Հայաստանում դեգրադացիայի է ենթարկվում երկրի տարածքի 86 տոկոսը

Հայաստանում դեգրադացիայի է ենթարկվում երկրի տարածքի 86 տոկոսը

Ինչպես է անդրադառնում կլիմայի փոփոխությունը հողերի դեգրադացիայի վրա և Հայաստանն ինչ քայլեր է ձեռնարկում չեզոք դեգրադացիայի հասնելու ուղղությամբ: Այս մասին 2021թ. ապրիլի 13-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Պարենային անվտանգությունը և կլիմայի փոփոխությունը» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ խոսեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի պետ Աշոտ Վարդևանյանը։ Նա նշեց, որ հողերի վիճակի և կլիմայի փոփոխության միջև առկա է ուղղակի և փոխադարձ կապ: «Հողի վերգետնյա հատվածում օրգանական ածխածնի մեծ պաշարների կուտակումը, հողի ստորգետնյա հատվածում հումուսի քանակի ավելացումը հանգեցնում են ջերմոցային գազերի նվազեցման»,- ասաց Աշոտ Վարդևանյանը:

Ըստ նրա՝ ներկայումս Հայաստանում դեգրադացիայի է ենթարկվում երկրի տարածքի 86 տոկոսը, անապատացման՝ 44 տոկոսը: Հայաստանի համար հողային ռեսուրսների պահպանությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։ Սակայն տարիներ շարունակ հողերն անտեսվել են որպես կայուն զարգացման բաղադրիչ:  Միայն 2015թ. կայացած կայուն զարգացման գագաթաժողովից հետո այդ մոտեցումը փոխվեց: 

Աշոտ Վարդևանյանը նշեց, որ 2019թ. ապրիլին հաստատվեց ՀՀ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը, որի նպատակը հողերի մոնիթորինգ իրականացնելն է՝ հասկանալու, թե ինչպես հասնել հողերի չեզոք դեգրադացիայի։ «Այս որոշման համաձայն՝ յուրաքանչյուր տարի սահմանված ժամկետներում համապատասխան վերլուծված տվյալները համայնքները ներկայացնում են մարզպետարանններին, այնտեղ ամփոփում են ու ներկայացնում Շրջակա միջավայրի նախարարություն։ Շրջակա միջավայրի նախարարությունը տվյալները վերլուծում է և ներկայացնում կառավարություն։ Մենք, փաստորեն, կունենանք հաստատված տվյալներ հողային ծածկույթի վերաբերյալ: Իսկ 2020թ. դեկտեմբերի 10-ին հաստատվեց «ՀՀ ցամաքային տարածքի  ծածկույթի դասակարգման մասին» որոշումը, որն առաջին ուղղակի տեղեկատվությունն է»,- ասաց Աշոտ Վարդևանյանը։ 

Բանախոսը հայտնեց, որ ներկայումս ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ հողերի դեգրադիացիայի չեզոքացման ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծի փաթեթը, որով սահմանվում են ՀՀ հողերի դեգրադիացումը չեզոքացնելու կամավոր նպատակները, նախատեսվող միջոցառումները, այդ միջոցառումների ակնկալվող արդյունքները, ռիսկերը, ծրագրի կատարման միջոցառումները և այլն։ Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ բերրի, առողջ հողերի որակական և քանականան ցուցանիշները ժամանակի և տարածաշրջանի առումով չեն նվազում, այլ հակառակը՝ ավելանում են։ Ըստ Վարդևանյանի՝ նախագծի ընդունումը կապահովի հողային պաշարների պահպանությունը, կայուն օգտագործումը, ինչպես նաև բնական էկոհամակարգերի կառավարման խնդիրների լուծումը։

Աշոտ Վարդևանյանն անդրադարձավ նաև Հայաստանում հողերի չեզոք դեգրադիցիայի հասնելու ուղղությամբ իրականացվող ու իրականացված ծրագրերին։ «2015թ. Հայաստանը մասնակցեց «Դեպի հողերի չեզոք դեգրադացիայի վիճակի հասնելը, գաղափարը Հայաստանում գործնականում կիրառելի դարձնելու մասին» պիլոտային ծրագրին։  Ծրագրի արդյունքում հնարավոր դարձավ գնահատել ՀՀ հողերի դեգրադացիայի չեզոքացման հասնելու հնարավորությունները: Հնարավորություն ընձեռվեց ընդունել համապատասխան որոշումներ։

2018թ. Շրջակա միջավայրի նախարարությունը մշակեց «Արարատյան հարթավայրի հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագիրը։ Այս ծրագրում ընտրվեց Արարատի մարզի Նարեկ համայնքը, հետո ավելացավ նաև Վեդին։

Նարեկ համայնքում 30,29 հա պտղատու այգիների տարածքներում ներդրվել է կաթիլային ոռոգման (ոռոգման ջրի շիթային մատակարարմամբ) համակարգ և հիմնվել են քամու ուժը մեղմող 4,735 հա ծառաշերտեր, ինչի համար նույնպես կառուցվել է ոռոգման կաթիլային   համակարգ: Վեդի համայնքին տրամադրվել է 40 տոննա կենսահումուս, ինչն օգտագործվել է 10 հա վարելահողերի բարելավման համար, և հիմնվել է քամու ուժը մեղմող ծառաշերտ՝ 2400 ծառ:

Ընթացքի մեջ են «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրն ու «Արթիկ քաղաքի մոտակայքում գտնվող փակված քարհանքի թափոնների և հեղեղումների կառավարման ծրագիրը», որոնք իրականացվում են Կլիմայի փոփոխության ծրագրի Հարմարվողականության հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհների հաշվին»,- ասաց Աշոտ Վարդևանյանը: 

Անդրադառնալով առաջիկա տարիներին իրականացվելիք ծրագրերին՝ բանախոսը նշեց, որ 2021-2024թթ. Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնելու է «Հայաստանի հողերի դեգրադացիայի չեզոքացման շրջանակներում հանձնառությունների, պարտականությունների իրականացում դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման միջոցով» ծրագիրը։  «Այս ծրագրով ոչ միայն նախատեսվում է  մարգագետինների, այլև վարելահողերի վերականգնում։ Ծրագիրը կիրականացվի Լոռու և Սյունիքի մարզերի' խոշորացված Թումանյան և Գորայք համայնքներում»,- ասաց Աշոտ Վարդևանյանը։ Ըստ նրա՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ էլ 2021-2029թթ. իրականացվելու է «ՀՀ անտառների կայունության, հարմարվողականության և գյուղական զարգացման բարելավման և մեղմման միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվի անտառվերականգնում և անտառպատում:

«Կանայք հանուն կլիմայի և էներգետիկայի» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը հետաքրքրվեց, թե միջոցառումների ծրագիրը կազմելիս արդյոք հաշվի առնվել և մոդելավորվել են հողի դեգրադացիան և դրա տեմպերը կլիմայի փոփոխության տարբեր սցենարների դեպքում։ Աշոտ Վարդևանյանն ի պատասխան ասաց. «Յուրաքնաչյուր տարի կառավարությունը հաստատելու է հողի 6 դասերի մեծությունները: Համայնքներից սկսած մինչև մարզեր որոշվելու է։ Վերջում մենք կֆիքսենք, թե որտեղ ինչ կատերգորիա փոխվեց և ինչ հող դեգրադացվեց։ Սա թույլ կտա որոշել՝ որտեղ է դեգրադացիա իրականացվել, ինչ մասշտաբների և ինչ քայլեր ձեռնարկել այն կանխելու համար:

Ինչպես նաև եթե հող ենք վերցնելու (օրինակ կառուցապատման համար), նույնչափ հողատարածք վերադարձվի/վերականգնվի, ներկայացնելով համապատասխան նպատակային ծրագիր, որպեսզի բալանսը հողի դասերի միջև պահպանվի»:



Ապրիլ 23, 2021 at 13:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր