ԷկոԼուր՝ բնության ոչնչացումը ինքնաոչնչացում է

ԷկոԼուր՝ բնության ոչնչացումը ինքնաոչնչացում է

Թուրքիայի և Ադրբեջանի Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի, մեծ կորուստների հետևանքով առաջացած նոր մարտահրավերները, և ի վերջո՝ ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ հայտարարությունը պատճառ դարձան հասարակության շրջանում հակասությունների խորացմանը:  

Մի կողմից հայրենասիրական կոչերը, մյուս կողմից առկա խառնաշփոթը, և այդ ֆոնին իշխանության համար ընթացող պայքարը լռեցնում են այս ծանր իրավիճակից դուրս գալու համար հրատապ և երկարաժամկետ միջոցառումներ սկսելու ուղղությամբ գործելու կոչերը:

Քաղաքացիական օրակարգի անհրաժեշտության մասին կոչերը թեև գտնում են իրենց աջակիցներին, բայց դեռևս առանց ակտիվ, տեսանելի մեկնարկի: 

Դրան խոչընդոտում է իշխանությունների և ընդդիմության ծայրաստիճան ակտիվ PR գործունեությունը, որն ուղղված է ամենացավոտ հարցերին՝ հայերով բնակեցված տարածքների հանձնմանը, ռազմական գործողությունների մասնակիցների զոհվելուն, մշակութային, պատմական և հոգևոր ժառանգության նկատմամբ բարբարոսական վերաբերմունքին, փախստականների ճակատագրին և նրանց բնակեցման խնդիրներին, ռազմական գործողությունների մասնակիցների վերականգնմանը և զոհվածների ընտանիքներին աջակցության ցուցաբերմանը:

Կառավարությունը դիմում է քաղաքացիներին, բայց ակտիվ քաղաքացիական հասարակության հետ երկխոսության մեջ չի մտնում: Ռազմական գործողությունների ընթացքում և եռակողմ հայտարարությունից հետո այդ երկխոսությունը փաստացի կանգ է առել:

ԷկոԼուրը վերսկսում է իր հիմնական գործունեությունը, հետաքննում է շրջակա միջավայրի և առողջության վրա ազդեցություն ունեցող խնդիրները, շարունակում է ընդունել ահազանգեր և կոչ է անում պետական կառույցներին, որոնք պատասխանատու են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման, մարդկանց առողջության և նրանց բարեկեցության պաշտպանության համար, լիարժեք կերպով իրականացնել իրենց պարտականությունները՝ առանց ռազմական դրությունը վկայակոչելու: Հիշեցնում ենք, որ բնության ոչնչացումը հանցագործություն է, և յուրաքանչյուր ոք, ով առնչվում է այդ հանցագործությանը, պետք է պատասխանատվություն կրի ժողովրդի և օրենքի առաջ:

 

Նոյեմբեր 19, 2020 at 13:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր