Քաղհասարակությունը պահանջում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից մերժել Թեժասարի հանքավայրի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման հայտը

Քաղհասարակությունը պահանջում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից մերժել Թեժասարի հանքավայրի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման հայտը

Սույն թվականի օգոստոսի 11-ին ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում տեղի ունեցավ «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատմանն անհրաժեշտ ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային քննարկումը: Հանրային քննարկմանը մասնակցեցին Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավար Վոլոդյա Հովհաննիսյանը և տեղի բնակիչները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Գոհար Մինասյանը, «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Հովհաննես Բարսեղյանը, «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի խորհրդատու Զարուհի Չուռնաչյանը («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին փորձագետ), «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, Ինգա Զարաֆյանը և «ԷկոԼուր»-ի թիմը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և թիմը, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամներ Մովսես Մանուկյանը, Արսեն Արսենյանը, տեղի բնակիչներ:

Քննարկման արդյունքում տեղի բնակիչները դեմ արտահայտվեցին Թեժասարի հանքավայրի պաշարների վերագնահատման հայտին: Նրանք կազմեցին հայտի մերժման գրավոր դիմում՝ ուղղված Ծաղկաձորի ՏԻՄ-ին, որի ներքո հավաքարգրեցին ստորագրություններ:

Մենք՝ հանրային լսումների մասնակիցներս, ի դեմս «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, Ինգա Զարաֆյանի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի, «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամներ Մովսես Մանուկյանի և Արսեն Արսենյանի, դիմում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման հայտի մերժման պահանջով:

Հիմնավորում

  1. Ծրագրի վերաբերյալ տեղի բնակիչների բացասական կարծիքը, որը հնչեցվեց Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատմանն անհրաժեշտ ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային քննարկման ժամանակ և հաստատվեց մերժման դիմումով ու ստորագրություններով, հանդիսանում է հայտի մերժման համար բավարար հիմք:
  2. Հայտում աղավաղված ձևով են ներկայացված հանքավայրի՝ խորհրդային տարիներին չշահագործման պատճառները՝ 117 միլիոն ռուբլի ծախսերի պարագայում: Մասնավորապես, հայտի 5-րդ էջում նշված է. «1958 թվականին Հայաստանի կառավարությունը ԽՍՀՄ Պետպլան է ներկայացրել տեխնիկա-տնտեսական զեկույց նեֆելինային սիենիտների արդյունաբերական օգտագործման արդյունավետության մասին։ Ընդունվող որոշումների գիտական խորհրդատվությունն իրականացվել է ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս Մ․ Գ․ Մանվելյանի կողմից։ Այդուհանդերձ ալյումինի օքսիդի ստացման փորձնական տեղակայման կառուցվածքը և մասշտաբները հնարավորություն չեն տվել ամբողջությամբ մոդելավորելու արդյունաբերական համակարգը։ Ամբողջական փակ շղթայով այս գործընթացը կիսագործարանային պայմաններում չի վերարտադրվել»:

Իրականում, ըստ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի (Деловой экспресс, 2005, N 21), խորհրդային տարիներին Թեժասարի նախագիծը մերժվել է բարձր ռիսկերի և անկատար տեխնոլոգիաների պատճառով: Նա, մասնավորապես, նշել է.  «Թեպետ այդ ժամանակ ծրագրի համար արդեն իսկ ծախսվել էր ավելի քան 117 միլիոն ռուբլի, սակայն ծրագիրը կյանքի չկոչվեց…Եթե կոմբինատն աշխատի, ապա 15-20 կմ շառավղով ամբողջ բուսականությունը կոչնչանա…Կոմբինատը կառուցվել էր մի վայրում, որտեղ ամեն տարի հանգստանում էր 50 հազար երեխա…Թափոններից ռիսկի կենթարկվեր ոչ միայն մթնոլորտը, այլև ջուրը…Կոմբինատի թափոնները պետք էր թաղել թափոնների պատիճային եղանակով, ինչպես միջուկային թափոնների դեպքում է»:

  1. Հայտում ամրագրված է. «Ելնելով հանքարդյունաբերությունում ժամանակակից տեխնիկայի, հումքի հանույթի և վերամշակման տեխնոլոգիայի կիրառման հնարավորություններից՝ կկատարվի նեֆելինային սիենիտների և օգտակար մյուս հանածոների պաշարների նոր հաշվարկ, ու վերագնահատման արդյունքները կներկայացվի ընդերքաբանական նոր փորձաքննության»: Հիմնվելով հայտում նշված «նոր տեխնոլոգիաների» մասին պնդման վրա՝ հանրային քննարկման մասնակիցները հետաքրքրվեցին այդ տեխնոլոգիաների մասին՝ ռիսկերի նվազեցման առումով: Սակայն ոչ մի պատասխան չստացան «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նոր տեխնոլոգիաների ներդրման մասին հստակ տեղեկատվություն չկա:
  2. Հայտում նշված է, որ արդյունքներով հաստատված պաշարների հիման վրա պետք է կազմվի նախագիծ Թեժագետի տեղամասի նեֆելինային սիենիտների արդյունահանման համար: Այս դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը պետք է լիներ ավելի քան բավարար մասնագիտական խորությամբ և պետք է իրականացված լիներ ռազմավարական էկոլոգիական գնահատում, ինչը չի արվել:
  3. Քանի որ հայցվող շրջանում արդեն իսկ գործում են մետաղական հանքավայրեր և դրանց հումքի վերամշակման գործարան, անհրաժեշտ էր գործունեության ազդեցության վերաբերյալ տալ գումարային (կոմուլյատիվ) գնահատական, ինչը չի արվել:
  4. Ընկերության կողմից չեն իրականացվել դաշտային հետազոտություններ՝ պարզելու համար հայցվող տեղամասում կարմիրգրքյան բուսական և կենդանական տեսակների առկայությունը: Ըստ ընկերության հայտի՝ հայցվող տեղամասում բուսական և կենդանական կարմիրգրքյան տեսակները բացակայում են: Մինչդեռ, ըստ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի, հանքավայրի տարածքում կարող են հանդիպել գիշատիչ թռչունների տեսակներ, օրինակ՝ Տափաստանային արծիվը: Այս տարածքները միգրացիոն միջանցքներ են ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների համար:
  5. Չնայած այն հանգամանքին, որ Գ.Պ. Ալոյանի «РЕСУРСНЫЙ ПОТЕНЦИАЛ РАДИОАКТИВНОГО СЫРЬЯ АРМЕНИИ И ПЕРСПЕКТИВЫ ЕГО ОСВОЕНИЯ » գիտական հոդվածում («ГОРНЫЙ ЖУРНАЛ, 2007, № 6 35 УДК 533.04:553.495 ©) միանշանակ արձանագրված է, որ Թեժասարի հանքավայրի հանքաքարում ուրանի պարունակությունը հասնում է 0,09%-ի, ընկերության հայտում ռադիոակտիվ նյութերի պարունակության մասին խոսք չկա: Բացի ուրանից և թորիումից գրանցվել են ցերիումի և հազվագյուտ էլեմենտների բարձր պարունակություններ, որոնք կլինեն նաև դատարկ ապարներում:

Ինգա Զարաֆյան՝ ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Հակոբ Սանասարյան՝ «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ

Սիլվա Ադամյան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ

Մովսես Մանուկյան՝ «Առողջ Հրազդան» բնապահպանական խումբ

Արսեն Արսենյան՝ «Առողջ Հրազդան» բնապահպանական խումբ

Օգոստոս 15, 2022 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր