Սեմինար-քննարկում․ Հայաստանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով

Սեմինար-քննարկում․ Հայաստանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Շենքերի ոլորտում ՉՀՀ (Չափողականություն, հաշվետվայնություն ու հավաստագրում) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» սեմինար-քննարկումը։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն (2017-2023) իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:

Միջոցառման ժամանակ անդրադարձ եղավ շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) սերտիֆիկատի նոր ձևանմուշի մշակման, Հայաստանում իրավական դաշտի հարմարվողականության, նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերի պարտադիր սերտիֆիկացման ու շինարարական նորմերի վերանայման և այլ հարցերի։

Միջոցառմանը հրավիրված միջազգային փորձագետներ Ստանիսլավ Անդրեևը և Ցվետոմիրա Կուլևսկան ներկայացրին շենքերի ոլորտում ՉՀՀ համակարգի ներդրման եվրոպական փորձը։

«Միջազգային փորձագետները կոնկրետ առաջարկներ կներկայացնեն և օգնություն ցույց կտան հայաստանյան մասնագետներին, որպեսզի կարողանանք Հայաստանի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել միջազգային նորմերին»,-իր խոսքում ասում է ծրագրի փորձագետ-խորհրդատու Տիգրան Սեկոյանը։

Նրա խոսքով, էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի հիմնական խնդիրը Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգիայի սպառումը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է․ «Մենք փորձում ենք այս ծրագրով ապահովել մատչելի, հուսալի և կայուն էներգիա բոլորի համար։ Խթանելով ներդրումները՝ շուրջ 20 տարվա ընթացքում նախատեսում ենք 1.4 մլն. տ CO2 կրճատում, «կանաչ» աշխատատեղերի ստեղծում, աղքատության կրճատում»։

Ստանիսլավ Անդրեևն ասում է, որ Հայաստանի համար իրենց խորհուրդները հիմնված են տարբեր վերլուծությունների վրա։

«Առանց պատասխանատվություն ստանձնող մարմնի գործընթացը չի կարող գործարկվել,  նաև կարևոր է ոլորտում ունենալ վերապատրաստված էներգետիկ աուդիտորներ։ Շենքերի սերտիֆիկացումը որոշակի փուլում պետք է դառնա պարտադիր, ինչը հնարավոր կլինի հետևողական աշխատանքի արդյունքում»,- ասում է Ստանիսլավ Անդրեևը։

Ցվետոմիրա Կուլևսկայի խոսքով՝ իրենց առաջիկա աշխատանքները կենտրոնացված են լինելու օրենսդրական հարցերի շուրջ՝ օգնելու Հայաստանին կարգավորել առանջային էներգիայի, արտանետումների, սերտիֆիկացման պահանջների, գրեթե զրոյական էներգասպառման շենքերի սահմանման և այլ հարցերի։

Մասնագետների հաջորդ այցը Հայաստան նախատեսվում է նոյեմբերին, որի ժամանակ հիմնականում քննարկվելու են տեխնիկական հարցեր։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ

Սեպտեմբեր 30, 2022 at 13:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր