Ազգային Ժողովը քննարկում է «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը

Ազգային Ժողովը քննարկում է «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկվել է ՀՀ Ազգային Ժողովի՝ 2022թ. ապրիլի 12-ի հերթական նիստերի օրակարգում: Քննարկվում է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց նախագծով նախատեսվող հիմնական փոփոխությունները: Անդրադառնալով Ընդերքի մասին օրենսգրքը 55.1 հոդվածով լրացնելու դրույթին՝ նա նշեց. «Կկարգավորվեն անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով այդ հանգամանքների գործողության ժամկետով ընդերքօգատգործման գործող իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները, ինչը հնարավորություն կտա ընդերքօգտագործող ընկերություններին պատշաճ կատարել իրենց պարտավորությունները, որոնք չէին իրականացվել կամ ոչ պատշաճ էին կատարվել աշխարհում և ՀՀ-ում վերջին տարիներին ստեղծված անկանխատեսելի և արտակարգ պայմաններում, որոնք ազդեցություն ունեցան նաև ընդերքօգտագործման պարտավորությունների կատարման համար: Հաշվի առնելով, որ վերոնշյալ դրույթը չի վատթարացնում, հակառակը՝ բարելավում է օրենքի կարգավորման շրջանակում գտնվող սուբյեկտների իրավական վիճակը, օրենքին տրվել է հետադարձ ուժ վերջին չորս տարիների համար՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և վերջին տարիներին մեր հանրապետությունում տիրող իրավիճակը՝ քաղաքացիական անհնազանդություններ, պատերազմ և այլն»: 

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձավ քաղաքացիական հասարակության՝ նախագծի վերաբերյալ տարածած հայտարարությանը. «Հանձնաժողովի նիստից հետո, երբ դրական եզրակացություն տվեցինք նախագծին, մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել և իրենց մտահագությունն են արտահայտել այս օրենքի հետ կապված: Մասնավորապես, նշում են փոփոխության այն դրույթը, որով թվարկվում են ֆորսմաժորային իրավիճակների դեպքերը՝ բնական աղետներ, քաղաքացիական պատերազմ, քաղաքացիական անհնազանդություն, այս դեպքերի ժամանակ հաշվի են առնվում, որ դրանք ֆորսմաժորային իրավիճակներ են և տնտեսվարողների ընդերքօգտագործման իրավունքը կարող են երկարացնել: Իրենք նշում էին, որ քաղաքացիական անհնազադություն ձևակերպումը անորոշություն է պարունակում և օրենքում դա բաց է: Ոզում եմ հիշեցնել, որ մենք պատրաստվում էինք առաջին ընթերցմամբ լրամշակված տարբերակն ընդունել, բայց քանի որ փոփոխութունն ուշ էր ստացվել, ընդդիմության առաջարկը հաշվի առնելով դա թողեցինք, առաջինից երկրորդ ընթերցում, բայց խնդրում եմ պարզաբանել, թե, քաղաքացիական անհնազանդություն ասելով, ինչ նկատի ունեք և այդ փոփոխությունն ինչ տեսքով է մտնելու առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ»: 

Փոխնախարարն ի պատասխան արձագանքեց. «Շատ քիչ էր մնացել հանձնաժողովի նիստին և մեզ առաջարկվեց այդ պարզաբանումը որպես լրամշակված տարբերակ ներկայացնել հանձնաժողովի նիստին, մենք ներկայացրել էինք, սակայն տեխնիկական պատճառներով դրանք չէին ներկայացվել հանձնաժողովի նիստին, այդպես խնդիր առաջացավ: Պայմանավորվեցինք առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում այդ լրացումն անել: Անհանգստություն կար քաղհասարակության կողմից: Հանդիպում ունեցանք, փորձեցինք պարզաբանել բոլոր մտահոգությունները, որ առկա են քաղհասարակության մոտ: Իրավաբանորեն հնարավոր է այդ տեխնիկական լրացումը  կատարել և պարզաբանել: Քաղաքացիական անհնազանդություն տերմինն Ընդերքի մասին օրենսգրքում առաջին անգամ պետք է օգտագործվի, մենք կատարել ենք նաև լրամշակված տարբերակի համար: Օրենքում օգտագործվող հասկացությունների մասում նույնպես կլրացնեն այդ հասկացությունը և քաղաքացիական անհնազանդություն ասելով, մենք հասկանում ենք այն հնարավորությունը, որը մարդիկ կարող են օգտագործել և կազմակերպել այս կամ այն քաղաքականության դեմ, որը վարվում է Կառավարության կամ իշխանության կողմից: Եվ անկախ նրանից, թե ինչ կարող է տեղի ունենալ ՀՀ-ում, մենք փորձում ենք բարելավել ներդրումային միջավայրը և ներդրողներին  ասում ենք, որ անկախ նրանից՝ ինչ է տեղի ունենում մեր երկրում, մենք ձեզ այդ ռիսկերից ապահովագրում ենք, և այդ իրավիճակը բարելավելուն են միտված այս փոփոխությունները»: 

Բաբկեն Թունյանը դիմեց գործընկերներին՝ խնդրելով կողմ քվեարկել նախագծին. «Օրենքը մեկ ամիս առաջ դրվել է շրջանառության: Այս ընթացքում պատգամավորների կողմից չեն եղել գրավոր առաջարկներ: Հանձնաժողովի նիստից կարճ ժամանակ առաջ Կառավարությունը ներկայացրել է փոփոխությունները: Հանձնաժողովի նիստի ընթացքում ընդդիմադիր գործընկերները առաջարկել են հետ ուղարկել նախագիծը՝ հաշվի առենլով, որ ժամանակ չեն ունեցել ծանոթանալ այդ փոփոխություններին: Մենք առաջարկել ենք հետ ուղարկելու փոխարեն նախնական տարբերակը քննարկել»,- նշեց նա:

Փոխնախարար Հովհաննես Հարությունյանն եզրափակիչ խոսքում ասաց. «Կարևոր է ՀՀ-ում ստեղծել այնպիսի միջավայր, որը պետք է բարելավի նեդրումային հարաբերությունները: ՀՀ կառավարություը պետք է անի և անում է ամեն ինչ, որպեսզի պատասխանատու հանքարդյուանբերություն եզրույթն իրական դառնա հանքարդյունաբերության ոլորտում: Պետք է հավաստիացնեմ քաղհասարակության ներկայացուցիչներին, որ ամենօրյա աշխատանքով մենք անելու ենք այն բոլոր փոխոփությունները, որոնք ի վերջո բերելու են դաշտի բարելավմանը, և իրենց մտահոգություններն, ի վերջո, թե՛ կարգավորվեն և թե՛ կառավարվեն»:

Ապրիլ 12, 2022 at 13:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր