ՀՀ առողջապահության նախարարության պատասխանը՝ համայնքներում COVID-19 համավարակի առաջացրած խնդիրների վերաբերյալ ԷկոԼուրի նամակին

ՀՀ առողջապահության նախարարության պատասխանը՝ համայնքներում COVID-19 համավարակի առաջացրած խնդիրների վերաբերյալ ԷկոԼուրի նամակին

2020թ. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «COVID-19՝ նոր մարտահրավերներ էկոլոգիապես խոցելի համայնքներում» ծրագրի շրջանակներում ուսումնասիրել է COVID-19 համավարակի ազդեցությունը Հայաստանի 8 համայնքների վրա: Իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված խնդիրներն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունները 2021թ. հունվարի 15-ին ԷկոԼուրը նամակով ուղարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Նամակին պատասխանել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի 05.02.2021թ. թիվ ՎՀ /02.02/1492-21 նամակում նշված է.

«Ի կատարումն Վարչապետի 21.01.2021թ. թիվ 02/11.9/1269-2021 հանձնարարականի՝ Առողջապահության նախարարությունում ուսումնասիրվել է Ձեր նամակը՝ «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից կատարված հետազոտության արդյունքների և արձանագրված խնդիրների կարգավորմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ, որի կապակցությամբ հայտնում եմ, որ Առողջապահության նախարարությունը COVID-19 համավարակի վերաբերյալ տեղեկատվությունը շարունակաբար տեղադրում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայք-էջում, ինչպես նաև տեղեկատվական այլ հարթակներում: 

Հարկ է նշել, որ Առողջապահության նախարարության կողմից մշակվող COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են շահագրգիռ կառույցներին, այդ թվում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին։

Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հանրության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակվել են իրազեկման պաստառներ, որոնք ևս տրամադրվել են համապատասխան գերատեսչություններին, այդ թվում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ 

Ինչ վերաբերում է ՀՀ մարզային բժշկական հաստատությունների նոր սարքավորումներով և բժշկական կադրերով համալրմանը, ապա տեղեկացնում եմ, որ նշյալ հարցերի կարգավորումը գտնվում է Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: 

2020 թվականի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ՀՀ մարզերի բուժակ-մանկաբարձական կետերին նվիրաբերվել են առաջին բժշկական օգնության և սպասարկման համար նախատեսված բժշկական պարագաներով հագեցված հատուկ բժշկական թվով 620 պայուսակներ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններին տրամադրվել են թվով 1000 գլյուկոմետրներ և 1000 տուփ գլյուկոմետրների ստրիպներ։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ձեռք են բերվել և տրամադրվել COVID-19 պացիենտների բուժմամբ զբաղվող ՀՀ մարզային բժշկական հաստատություններին՝ լարինգոսկոպներ, պացիենտի մոնիտորներ, պուլսօքսիմետրներ և այլն։

ՀՀ մարզային հաստատություններին ժամանակակից սարքավորումներով ապահովելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կարող եք ստանալ Առողջապահության նախարարության պաշտոնական կայք-էջից (moh.am) «Տեղեկատու հարթակ» բաժնի «Հաշվետվություններ և մամուլի հաղորդակցությունների (Ամփոփում 2020)» դարանից։ 

ՀՀ մարզային բժշկական կենտրոնները որակյալ բժշկական մասնագետներով համալրելու նպատակով, Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով գործում է մասնագետների ժամանակավոր ուղեգրման կարգ: 

Միաժամանակ հայտնում եմ, որ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից շարունակաբար կազմակերպվում են հեռավար դասընթացներ, բժշկական հաստատությունների (այդ թվում առողջության առաջնային պահպանման հաստատությունների) ավագ և միջին բուժաշխատողների համար»: 

ՀՀ վարչապետին ուղղված ԷկոԼուրի նամակում, մասնավորապես, նշված է.

««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «COVID-19՝ նոր մարտահրավերներ էկոլոգիապես խոցելի համայնքներում» ծրագրի շրջանակներում հետազոտություններ է անցկացրել Հայաստանի համայնքներում սոցիալական վիճակի վրա COVID-19 համավարակի ազդեցության վերաբերյալ: Այս նամակով ներկայացնում ենք հայտնաբերված խնդիրները և դրանց հաղթահարման առաջարկությունները:

Պիլոտային ուսումնասիրություններն  իրականացվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքային, Վերին և Ներքին Գետաշեն գյուղական, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքային և Տարոնիկ գյուղական, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքային և Արարատ գյուղական, ՀՀ Լոռու մարզի Շնող խոշորացված  համայնքներում, որոնք ընտրվել էին որպես էկոլոգիապես խոցելի համայնքներ: Բնակչության համար պատրաստվել են COVID-19 համավարակի վերաբերյալ իրազեկման թերթիկներ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական վիճակի մեղմացմանն ուղղված ՀՀ կառավարության սահմանած միջոցառումների սեղմագրերը։ 8 խոցելի համայնքներում անցկացրած հարցումներին մասնակցել է 75 մարդ։ 

Ընդհանուր խնդիրներ

1.      Արտագնա աշխատանքի չմեկնածները հիմնականում մնացել են գործազուրկ և լավագույն դեպքում ունեն ժամանակավոր աշխատանք իրենց գյուղացիական տնտեսություններում կամ շինարարության մեջ։ Զբաղվածության ժամանակավոր բնույթը չի նպաստում համայնքի կյանքին նրանց լիարժեք մասնակցությանը և հայրենիքում հիմնավորվելուն:

2.      Բնակչության համար ավելացել են առողջության, կրթության հետ կապված հավելյալ ծախսեր, և սոցիալական բեռը ծանրացել է:

3.      Համայնքներում կրճատվել է տարբեր ոլորտների աշխատանքների ծավալը,  աշխատավարձը:

4.      Համայնքներում չեն բավարարում տեխնիկական միջոցները հեռավար ուսուցման համար, հեռավար ուսուցման համակարգը չի ապահովում բավարար կրթական որակ, առաջացել են հոգեբանական դժվարություններ, խ

նդիր է  համակարգչին տիրապետելու  բավարար գիտելիքների բացակայությունը:

5.      Բնապահպանական խնդիրները խորացել են պատասխանատու մարմինների գործունեության թուլացման պատճառով:

6.      Նվազել է համայնքային խնդիրների շուրջ տեղի ունեցող հանրային կարծիքի արտահայտման հնարավորությունը, քանի որ ստեղծված իրավիճակում բնակիչների կարծիքն իմանալու համար հանրային լսում կազմակերպելը դարձել է անհնարին: Ավելին, որոշ համայնքներում (ք. Արարատ) արդեն մի քանի ամիս չեն անցկացվել ավագանու նիստեր, հետաձգվել են համայնքի համար կարևոր որոշումների ընդունումները:

7.      COVID-19 համավարակի խնդրին ավելացել են պատերազմական գործողությունների սոցիալ-տնտեսական և դեմոգրաֆիկական հետևանքները: Համայնքներում հակահամաճարակային միջոցառումները զգալի թուլացել են:

Ուսումնասիրված համայնքներին բնորոշ խնդիրներ

8.      Արմավիրի մարզի Արմավիր քաղաքային և Տարոնիկ գյուղական  համայնքները, գտնվելով Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 5-10 կմ ազդեցության անմիջական գոտում, չունեն «ազդակիր համայնքի» կարգավիճակ, չունեն դրանից բխող որոշակի արտոնություններ, որոնք կարող էին օգնել՝ լուծելու տեղի բնակչության առաջ ծագած նոր մարտահրավերները: Համայնքներն Արարատյան արտեզյան ավազանի մակարդակի իջեցման հետևանքով ունեն ջրի խնդիր, ինչը հանգեցնում է սանիտարահամաճարակային ռիսկերի:

9.      Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքը, լինելով  Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի ազդակիր համայնք, 20.02.2013 թվականի ՊՎ-376 ընդերքօգտագործման  պայմանագրի շահառու չէ,  և «Թեղուտ» ՓԲԸ-ն պայմանագրով չի ստանձնել ազդակիր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հանձնառություններ։ 2020-ին «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ն Շնող համայնքի հետ կնքել է Շնողի համայնքապետարանի հետ գործընկերության և համագործակցության պայմանագիր 140 միլիոն դրամ արժողությամբ: Սակայն համայնքի տարածքի քիմիական աղտոտվածության հետ կապված խնդիրները մնում են չլուծված, քանի որ գումարների նպատակային ծախսերի մեջ բնապահպանական հարցեր ներառված չեն:

10.  Արարատի մարզի Արարատ գյուղի տարածքում է տեղակայված Արարատի ոսկու կորզման գործարանի ցիանային պոչամբարը: Սակայն գյուղը չի համարվում ազդակիր համայնք ի տարբերություն Արարատ քաղաքի, որտեղ գտնվում է ոսկու կորզման գործարանը: Կրելով պոչամբարի ողջ բացասական ազդեցությունը՝ Արարատ գյուղը չի օգտվում բնապահպանական վճարներից առողջապահական և բնապահպանական խնդիրների լուծման համար:

11.  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում առկա Մարտունու կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանը կարիք ունի կենսաբանական մաքրման կայանի վերապրոֆիլավորման: Մաքրման կայանի տարածքից դուրս եկող կեղտաջրերն ուղղակիորեն լցվում են Սևանա լիճ՝ աղտոտելով ինչպես լիճը, այնպես էլ հարակից հանրային լողափը, ինչը  խոչընդոտում է տուրիզմի զարգացմանը և առաջացնում սանիտարահամաճարակային ռիսկեր:

12.  Մարտունու տարածքում ՀՀ Գեղարքունիքի մարզի  Գեղհովիտ համայնքի  և Մարտունու կոյուղագծերի միացման համար բացակայում է 100 մետր կոյուղու խողովակաշար, և կոյուղաջրերը լցվում են Մարտունի քաղաք։

13. Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներն ունեն ոռոգման ջրի խնդիր, որը կապված է Արգիճի գետի վրա շահագործվող «Արգիճի» ՓՀԷԿ-ի հետ: ՓՀԷԿ-ը խոչընդոտում է Սևանա լճի էնդեմիկ տեսակների վերարտադրմանը:

Հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքի էկոլոգիական խոցելիության առանձնահատկությունները, ինչպես նաև ծագած խնդիրների ընդհանրությունը՝ դրանց լուծման համար  ներկայացնում  ենք հետևյալ առաջարկներն՝ ըստ ոլորտների

Սոցիալական

1.    Ստեղծել ծրագիր Հայաստան վերադարձած աշխատանքային միգրանտների ներուժն օգտագործելու և հարկադիր  պարապուրդից դուրս բերելու համար, նրանց լիարժեք ներգրավելու համայնքի զարգացման մեջ:

2.    Ազդակիր համայնքներում վերսկսել սոցիալ-բնապահպանական խնդիրների շուրջ օրենքով սահմանված հանրային քննարկումները, ապահովել բնակչության, բիզնեսի և պետության ձևաչափով երկխոսության մեխանիզմներ:

3.      ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավղով ազդեցության գոտում գտնվող 25 համայնքներին տալ ՀԱԷԿ-ի «ազդակիր համայնքի» կարգավիճակ՝ դրանից բխող  արտոնությունների սահմանմամբ և ապահովել ՀԱԷԿ-ի ու ազդակիր գոտու համայնքների կառուցողական համագործակցությունը:

4.      Ապահովել «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 20.02.2013 թվականի ՊՎ-376 ընդերքօգտագործման  պայմանագրով ստանձնած բնապահպանական պարտավորությունների կատարումը, ինչպես նաև վերակնքել այդ պայմանագիրը սոցիալ-տնտեսական զարգացման պարտավորությունների ներդմամբ՝ հաշվի առնելով  ազդակիր համայնքում անցկացված հանրային քննարկումների արդյունքները:

5.      Վերանայել «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊ  ընկերության 2014թ. հոկտեմբերի 22-ի  N ՊՎ-189 ընդերքօգտագործման պայմանագրի հավելված 3-ը, այնտեղ ամրագրել Արարատ քաղաքի, Արարատ գյուղի նկատմամբ սոցիալ-տնտեսական օժանդակության ստանձնման պարտավորություններ: Արարատ գյուղական համայնքին տալ Արարատի ոսկու կորզման գործարանի «ազդակիր» համայնքի կարգավիճակ:

Առողջապահություն

6.      Ուժեղացնել խոցելի համայնքներում բժշկական հաստատությունները կարողությունները՝ դրանք համալրելով նոր սարքավորումներով և  բարձր մասնագիտական կարողություններով բժշկական անձնակազմով շարունակվող COVID-19 համավարակի պայմաններում:

7.      Շարունակել COVID-19 համավարակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, բարձրացնել բնակչության շրջանում սոցիալական ինքնագիտակցությունը՝ նպաստելով անձի սոցիալական պատասխանատվության ենթամշակույթի ձևավորմանը։

8.      Համավարակի դեմ պայքարում մեծացնել տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը: 

Բնապահպանական

9.      Հաշվի առնելով Սևանա լճի ռազմավարական նշանակությունը Հանրապետության համար՝ Մարտունու կեղտաջրերի ֆիզիկական մաքրման կայանը վերապրոֆիլավորել կենսաբանական մաքրման կայանի։ Ափամերձ բնակավայրերն ապահովել կոյուղացման համակարգով և դրանց կենսաբանական մինի մաքրման կայաններով։ 

10.  Իրականացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի  Գեղհովիտ համայնքի  և Մարտունու կոյուղագծերի միացման համար պահանջվող  100 մետր կոյուղու խողովակաշարի միացման աշխատանքները։

11.  Հաշվի առնելով Արարատյան արտեզյան ջրերի ռազմավարական նշանակությունը Հանրապետության համար՝ սահմանափակել ձկնաբուծության նպատակով այդ ջրային հորիզոններից ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, խիստ հետևողական լինել ջրօգտագործման թույլտվություններով  տրված չափաքանակների ռացիոնալ օգտագործման նկատմամբ, կոնսերվացնել չօգտագործվող հորերը, կառուցել Մեծամորի կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանը։

Խիստ վերահսկողություն սահմանել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության արտադրության  կազմակերպման գործընթացում մթնոլորտային օդի աղտոտման կանխարգելմանն ուղղված ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցառումների կատարման,  մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման  թույլտվության մեջ ամրագրված չափաքանակների և նորմերի պահպանման նկատմամբ։

13.  Արգիճի գետի վերին հոսանքներում Սևանա լճից էնդեմիկ  ձկնատեսակների ձվադրման և հարակից համայնքների գյուղատնտեսական հողերի ոռոգման ջրով ապահովման նպատակով ուժեղացնել պետական վերահսկողությունը  «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի գործունեության նկատմամբ։ Ապահովել «Աճգիճի» ՓՀԷԿ-ի գործունեության ժամանակ  բնապահպանական և ջրային ռեսուրսների բանական օգտագործման համար սահմանված բոլոր սահմանափակումների պահպանումը»:

 

Փետրվար 08, 2021 at 15:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր