Էկոլոգիական անվտանգությունը պետք է մտնի Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթ գործողությունների ծրագիր

Էկոլոգիական անվտանգությունը պետք է մտնի Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթ գործողությունների ծրագիր

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ էկոլոգիական հասարակայնության հանդիպումը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ամենից մտահոգիչ խնդիրները և առաջարկություններ՝ կապված առաջին հերթին նախարարության հետ հասարակության կառուցողական երկխոսության և որոշումների կայացման գործընթացում հասարակայնության մասնակցության ապահովման մեխանիզմների հետ: Դա վերաբերում է ինչպես նախագծերի հասարակական լսումներին, այնպես էլ ավելի խորը խնդիրների, շրջակա միջավայրի ոլորտում ընդունվող քաղաքականությունների և ռազմավարությունների քննարկմանը: Ինչպես պարզվեց, օրինագծեր և որոշման նախագծեր հրապարակող e-draft.am պաշտոնական կայքում հեռավար քննարկումը չի գոհացնում հասարակական կազմակերպությունների մեծամասնությանը, քանի որ ձևաչափը թույլ չի տալիս հասկանալ, թե այս կամ այն կարծիքը որքանով է ուշադրության արժանացել որոշման կայացման ժամանակ: Ի պատասխան նախարարը խոստացավ վերականգնել նախարարությանը կից հասարակական խորհրդի գործունեությունը, որը չէր գործում վերջին երկու տարիներին:

Մյուս կարևոր խնդիրը հանքարդյունաբերությունն է, մասնավորապես, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքի շահագործման խնդիրը: Հասարակայնության ներկայացուցիչները ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեցին, որ ՀՀ բնապահպանության նախարարության (նախարարության նախկին անվանում) կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացությունը պետք է անվավեր ճանաչվի: Պատասխանելով նախարարի հարցին՝ էկոլոգները վստահեցրին, որ կան իրական հիմքեր եզրակացության վերանայման համար և խոստացան տրամադրել համապատասխան փաստաթղթերը: Բարձրացվեց նաև Ամուլսարի ծրագրի անվտանգության հարցը, որը հատկապես անհանգստացնող է հետպատերազմական ժամանակաշրջանում: Ռազմական գործողությունները թուրք-ադրբեջանական կողմից սառեցվել են, բայց մարդիկ և տեղի բնակիչները սեփական անվտանգության համար երաշխիք չունեն, որն ավելի է խորանում այնպիսի վտանգավոր օբյեկտիների առկայությամբ, ինչպիսին է ցիանային արտադրությունը Գնդեվազ բնակավայրի և Ջերմուկ առողջարանի կողքին, ինչպես նաև հանքարդյունահանման արդյունքում  տարածքը պաշտպանող լեռնային լանդշաֆտի փոփոխությունը:

Նախարարը նշեց, որ փորձաքննության մասին հարցը պետք է գլոբալ լուծվի, և որ նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ ոչ միայն օրենսդրական մակարդակում, այլ նաև ինստիտուցիոնալ:

Հիդրոէներգետիկայի, փոքր ՀԷԿ-երի հարցերը մնում են չլուծված, քանի որ շարունակվում է գետերի շահագործումը, որը հանգեցնում է գետային էկոհամակարգերի ոչնչացման: ԷկոԼուրը հիշեցնում է, որ գետային էկոհամակարգերի վրա ՓՀԷԿ-երի ազդեցության վերաբերյալ տվյալների բազան, որը պարունակում է 125 փոքր ՀԷԿ-ի տվյալի վերլուծություն, տրամադրվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը դեռ 2018թ-ին, և որ հիդրոէներգետիկայի հետ կապված ՀՀ օրենսդրական փոփոխությունները պատրաստվել են այդ վերլուծության և կառավարությանն ուղղված առաջարկությունների հիման վրա:  

Էկոլոգիական անվտանգության խնդիրները դարձել են առաջնահերթային, օրինակ, Սոթքում, որտեղ Սոթքի ոսկու հանքի աշխատողներն արդեն բախվել են ադրբեջանական պահանջի հետ՝ ազատելու հանքի տարածքը, կամ Սյունիքում, որտեղ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման գործընթաց, որը վերաբերվում է նաև հանքարդյունաբերական ենթակառուցվածքներին: Կան օբյեկտներ, որոնք բարձր ռիսկեր են պարունակում մարդկանց և շրջակա միջավայրի համար, օրինակ, պոչամբարները: Կա նախադեպ, երբ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման արդյունքում այրվել է մոտ 2000 հա անտառ: Տեղի բնակչությունն անհանգստացած է ջրային օբյեկտների ռիսկերի առնչությամբ: Նախազգուշացնող միջոցառումներ այդ ուղղությամբ չեն  մշակվել:

Չլուծված են մնում Սևանա լճի խնդիրները՝ մաքրման կայանների բացակայության պատճառով թափոններով աղտոտում, ծովի մակարդակից 1905 մետր նիշից ցածր գոտում ապօրինի կառույցներ, ցանցավանդակային եղանակով ձկնաբուծություն, որսագողություն: Նախարարը համաձայնեց, որ լճի էկոհամակարգի պահպանման համար  ձեռնարկվող միջոցառումները պետք է կրեն համակարգային բնույթ:

Դեկտեմբեր 21, 2020 at 19:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր