Հասարակական կազմակերպությունները 2022թ. օգոստոսի 15-ին նամակով դիմել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ պահանջելով չեղյալ ճանաչել «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ին տրված Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրում կամերալ ուսումնասիրություններ կատարելու թույլտվությունն ու պայմանագիրը:
Գնել Սանոսյանին հասցեագրված նամակում նշված է.
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.02.2021թ-ի հրամանով «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ին 3 տարի ժամկետով տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ29/309 թույլտվությունը Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի 02.06.2009թ-ի դրությամբ հաստատված կոնդիցիաների պարամետրերի և պաշարների վերագնահատման աշխատանքների իրականացման համար: Այս թույլտվությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) տվել է` առանց ունենալու Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննական դրական եզրակացությունը, քանի որ Շրջակա միջավայրի նախարարությունից ՏԿԵՆ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ընկերության գործունեությունը գրասենյակային է, ուստի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա չէ:
Այդպիսով, առանց փորձաքննական գործընթացի և առանց հանրային քննարկումների ընկերությունը ստացել է երկրաբանական ուսումնասիրությունների ԵՀԹ29/309 թույլտվությունը, որից հետո դիմել է ԵՀԹ29/309 թույլտվության սահմաններում կատարելու լրացում և պայմանագրում կատարելու փոփոխություն՝ եղած պարտավորություններին ավելացնել մինչև 2500մ3 փորձնական հանույթ տեխնոլոգիական փորձարկումներ կատարելու համար: ՀՀ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի փորձնական հանույթի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում նշված է, որ աշխատանքները տևելու են 4-5 ամիս՝ առաջացնելով նոր բաց հանք: Նշենք, որ այս գործընթացը ենթակա է բնապահպանական փորձաքննության: Այս գործընթացն արդեն սկսված է: ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մարզադաշտում օգոստոսի 18-ին «Մետալ Գոլդ» ընկերությունը կազմակերպում է հանրային քննարկում՝ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի փորձնական հանույթի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ:
Օրենքով սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացություն ստանալուց հետո միայն ՏԿԵՆ-ը ընդերքօգտագործողին կարող է տալ երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն և կնքել պայմանագիր, ինչը նշանակում է, որ ՏԿԵՆ-ի տված ԵՀԹ29/309 կամերալ ուսումնասիրությունների թույլտվությունը և պայմանագիրը պետք է չեղյալ ճանաչվեն, և «Մետալ Գոլդ» ընկերությունը օգոստոսի 18-ին՝ ժամը 18։00-ին, սկսվի նոր թույլտվության տրամադրման գործընթաց:
Հարգելի պարոն Սանոսյան,
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ «Մետալ Գոլդ» ընկերությանը տրված ԵՀԹ29/309 կամերալ ուսումնասիրությունների թույլտվությունը և պայմանագիրը չեղյալ ճանաչելու պահանջով:
Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Ռոզա Ջուլհակյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Վիկտորյա Բուռնազյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ
Նազելի Վարդանյան՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ
Սոնա Այվազյան՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ
Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Թեհմինե Ենոքյան՝ «Կանաչ Հայաստան» ՀԿ
Հայկուհի Առաքելյան՝ «Վայոց ձորի էվոլյուցիա» ՀԿ»:
Օգոստոս 15, 2022 at 14:37