Դատախազի արձագանքը Աստղաձորի բնակիչների բողոքի վերաբերյալ

Դատախազի արձագանքը Աստղաձորի բնակիչների բողոքի վերաբերյալ

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը մերժել է Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի մի խումբ բնակիչների և Բնապահպանական հանրային դատարանի դատավորների բողոքը Մարտունու բաժնի քննչական խմբի գլխավոր տեսուչի անգործության մասին: Դատախազը բողոքի մերժումը հիմնավորել է դրա ժամկետանց լինելով:

Հիշեցնենք, որ Աստղաձոր համայնքի բնակիչները դիմել էին Բնապահպանական Հանրային դատարան` իրենց ջրի խախտված իրավունքի վերականգնման համար: Բնապահպանական հանրային դատարանի վճռով Աստղաձոր գետի էկոհամակարգի վնասումը և ազդեցությունը Սևանա լճի վրա և դրա հետևանքով ստեղծված ծանր սոցիալական վիճակը ճանաչվել է էկոլոգիական հանցագործություն:

ՀՀ դատախազությունը, 2020թ. ստանալով Բնապահպանական հանրային դատարանի ԲՀԴ /03/20 վճիռը, այն ուղարկել էր Մարտունու ոստիկանություն` գործի նախաքննությունը իրականացնելու նպատակով: Սակայն ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչի 15.06.2020թ. որոշմամբ մերժվել էր քրեական գործի հարուցումը: Այդ որոշումն աստղաձորցիները բողոքարկել էին Գեղարքունիքի դատախազին, որն` իր 06.07.2020թ. գրությամբ պատասխանել էր, որ աստղաձորցիները չեն ներկայացրել հայտարարություն հանցագործության մասին, հետևաբար, իրենց բողոքին ընթացք չի տրվում:

Աստղաձորի բնակիչները Բնապահպանական հանրային դատարանի գործընթացի շրջանակներում «Հայ անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանի, «Մարտունի կանանց խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հետ համատեղ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննության առնել Գեղարքունիքի մարզի դատախազության և ոստիկանության Մարտունու բաժնի քննչական խմբի գլխավոր տեսուչի` Աստղաձորի ջրի խնդրի վերաբերյալ քրեական գործ չհարուցելու հիմքերը:

Ռաֆայել Երիցյանը «Մարտունի կանանց խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանին հասցեագրված 2020 թ. սեպտեմբերի 4-ի N 61-51դ/20 գրությամբ հայտնել է. «Ինչպես երևում է նյութերի տվյալներից, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում «Մարտունու կանանց խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանի դիմումի առթիվ նախապատրաստված նյութերով 2020թ. հունիսի 15-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն որոշման պատճենն ուղարկվել է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 185-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն քրեական գործի հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:

Այսինքն` վերոգրյալից հետևում է, որ երկու ամսից ավել ժամանակ է անցել դիմողի կողմից հիշյալ որոշման պատճենը ստանալու պահից, մինչդեռ այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 7 օրվա ընթացքում չի բողոքարկվել դատախազին:

Ինչ վերաբերում է բողոքաբերների այն պնդմանը, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն աստղաձորցիները բողոքարկել են դատախազին, որն իր 06.07.2020 թ. գրությամբ պատասխանել է, որ աստղաձորցիները չեն ներկայացրել հայտարարություն հանցագործության մասին, հետևաբար իրենց բողոքին ընթացք չի տրվում, և դատախազն անհիմն մերժել է դիմումատուների բողոքը, ապա, ինչպես վերը նշված է, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին, տվյալ դեպքում` «Մարտունու կանանց խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանին, հետևաբար դատախազի գործողությունները բխում են քրեադատավարական վերոնշյալ իրավակարգավորումներից:

Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում քննության է առնվում Աստղաձոր համայնքի բնակիչներ Վարդան Գրիգորյանի և մյուսների բողոքը` քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2020 թ. հունիսի 15-ի և դատախազի` 2020 թ. հուլիսի 6-ի որոշումների դեմ»:

Սեպտեմբեր 15, 2020 at 12:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր