

2022թ. սեպտեմբերի 14-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին՝ պարզելու, թե ինչ վիճակում են գտնվում ՀՀ-ում առկա ապաստարաններն ու թաքստոցները, ինչպես նաև իր աջակցությունն էր արտահայտել նախարարությանը՝ բնակչությանն անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման առումով:
«Այս օրերին, երբ Ադրբեջանը կրակի տակ է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքը, թիկունքում ապրող բնակչությունը կարիք ունի մասնագետների և իրավասու մարմինների հետ օպերատիվ աշխատանքի: Ողջունելի է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսանյութեր է տարածում օդային տագնապի դեպքում անհրաժեշտ քայլերի մասին, սակայն հասարակության շրջանում առկա չէ բավարար տեղեկատվություն ապաստարանների և թաքստոցների գտնվելու վայրերի մասին:
Հատկապես խոցելի են սահմանամերձ, ինչպես նաև ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու բնակավայրերը, որտեղ առկա չեն հակաճառագայթային թաքստոցներ, չկան ճառագայթային վտանգից պաշտպանվելու անհատական պաշտպանության միջոցներ, կայուն յոդի պատրաստուկներ, որոնք ՀՀ կառավարության 2005թ․ դեկտեմբերի 22-ի N 2328-Ն «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան)» որոշմամբ պետք է Արմավիրի և Արագածոտնի մարզպետարաններին հատկացնի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությունը:
Առաջարկում ենք, որպեսզի ինչպես Հայաստանի բոլոր մարզերի բնակավայրերում, այնպես էլ Երևանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ տեղերում իրազեկման աշխատանքներ իրականացնեն բնակչության շրջանում օդային տագնապի դեպքում անհրաժեշտ քայլերի մասին, իրազեկեն, թե որտեղ են գտնվում տվյալ տարածքի թաքստոցները և այլն, որպեսզի բարձրացվի ազգաբնակչության տեղեկացվածությունը և բարձրանա նրանց վստահությունը պետական մարմինների նկատմամբ: Զուր չեն ասում, եթե տեղեկացված ես, ապա պաշտպանված ես:
Առաջարկում ենք օպերատիվ կարգով միջոցներ ձեռնարկել Արմավիրի և Արագածոտնի մարզերում՝ 25 բնակավայրերում, տեղի բնակչության ճառագայթային անվտանգության ապահովման համար:
Եթե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ռեսուրսները չեն բավարարում ապաստարանները և թաքստոցները կարգի բերելու կամ իրազեկման աշխատանքներ կատարելու հարցում, առաջարկում ենք հայտարարել մոբիլիզացիա, որպեսզի ՀՀ քաղաքացիները՝ որպես կամավորներ, ընդգրկվեն այդ աշխատանքներում: Մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում մեր կարողությունների սահմաններում աջակցել նախարարությանը»,- նշված էր «ԷկոԼուրի» հարցման մեջ:
Ի պատասխան՝ 2022թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը գրությամբ հայտնել է, որ ներկայում իրականացվում են բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների պատսպարման վայրերի ուսումնասիրություններ, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվում են աշխատանքներ բնակիչներին իրենց պատսպարման վայրերի ծանուցման ուղղությամբ:
«Հայտնում եմ Ձեզ, որ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն իրականացնում են սահմանամերձ և թիկունքում ապրող բնակչության, կազմակերպությունների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների անհրաժեշտ մեթոդական ու մասնագիտական օգնության ցուցաբերման աշխատանքներ: Պարբերական այցելությունների միջոցով իրականացվում են բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների պատսպարման վայրերի ուսումնասիրություններ՝ առկա թերությունները պատասխանատու կառույցների պաշտոնատար անձանց հետ քննարկելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով, ինչպես նաև տրամադրվում են անհրաժեշտ հուշաթերթիկներ իրավիճակի տարբեր պայմաններում վարվելակերպի կանոնների մասին: Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվում են աշխատանքներ բնակիչներին իրենց պատսպարման վայրերի ծանուցման ուղղությամբ (բնակելի շենքերի շքամուտքերում փակցվում են հուշաթերթիկներ և այլ տեղեկատու նյութեր):
Հայտնում ենք մեր երախտագիտությունը Ձեր կողմից ցուցաբերված պատրաստակամության համար:
Միաժամանակ Ձեզ ենք տրամադրում օդային տագնապի դեպքում բնակչության գործողությունների իրազեկման թերթիկները՝ անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ կառույցներին տրամադրելու համար»,- նշված է նախարարության կողմից ուղարկված նամակի մեջ:
Սեպտեմբեր 30, 2022 at 16:17