և կենսաբազմազանության պահպանության կապի մասին։ «Կարոտա» ՀԿ-ն հրատարակության միջոցով նպատակ ունի Հայաստանի մշակութային և բնապահպանական ժառանգությունը ներկայացնել միջազգային հանրությանը և խթանել համագործակցությունը հետազոտողների, հաստատությունների ու համայնքների միջև։

Ավանդական գիտելիքի փաստագրումը բավարար չէ․ դրա կիրառումը պետք է հարգի այդ գիտելիքն ունեցող համայնքների իրավունքները, ապահովի նրանց մասնակցությունն ու համաձայնությունը և բարիքների արդարացի բաշխումը։

«Մենք ունենք ավանդույթներ, որոնք շարունակում ենք պահպանել ու կիրառել, գիտելիք, որը փոխանցում ենք սերնդեսերունդ և մի հսկայական ժառանգություն, որը դեռ պետք է վերագտնենք», - ասում է Խոջաբաղյանը։

«Հազարան բլբուլում» հավքը կրկին երգում է, երբ Արեգը վերադառնում է։ Գրքի ուղերձն էլ այն է, որ ժառանգության ուսումնասիրությունը կարող է նոր հնարավորություններ բացել բնապահպանության համար։ Պայմանով, որ գիտելիքը ոչ միայն փաստագրվի, այլև պատասխանատու կերպով կիրառվի։

Հայաստանի մշակութային ժառանգությունը դեռ շատ չվերծանված պատմություններ ունի մարդու և բնության կապի մասին։ Հազարան բլբուլն էլ դեռ շատ երգեր ունի երգելու։

Այս հրատարակությունը թարգմանվել և հրատարակվել է Հայաստանում ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ՝ Համայնքների ձայնի և տեղական գործողությունների հզորացում. ԳԷՀ ՓԴԾ Հայաստանի ներգրավվածությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17)» ծրագրի շրջանակներում: Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն Հայաստանում ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի տեսակետները:

Հոկտեմբեր 16, 2026 at 10:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր