«Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ն, որն իրականացնում է «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագիրը, կստանա ջրօգտագործման թույլտվություն: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Սևակ Մաթիլյանը:
«Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչություն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում կոմունալ-կենցաղային/տնտեսական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 0.1354 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստանալու համար:
ԷկոԼուրի այն դիտարկմանը, թե «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման համար տրված փորձաքննական դրական եզրակացության ժամկետը լրացել է, ինչի մասին իր նամում հաստատել է նաև Շրջակա միջավայրի փոխնախարարը, և նման պայմաններում հնարավո՞ր է ընկերության գործունեության համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրել՝ Սևակ Մաթիլյանն արձագանքեց. «Ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվության հայտը արևային կայանի կառուցման հետ կապված չէ: Այն տրվելու է կոմունալ-կենցաղային նպատակներով, ընկերության աշխատակիցների համար: Հայտի մեջ արևային կայանի մասին նշված չէ: Սա միայն նրանով է կապված արևային կայանի հետ, որ ջրօգտագործման թույլտվության համար դիմել է արևային կայանը կառուցող «Էֆարվի Մասրիկ» ընկերությունը: Ընկերությունը կարող է այդ ջուրն անգամ ծառատունկի համար օգտագործել, կամ պարզապես արևային կայանը չկառուցել, բայց իր հայտը մերժելու հիմք մենք չունենք: Այս թույլտվությունը ընկերության փորձաքննական եզրակացության կամ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության հետ առնչություն չունի», -ասաց նա:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրը դիմել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ԲՓ 000061 փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու առաջարկով: Ի պատասխան ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը 05.10.2022թ. N 3/07.4/13313 նամակով հայտնել է. «Ի պատասխան Ձեր 2022 թվականի սեպտեմբերի 9-ի գրության՝ տեղեկացնում եմ, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածի 7-րդ մասի՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Փորձաքննական եզրակացություն օրենքի ուժով համարվում է ուժը կորցրած: Համաձայն օրենքի նույն հոդվածի 6-րդ կետի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը»:
Հոկտեմբեր 10, 2022 at 17:18