

Երևան քաղաքի Ն. Զարյան 140 հասցեում՝ Կարմիր խաչի գրասենյակի դիմաց գտնվող կանաչապատ այգին ավիրվում է: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Երևանի բնակիչներից տեսանյութ է ստացել, որտեղ աշխատող շինարարական տեխնիկան ոչնչացնում է այգու բազմամյա ծառերը:
Օրերս անդրադարձել էինք այգում իրականացվելիք շինարակական աշխատանքներին, որտեղ ըստ տարածքում փակցված ցուցանակի՝ նախատեսվում է բարձրահարկ շենք կառուցել: Ահազանգն ուղարկել էինք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ Ա. Լաբլաջյանը ս.թ. ապրիլի 12-ին «ԷկոԼուրի» նամակին ի պատասխան հայտնել է, որ Նաիրի Զարյան 140 հասցեում գտնվող տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Լիբրեյթ» ՍՊԸ-ին և 2021թ. մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ տրված է թիվ 01/18-22099-389 շինարարության թույլտվությունը բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով:
«Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ կետի՝ ծառահատումների ծավալ և բնությանը պատճառված վնաս չի հաշվարկվում»,- նշված է պաշտոնական պատասխանի մեջ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի oգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:
ԷկոԼուր. Այգու տարածքի հարակից հատվածի բնակիչներն այս պարագայում զրկվում են կանաչապատ տարածքից:
«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետում էլ նշված է, որ բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ծառերի և թփերի ապօրինի հատումը և (կամ) մասնակի վնասումը:
Հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով է Երևանի քաղաքապետարանը «Լիբրեյթ» ՍՊԸ-ին կանաչապատ տարածքում շինթույլտվություն տվել և արդյո՞ք տեսչական մարմինը իրավասու չէ ակտավորել այդ գործողությունը:
Ապրիլ 12, 2021 at 18:35